Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Շուշիի համար կյանքը տված զինվորի՝ Արամ Թորոսյանի պատմությունը

Հունիսի 21, 2023

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արամ Թորոսյանի մայրը՝ Թագուհի Արիստակեսյանը, պատմում է, որ որդին 23 օր մնացել է շրջափակման մեջ, պատերազմի 43-րդ օրը երկու անգամ վիրավորում է ստացել. մեկը՝ առավոտյան, մյուսը՝ երեկոյան:

Երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը, Արամ Թորոսյանը երկու ամսվա զինծառայող էր: Արամն ու իր նման նորակոչիկ տղաները Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում պատմություններ են կերտել:

Արցախի հանդեպ Արամի սերը նկատվել է այն ժամանակ, երբ ֆուտբոլ էր պարապում և մրցաշարերի ժամանակ հաճախ էր Արցախ գնում: Ապագա բժիշկը մինչև վերջ կռվել է ու հավատացել, որ Շուշին չի ընկնելու:

«Արամս, երբ առաջին անգամ գնաց Արցախ, ասաց՝ մամ, ես հիացած եմ Արցախով, հենց բժշկական համալսարանն ավարտեմ, գնալու եմ՝ Արցախում ատամնաբույժ աշխատեմ:

Շատ էր սիրում Արցախը և մինչև վերջին շունչը կռվեց իր սիրելի Արցախի համար: Ամուսինս Թբիլիսիում ընկերներ ուներ, որոշել էին Արամիս Վրաստանում գրանցել, արդեն բոլոր թղթերը պատրաստ էին, մնում էր՝ ինքը գնար ու ստորագրեր: Կտրականապես հրաժարվեց, ասաց՝ ես անպայման ծառայելու եմ հայկական բանակում: Դեռ փոքրուց ասում էր՝ ես անպայման ծառայելու եմ:

Երբ զորակոչի ժամանակ Հադրութ ընկավ, սկսեցի լաց լինել, ասաց՝ մա՛մ, եթե Հայաստան էլ ընկնեի, միևնույն է, կամավոր Արցախ էի գնալու: Ծառայությունը լավ էր անցնում…

Սեպտեմբերի 27-ին սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Պատերազմի առաջին օրվանից մասնակցել է թեժ մարտերի, ոչ ոք հաշվի չի առել, որ նորակոչիկ է, մասնակցել է Հադրութի, Վարանդայի, Ջրականի, Քարինտակի և Շուշիի մարտերին:

Քարինտակում 23 օր մնացել է շրջափակման մեջ: Հայրը գիտեր, որ Արամս շրջափակման մեջ էր, զանգել էր հորը և ասել, որ 23 օր մենք շրջափակման մեջ ենք եղել: Ամուսինս խորհուրդներ էր տվել, մի խոսքով՝ կարողացել էին դուրս գալ շրջափակումից: Էդքանից հետո Շուշիի մարտերին է մասնակցել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արամ Թորոսյանի մայրը՝ Թագուհի Արիստակեսյանը:

Տիկին Թագուհին պատմում է, որ պատերազմի օրերին ամեն օր զանգում էր, չի եղել մի օր, որ չզանգի… «Լացում էի, ասում՝ Արամ ջան, զգույշ կլինես, ասում էր՝ մամ ջան, մի լացի, ու ծիծաղում էր: Անգամ ամենադժվարին իրավիճակում ժպիտն անպակաս էր դեմքից: Եթե դուք նայել եք WarGonzo-ի տեսանյութը Շուշիի մատույցներից 44-օրյա պատերազմի ժամանակ, ապա չեք կարող նկատած չլինել Արամի ժպիտը: Ռուսական ալիքներն այդ տեսանյութը անվանեցին «Ժպտացող զինվորը»: Զենքերը կրակում էին, ռումբերն ընկնում ոռնոցով, իսկ հայ զինվորը ժպտում էր լայնաշուրթ: Թուրքական «բայրաքթարների», հատուկ պատրաստություն անցած վարձկանների ու ադրբեջանական անհատնում ոհմակի դեմ նրա ժպիտն ասում էր՝ մենք չենք վախենում մահից, Շուշիի համար կռվելու ենք մինչև արյան վերջին կաթիլն ու հաղթելու ենք»,-ասում է հերոսի մայրը։

Արամ Թորոսյանը պատերազմի 43-րդ օրը երկու անգամ վիրավորում է ստանում. մեկը՝ առավոտյան, մյուսը՝ երեկոյան: «Մինչև իրիկունը 23:30 մեզ հետ խոսել է, մեզ միշտ դուխ է տվել, մինչև վերջ ասել է, որ հաղթելու ենք, ասում էր՝ մամա ջան, մեր հողը թշնամուն չենք տա: Ասում էր՝ գիտեք՝ ինչքան ընկերներ եմ կորցրել, ես չեմ կարող թողնել ու դուրս գալ:

Արամս իր ժպիտը թողեց Շուշիում, տղայիս ժպիտը գերության մեջ է, տղայիս վերջին շունչը, նրա կյանքի վերջին ժամերը: Իմ որդին կռվել և կյանքը տվել է Շուշիի համար, բայց Շուշին մերը չէ»,-եզրափակեց հերոսի մայրը։

Մանրամասները՝ oragir.news-ում