Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Դավս իմ ուրախությունն է եղել, կա և կլինի

Հունիսի 21, 2023

Azg.am-ի զրուցակիցն է լրագրող, 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի  մայրը՝ Ալիսա Գևորգյանը։

-Ալիսա, ո՞րն է քեզ համար ամենահիշարժան Մարտի 8-ը։ Քիչ առաջ տեսա, որ ֆեյսբուքյան էջումդ տեղադրել ես Դավիթի լուսանկարը և գրել՝ «Դավիս նվիրած առաջին ծաղիկները»։

-Ամեն ինչ հիմա, իհարկե, կապված է Դավիթի հետ, որովհետև իմ հիշողությունը, ներկան և ամեն ինչը Դավիթն է։ Լուսանկարում Դավիթն է և նրա նվիրած առաջին ծաղիկները։ Դավիթին երբեմն ռադիո էի տանում, երբ թեթև օրեր էինք ունենում։ Այդ օրը գործընկերուհուս հետ պայմանավորվել էինք, որ ինքն էլ իր աղջկան կբերի, միասին կխաղան, կծանոթանան։

Դավիթին այդ օրն ասացի, որ ծաղիկներ կգնեմ, կնվիրի Նիկային։ Գնեցի, և ինքն  ամբողջ ճանապարհին ինձ անընդհատ անհանգիստ ասում էր. «Մամ, հանկարծ դու չտաս ծաղիկները, ես եմ տալու»։ Մինչև կհասանեինք ռադիո, ասում էի՝ «Դավ ջան, առել եմ, որ դու նվիրես, որովհետև աղջիկներին պետք է ծաղիկներ նվիրել. աղջիկները ծաղիկներ շատ են սիրում, և Նիկան շատ կուրախանա, որ դու իրեն ծաղիկ նվիրես»։

Հիշում եմ ամբողջ ճանապարհին իր էմոցիաները, որ ծաղիկները հանկարծ ես չտամ։ Ասում էր՝ «Լուսո՛ (տանն ինձ Լուսո էր ասում), ուզում եմ՝ ես տամ ծաղիկները, որ Նիկան ուրախանա»։

Դրանք Դավիթի՝ ռադիոյում գործընկերուհուս աղջկան  և կյանքում ընդհանրապես առաջին նվիրած ծաղիկներն էին։

Իսկ արդեն տարիներ անց՝ Մարտի 8-ից և մյուս տոներից մի քանի օր առաջ, երբ արդեն կարողանում էր ինքնուրույն ինչ-որ բան գնել, ասում էր՝  «Լուսո, բա դու ինձ փող չե՞ս տալու, որ նվեր առնեմ»։ Հետո, երբ հասկացավ, թե անակնկալն ինչ բան է, և որ նվերները պետք է անսպասելի լինեն, ուղղակի գումարը խնայում էր, ամեն ինչ անում, որ տոնական օրն ինձնից շուտ արթնանա, մեկ հատիկ վարդով մտնի սենյակ և շնորհավորի։

Մեր հարաբերությունները շատ ջերմ են եղել։ Իր մասին հիշելիս ես հիմա ավելի շատ ժպտում եմ։ Իմ ամեն ժպիտի մեջ Դավիթը կա, ինքը հիմա ավելի շատ է իմ մեջ։ Մենք շատ կապված ենք եղել, շատ մոտ ենք եղել։ Մեր հարաբերություններն ավելին են եղել, քան մոր և որդու հարաբերություններ։ Մենք խառնվածքով շատ նման էինք իրար, Դավիթն ինձ նման էր նաև հումորի  զգացումով։

Մի քիչ ավելի մեծ տարիքում ծաղկի հետ ինձ սնիկերս էր նվիրում։ Ասում էի՝ «Դավ ջան, էս որոշել ես նվերդ բնամթերքո՞վ հանձնես»։

-Ալիսա, երևի սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Դավիթից ես ապրելու ուժ գտնում, նրանով ես ապրում։

-Իհարկե, ինքն ամեն օր ինձ հետ է, Դավիցս անընդհատ դրական էմոցիաներ եմ ստանում՝ հիշողություններ, հումորներ։ Տղաս ինձ համար միայն տխուր հիշողություն չէ, ինքն անընդհատ է ինձ հետ, ուղղակի սարսափելի կարոտը ոչ մի ձևով չի բուժվում, ոչ մի բան դրան չի օգնում։

Երբ դու առաջին անգամ իմանում ես, որ երեխայի ես սպասում, ինքը հենց այդ պահից քեզ հետ է՝ մինչև քո վերջին շունչը։ Դրանից հետո էլ՝ Աստված գիտի, բայց հույս ունեմ, որ հենց այդպես է լինելու։

Սնիկերսից հետո (երբ արդեն ավելի մեծ էր, հրաշալի կիթառ էր նվագում, երաժշտական դպրոց էր ավարտել), տոնական օրերին՝ առավոտ վաղ, կիթառով գալիս էր, ասում էր՝ «Մերս, հատուկ քո համար՝ լավ ախպերների կողմից» ու ինձ համար նվագում էր «Доля воровская» երգը։ Հոգուս հետ էր խաղում ։ Ես էլ կատակով ասում էի՝ «Հինգ տարի վճարել եմ, որ դու իմ համար «բլատնո՞յ» երգես»։

Մեր տոները ուրախ, լավ մթնոլորտում էին անցնում։ Դավս իմ ուրախությունն է եղել, կա և կլինի։ Իրեն ինձնից ոչ ոք չի կարող խլել։ Ձևն է փոխվում, կարգավիճակն է փոխվում, բայց ես հիմա էլ եմ իր հետ, երևի նույնիսկ ավելի շատ, քան երբևէ։

Ես միշտ ամեն ինչին նայել եմ  իր պրիզմայով՝ սա Դավին պե՞տք է, պետք չէ, Դավիս համար սա լա՞վ է, թե լավ չէ։ Իրենից հետո իմ միտքը միայն այդ ուղղությամբ է աշխատում։ Ու ես հիմա ավելի շատ եմ իր հետ, քան երբևէ եղել եմ։ Երևի միայն այն 9 ամիսների ընթացքում ես զավակիդ հետ այդքան լինում, երբ նա քո մեջ է, և դու ավելի շատ ապրում ես քեզնից ներս, քան քեզնից դուրս։

Հիմա ես Դավիս հետ ապրում եմ ինձնից ներս, և մեր կապը որևէ մեկն ի վիճակի չի խզելու, և կուզեմ, որ օրն անցնի Դավիս հետ կապված լուսավոր հիշողություններով։

Ես Դավին երբեք հրաժեշտ չեմ տվել և չեմ տալու։ Ինքը երբեք իմ անցյալը չէ, իմ ապագան է, և  իմ կյանքի մնացած ճանապարհը ճանապարհ է դեպի Դավը։ Ես միշտ իր հետ եմ, և դա արդեն լավ է։ Անկախ ամեն ինչից՝ ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետև ունեմ Դավիթին։

azg.am