Զոհվածի մայրը երազ է տեսնում՝ որդին թաղված է ծառի տակ. երազի միջոցով 5 ամիս անց Կարենի դին գտնվում է
44-օրյա պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայող Կարեն Կարապետյանի դին ընտանիքը գտավ նրա զոհվելուց միայն 5 ամիս անց՝ նրա մոր տեսած երազի միջոցով: Կարենը դասվեց այն հերոսների շարքին, որոնք կռվեցին անձնվիրաբար՝ հանուն հայրենիքի պաշտպանության:
«Ամիսներ շարունակ, ինչպես հազարավոր մայրեր, Կարենի մայրը ևս փնտրում էր իր որդուն ու, ցավոք սրտի, չէր գտնում։ Վերջին ամիսներին Կարենի մայրն ու եղբոր դուստրը պարբերաբար նույն երազն էին տեսնում. նա զոհված և թաղված է Մարտունի 2-ի դիրքերից քիչ այն կողմ գտնվող ծառի տակ։ Կարմիր Խաչի միջնորդությամբ այդ տարածք կարողանում են մուտք գործել միայն մարտի 18-ին, քանի որ այն արդեն գտնվում էր Ադրբեջանի վերահսկողության տակ: Խաղաղապահների հետ որոնողական աշխատանքների ժամանակ Կարենիս եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն ու հենց այդ ծառի տակ թաղված դին։ Մարտի 27-ին արդեն գալիս է ԴՆԹ պատասխանը, այն դրական էր։ Զինակից ընկերներն են իր սաղավարտով Կարենին թաղել այդ ծառի տակ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց զոհված հերոսի հորաքույրը՝ Կարինե Կարապետյանը:
Հերոսի ընտանիքը մեծ է, նրանք 9 երեխա են, որոնցից երկուսը զոհվեցին: Կարենի ավագ եղբայրը զոհվել է 2014 թվականին ժամկետային զինծառայության ընթացքում, ինչպես հորաքույրն է նշում, զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով. «Ցավոք, ընտանիքում կա արդեն 2-րդ զոհը՝ Կարենս: Ես իրեն ուրիշ ձև էի սիրում, ինքը իմ համար ուրիշ էր: Շատ բարի էր, ընկերասեր, մարդամոտ ու, որ ամենակարևորն է, դաստիարակված: Միշտ հարցնում էի՝ Կար ջան, ի՞նչ գնեմ քո համար, որտե՞ղ գնանք, դու մենակ ասա, բայց այնքան զուսպ երեխա էր, որ ասում էր՝ հո՛ք ջան, ապրես, բայց բան չեմ ուզում, ոչնչի կարիք չունեմ»,- արտասվելով պատմում է հորաքույրը:
Կարենը զինծառայության է զորակոչվել 2020 թվականի հունվարին Մարտունի 2-ում, նա շատ ոգևորված էր, որ պետք է ծառայի հայրենիքին: Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է դիրքերում. «Կարենս 31 օր շարունակ քաջաբար կռվել է, ամեն օր զանգահարում էր տուն, շատ բաձր տրամադրություն ուներ, ու միշտ խոսում էր ինձ հետ»,- ասաց հորաքույրը:
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 27-ի Կարենի զանգն այլ էր, նման չէր մնացած օրերի հեռախոսազանգերին. «Կարենը շատ անհանգիստ էր, չգիտեմ՝ երեխեքը ինչ վատ վիճակում էին հայտնվել այդ օրը, ասաց՝ մա՛մ ջան, խնդրում եմ մենակ աղոթեք մեր համար, ասաց ու անջատեց հեռախոսը»,- պատմեց Կարինեն:
Կարենը զոհվում է հենց հոկտեմբերի 27-ին, երբ տանեցիներին խնդրում է, որ աղոթեն իր համար: Այսօր էլ ընտանիքի անդամները հստակ չգիտեն պատճառը, թե ինչից է զոհվել իրենց զավակը, սակայն կա 2 վարկած. «Ասում են թուրքը եկել է մեր դիրքեր ու դանակահարել Կարենիս, մեկ էլ մեզ հասել է, թե ստացել է հրազենային վնասվածք, ինչի ձայնի պատճառով էլ արթնացել են մնացած տղերքը ու կանխել թուրքերի առաջխաղացումը»,- մեծ ցավով նշեց հերոսի հորաքույրը:
Մեզ հետ զրույցում Կարինեն հավելեց, որ մինչև այսօր էլ նրա ծառայակից ընկերները փնտրում են Կարենի հարազատներին, ցավակցում և պատմում նրա հերոսությունների մասին. «Այսօր ինձ մի տղա գրեց, ասաց, որ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 22-ը միասին են եղել սահմանին, Կարենիս հետ լուսանկար ուղարկեց ու ասաց, որ ռազմի դաշտում շատ խիզախ է եղել տղաս, հայրենասեր և բարի: Անծանոթը պատմեց, որ ինքը քնապարկ չի ունեցել, սակայն արթնացել է քնապարկի մեջ, և իր հարցին, թե որտեղից այն, տղաները պատասխանել են՝ Կարենն է իրենը տվել»,- հպարտությամբ, բայցև խորը ափսոսանքով պատմում է Կարինեն: