Ուխտագնացություն Շուշի՝ ըստ ֆիդայինների
Աֆոյի երգն ավելի շատ հաղթական մարտ էր, քան երգ: Միայն արվեստով անկարելի էր լսողների մեջ նման ոգի կենդանագրել, որ Աստծո շնորհով ու զորությամբ կարողանում էր անել Աֆոն: Աֆոյի երգով ասես հանդիպում էիր ապուպապերիդ, կենդանանում էին Անդրանիկն ու Աղբյուր Սերոբը, մեր մյուս ֆիդայիները, և ոգի դարձած շրջում մեր մեջ: Որովհետև մեր մեծերը միայն անցավոր մարմնով են մեռած, սակայն հոգով կենդանի են, և եթե հավատաս` անմիջապես քո կողքին կլինեն` հաստատելով մեկ ազգ ու մեկ ժողովուրդ լինելու արքայական նվիրականությունը: Աֆոյի երգ-արդար մարտը, երգ-հաղթանակը կենդանի կյանք էր, կենդանի հավատ, արծվի իմացական թռիչք, մեզ ու մեր մեծերին հանդիպեցնող, նրանց հետ հաշտեցնող, նրանց բանակից դարձնող երկնային նվիրակ, և դա ամենևին պատահական չէր, որովհետև այդ նույն` արդար երգի հաղթանակը տեսնում ենք նաև Աֆոյի ուխտագնացության մեջ, որը եղավ դեպի գերեվարված Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի…… Մի շաբաթ էր անցել, երբ Էլչիբեյն իր զորքով մեր Շուշի քաղաք էր մտել, հայերին արտաքսել էր և քաղաքը բնակեցրել ադրբեջանցիներով: Շուշիում այլևս ոչ մի հայ չէր մնացել: Գուցե միայն գերիներ: Շուշեցի փախստականները տեղափոխվել էին Ստեփանակերտի հյուրանոց: Այս ամենին արդեն տեղյակ էր կենսաբանական գիտությունների թեկնածու Ալֆրեդ Ներսիսյանը` Աֆոն: Նա Երևանից Ստեփանակերտ մեկնեց փախստական շուշեցիներին օգնելու համար: Երևանից Ստեփանակերտ էին եկել նաև արձակագիր Վրեժ Իսրայելյանը և լրագրող, բանաստեղծ, արվեստաբան Սպարտակ Ղարաբաղցյանը: Երեքով տաքսի վարձեցին ու գնացին Բերդաձոր` ընկերներից մեկին` Թաթուլին տեսության: Թաթուլն օդաչու հյուր ուներ, որ ետդարձին միացավ մեր տղերքին` Ստեփանակերտ հասնելու և այնտեղից էլ իր ծառայության վայրը մեկնելու համար: Ետդարձին Աֆոն առաջարկեց ուխտի գնալ Շուշիի Ղազանչեցոց սքանչելի եկեղեցին: Տղերքն ընդդիմացան, թե` երբ քաղաքն ազատագրենք, այն ժամանակ էլ ուխտի կգնանք: Սակայն Աֆոյի հարցից, թե` «կարող է՞ վախենում եք, տղերք», օդաչուն ու վարորդը մտափոխվեցին, որոշեցին գնալ: Նրանց ունեցած մեկ հատիկ զենքն Աֆոյի կարճ սուրն էր, որ Էլչիբեյի բանակի, ավտոմատների ու զրահամեքենաների դեմ քիչ հավանական էր, որ պետք գար… Աստված պահապան ու առաջնորդ…
Քաղաքն արդեն մոտ էր, բայց ահա երկու զրահամեքենա փակել էին ճանապարհը: Դրանց մոտ էլ ռուս ու ադրբեջանցի զինվորներ էին խռնվել: Տեսնելով, որ մոտեցող տաքսու համարանիշն ադրբեջանական է, զրահամեքենաները մի փոքր ետ քաշվեցին ու ճանապարհ բացեցին: Ոչ կանգնեցրին տաքսին, ոչ էլ փաստաթուղթ պահանջեցին: Զրահամեքենաներից քիչ հեռու թուրքերը հավելյալ ուղեփակոց էլ էին դրել, մոտն էլ զինվորներ կային: Տեսնելով, որ զրահամեքենաները տաքսու առջև ճանապարհը բացեցին, ուղեփակոցի զինված մարդիկ գուցե մտածեցին, որ տաքսին թուրք նոր բնակիչներ է բերում, և իրենք ևս բացեցին ուղեփակոցն ու… ճանապարհն ազատվեց: Քիչ անց մտան Շուշի, ուր արդեն հայեր չկային: Հայերի տներում թուրքեր էին բնակվում, փողոցներում միայն թուրք զինվորներ ու վերաբնակիչներ էին: Աֆոն մինչև գոտկատեղը դուրս ելավ մեքենայի պատուհանից ու կարճ սուրը թափահարելով սկսեց Անդրանիկ զորավարի մասին երգ երգել. -Անդրանիկը քաջ, իր զինվորներով……. Շուշիի փողոցներում սլանում էր հայ մտավորական մեր ուխտագնացների տաքսին և լսվում էին Աֆոյի հայրենասիրական, հաղթ երգերը: Թուրքերը շփոթի մեջ ընկած լսում ու նայում էին: Բայց… Ո՞ւմ մտքով կանցներ, որ հայերի այս փոքր խումբը պատերազմական բոլոր կանոններն արհամարհելով, օրը ցերեկով կհամարձակվեր Շուշի մտնել, որպեսզի իր գերեվար եկեղեցին այցելի… Հայի Աստվածն ուրիշ է: Հայը կարող է, որովհետև զարմ է Սասնա Դավթի և Անդրանիկի, ընտիր անունների` Արաբոյի, Գևորգ Չաուշի, Մախլուտոյի` զենքով ու երգով պատարագվելու պատրաստ մեր ֆիդայիների: Թուրքերը լսում էին հայոց լեզվով մարտական երգերը, որ ուղեկցվում էին կարճ սրի ռիթմիկ թափահարումներով, լսում, ապշած նայում, բայց ոչինչ չէին նախաձեռնում: Հասան եկեղեցի… – Հարկ է, որ եկեղեցու շուրջ երեք անգամ պտտվենք, որպեսզի մեր ուխտն ընդունելի լինի, – առաջարկեց Աֆոն: – Թուրքերը հիմի գլխի ընկած կլինեն, – զգուշացան տղերքը, – երբ Շուշին ազատագրենք, այն ժամանակ կգանք, մեր կիսատ ուխտը կլրացնենք: Այսօր այսքանն էլ բավական է: Համբուրեցին եկեղեցու պատը, խաչակնքեցին, և տաքսին ետ սլացավ, սակայն այժմ երկրորդ` ամենակարճ ճանապարհով, որ դարավանդով կտրուկ իջնում էր վար` դեպի Ստեփանակերտ: Դարավանդի վրա ճանապարհը երկու զրահամեքենայով արդեն փակված էր: Կար նաև Շուշիից ռացիայով պահակախմբերին զգուշացրած լինելու տարբերակը: Եվ վերջապես` անկարելի էր, որ դեպի Ստեփանակերտ իջնող որևէ մեքենա առանց ստուգելու բաց թողնեին: Աֆոն վարորդին պատվիրեց դանդաղ մոտենալ, որ պահակախումբը ժամանակից շուտ զենքի չդիմի, ապա հրահանգեց հանկարծակի արագություն հավաքել և թեքվել արտերի մեջ, շրջանցել զրահամեքենանրն ու պահակախումբը: Վարորդն այդպես էլ արեց… Թուրքերը սկսեցին կրակել, սակայն այդ պահին մեքենան հայտնվեց ճանապարհի այն մասում, ուր դարավանդը կտրուկ թեքվում էր վար: Այդպես տաքսին հանկարծակի անհետացավ դարավանդից ներքև ու կորավ թուրքերի տեսադաշտից: Մերոնք անվնաս հասան Ստեփանակերտ, իսկ ուխտագնացույթունն իրականացված էր…