Երեքշաբթի, Մայիսի 28, 2024
Երեքշաբթի, Մայիսի 28, 2024

Սարդարապատի հերոսը

Հուլիսի 23, 2023

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար, հրետանու գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյանը ծնվել է 1876 թ. Նալչիկ քաղաքում, որտեղ ծառայության բերումով բնակություն էր հաստատել Անիից սերող եւ Թիֆլիսում հայտնի Արարատյանների շառավիղը: Երբ լրացավ փոքրիկ Քրիստափորի տասը տարին, հավաքվեցին ընտանիքի անդամները, հարազատ մարդիկ` որոշելու տղայի ապագան: Քրիստափորը ինքն էլ մանկուց երազում էր զինվորական դառնալ եւ նմանվել հորը: Հայրը` Գերասիմ Արարատյանը, ռուսական բանակի գնդապետ էր: Հոր խոսքերը զինվորական դառնալու որոշումը վերջնական դարձրին. «Որդի՛ս, ամենակարող է մայր հողը` կերակրում է իր բերք ու բարիքով, ապրեցնում է իր աղբյուրների ջրով, զարմացնում է իր գեղեցկությամբ: Միայն ունակ չէ պաշտպանելու ինքն իրեն: Ուստի Հայրենիքի պաշտպանությունը այն մարդկանց պարտականությունն է, ովքեր սնվում են մայր հողի բարիքներով, հագենում են նրա ջրով եւ զմայլվում` գեղեցկությամբ: Որոշիր, որդի՛ս, դու արդեն փոքր չես»:

Տասնամյա տղան կայացրեց իր որոշումը եւ ընդունվեց Թիֆլիսի կադետային դպրոց, որտեղ սովորեց յոթ տարի եւ ստացավ ավարտական գրքույկ: Ինչպե՞ս շարունակել կյանքը. այս անգամ ընտանիքի կանայք առաջարկում էին ընդունվել Մոսկվայի Լազարյան ճեմարան, սակայն հոր խորհուրդը` դառնալ հրետանավոր, ուղենշային էր Քրիստափորի համար, եւ նա ընդունվում է Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Միխայլովյան հրետանային ուսումնարան: Արարատյանը ավարտում է ուսումնարանը` իրավունք ստանալով ինքնակամ ընտրելու հետագա ծառայության վայրը, քանի որ երեք լավագույն շրջանավարտներից էր: Ավելին` քսանամյա Արարատյանին վստահում են մայրաքաղաքի զինվորական ուսումնարանների շրջանավարտներին նվիրված զորահանդեսում գլխավորել հեծյալ մարտկոցը: Զորահանդեսին ներկա Ալեքսանդր 3-րդ կայսրը հիացած էր երիտասարդ սպայով եւ հենց տեղում նրան արժանացնում է ոսկե զենքի` կովկասյան սուսերի: Արարատյանը հուզված էր, նաեւ` զարմացած. իր առաջին ռազմական պարգեւի վրա կար պատմական հանրահայտ մակագրություն. «Գեներալ Մոիսեյ Արղութինսկի-Դոլգոռուկիին` Կովկասի փոխարքա կոմս Ալեքսեյ Երմոլովից»:

ԱՐԱՐԱՏԸ ՍՊԱՍՈՒՄ Է

Մեկ տասնամյակ տեւած ուսումնական փուլն ավարտված էր: Երիտասարդ պոդպորուչիկն էլ կայացրել էր իր որոշումը` ծառայությունը շարունակել Թիֆլիսից ոչ հեռու գտնվող Կոջորիի մոտ տեղաբաշխված Կովկասյան հրետանային բրիգադում: Ուսումնարանում ստացած գիտելիքները, պատասխանատվությունն ու նվիրվածությունը զինվորական գործին նրան կարճ ժամանակամիջոցում դարձրին լավագույն սպաներից մեկը:

1904 թ. սկսվում է ռուս-ճապոնական պատերազմը, եւ Արարատյանը ցանկություն է հայտնում մեկնելու ռազմաճակատ, հրամանատարությունն էլ կողմ էր: Ահա եւ առաջին անգամ Արարատյանը իր ուժերն ու հմտությունները կիրառում է մարտադաշտում, աչքի ընկնում արիությամբ եւ ստանում շտաբս կապիտանի կոչում, նաեւ առաջին շքանշանը` հրետանին արդյունավետ գործածելու համար:

Փոխգնդապետ Արարատյանը ուսանում էր Ցարսկոյե Սելոյի բարձրագույն հրամանատարական դպրոցում, երբ նրան հասավ Առաջին համաշխարհային պատերազմի բոթը: Քննությունները հանձնելուց հետո Արարատյանը մեկնում է ռազմաճակատ: Նրա սխրանքներն են վկայում ստացած մեդալները. Սուրբ Ստանիսլավի 2-րդ եւ 3-րդ աստիճանի, Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի, Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի եւ այլն:

Հոկտեմբերյան հեղաշրջման ժամանակ նա Ռումինիայում էր` որպես գերմանացիներին դիմակայող Արեւմտյան ռազմաճակատի բրիգադներից մեկի հրետանու հրամանատար: Տապալվում է Ռուսական կայսրությունը: Ի՞նչ անել: Արարատյանին` որպես Ռումինիայի թագի կոմանդորի աստիճանի շքանշանակիր և մարտական փորձ ունեցող գնդապետի, առաջարկում են ծառայության անցնել ռումինական բանակում եւ խոստանում են շնորհել գեներալի կոչում: Բայց Արարատյանը գիտակցում էր, որ կայսրության անկումից եւ ռուսական զորքերի` Կովկասյան ճակատը լքելուց հետո Հայաստանին վտանգ է սպառնում: «Արարատյանին սպասում է Արարատը»,-ասում է նա եւ թողնում Ռումինիան:

Արդեն Թիֆլիսում հանդիպում է իրեն քաջածանոթ` Հայաստանի նորանշանակ սպարապետ գեներալ Թովմաս Նազարբեկյանին: Վերջինս նրան առաջարկում է ստանձնել հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատարությունը: Բրիգադի շտաբը Կարսում էր, դեպի ուր եւ մեկնում է գնդապետ Արարատյանը:

«ԹՈՒՐՔԵՐԻ ՍԱՐՍԱՓԸ»

Ռազմաճակատը ձգվում էր Արաքսից մինչեւ Արագած լեռան փեշերը եւ Բաշ Ապարան: Թուրքերը գերազանցում էին ե՛ւ սպառազինությամբ, ե՛ւ թվաքանակով: Թուրքերի գերմանական 40-ից ավելի նոր հրանոթների դիմաց հայերն ունեին ընդամենը 18-ը, սակայն հայկական երկրորդ դիվիզիայի հրամանատար Մովսես Սիլիկյանն ու հրետանու պետ Քրիստափոր Արարատյանը չընկրկեցին թշնամու թվային գերակշռության առաջ: Արարատյանը փայլուն կիրառեց Առաջին աշխարհամարտում կուտակած մարտական փորձը: Նրա կարգադրությամբ հրետանային մարտկոցների համար մշտական կրակադիրքեր չէին պատրաստվել, և դրանց տեղը ճակատամարտի ժամանակ փոխվում էր` ուղիղ նշանառության կրակով օգնելով հետեւակին: Երբ հոգնած հայկական հետեւակը դադար էր առնում, նահանջող թուրքերին խոցում էին հրետանավորները: Ձեռնարկված հմուտ գործողությունների շնորհիվ թշնամու 12 հրանոթ անցավ հայկական զորքերին: Դրանք սպասարկում էին գերմանացիներ, որոնք շրջեցին փողերը եւ կրակ բացեցին թուրքերի վրա: Արարատյանի մաքուր գերմաներենով տրվող հրամանները կատարվում էին ջանասիրաբար. «Ձեր թուրքերի դեմ կոտորակառումբով, ուղիղ նշանառությամբ, կրա՛կ…»

Մայիսի 27-ին հայերը վերսկսեցին հարձակումը: Գնդապետը մարտկոցները թշնամուց աննկատ մոտեցրեց դիրքերին, եւ անսպասելի բացված հրետանային կրակը հետեւակին եւ հեծելազորին հնարավորություն տվեց անցնելու հակառակորդի թիկունք: Թեպետ ամեն ինչ ավարտված էր, հայ հրետանավորները շարունակում էին հարվածել հակառակորդի պաշտպանական դիրքերին: Թուրքերը խուճապահար նահանջեցին:

«Թուրքերի սարսափ»,-այսպես կնքեց Դանիել Բեկ-Փիրումյանը Արարատյանին 1918 թ մայիսյան այդ օրերին: Քրիստափոր Արարատյանը հետագայում խոստովանեց, որ ինքը երբեւէ չի եղել ավելի երջանիկ, որքան 1918-ի մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը:

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ

Պատերազմից հետո Արարատյանը ձեռնամուխ է լինում ազգային բանակի նոր ստորաբաժանումների ձեւավորմանը: Երբ նորանկախ Հայաստանի առաջին կառավարությունը Հ. Քաջազնունու գլխավորությամբ հրաժարական է տալիս, եւ նոր վարչապետ է դառնում Ալեքսանդր Խատիսյանը, նա սպարապետ Նազարբեկյանին խնդրում է թեկնածու առաջարկել պաշտպանության նախարարի պաշտոնի համար, նաեւ տեղեկացնում է, որ գեներալ Մովսես Սիլիկյանը հրաժարվել է այդ պաշտոնից: Սպարապետը առաջարկում է Քրիստափոր Արարատյանի թեկնածությունը: 1919 թ. մայիսին Արարատյանին շնորհվում է հրետանու գեներալ-մայորի կոչում, եւ նա նշանակվում է հանրապետության պաշտպանության նախարար: Մեկ տարուց ավելի նա զբաղեցրեց այս պաշտոնը` իր գլխավոր խնդիրը համարելով մարդկային եւ նյութական ռեզերվի ձեւավորումը :

Խատիսյանի հրաժարականից հետո հաստատվում է Համո Օհանջանյանի կառավարությունը, իսկ Արարատյանին առաջարկվում է պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, սակայն նա հրաժարվում է եւ խնդրում իրեն ուղարկել Կարս, որտեղ էլ անառիկ ամրոցի խայտառակ հանձնումի ժամանակ գերի է ընկնում:

Մի ամբողջ տարի Քրիստափոր Արարատյանը գերության մեջ էր: Գեներալ Քյազիմ Կարաբեքիր փաշան քանիցս այցելում է «Թուրքերի սարսափին» եւ հորդորում ծառայության անցնել իրենց մոտ, դասախոսել թուրքական հրետանային ակադեմիայում: Արարատյանը անդրդվելի էր: 1921 թ. Ալ. Մյասնիկյանի ջանքերով, փրկագնի դիմաց Արարատյանը ազատվում է գերությունից և զբաղեցնում Հայկական հրաձգային դիվիզիայի փոխհրամանատարի պաշտոնը: Մյասնիկյանի զոհվելուց հետո Արարատյանը ազատվում է պաշտոնից, եւ նրան գործուղում են Մոսկվայի Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիային առընթեր բարձրագույն հրամանատարական դասընթացների: Արարատյանի գիտելիքները օգտագործեցին միայն Երեւանի բուհերի ռազմական ամբիոններում: Հետագայում նրա աշակերտներից Խ. Դաշտենցը այսպես կհիշի իր ուսուցչին. «Արարատովն էր մեզ զորաշարժի տանում` Ղարսի հրացանը կապած ուսին»:

1937 թ. օգոստոսին Արարատյանը տեղեկանում է, որ իր մարտական ընկերը` Մովսես Սիլիկյանը, ձերբակալված է: Որոշում է` ինքնակամ ներկայանալ Մուղդուսուն, որն ասում է, թե դեռ իր հերթը չէ: Սեպտեմբերի երկուսին, սակայն, նրան եւս ձերբակալում են` տնից անվերադարձ առգրավելով բոլոր շքանշանները, մեդալներն ու պարգեւները, գեներալի ձեռագրերը, ընտանեկան լուսանկարները, խլում են բնակարանը, եւ գեներալի ընտանիքը` կինը, որդին եւ դուստրը, հայտնվում է հանրակացարանի մեկսենյականոցում:

Արարատյանի ընտանիքը ենթարկվում է բազում ճնշումների: Չնայած ընտանիքի կրած սարսափներին` գեներալի երկու երեխաները շարունակում են ապրել եւ արարել. Կոնստանտինը ավարտում է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, իսկ Ելենա Արարատյանը դառնում է հայկական բալետի հռչակավոր աստղերից մեկը, արժանանում ՀԽՍՀ վաստակավոր, բայց ոչ երբեք` ժողովրդական արտիստուհու կոչման, քանի որ «ժողովրդի թշնամու դուստրը չէր կարող կրել ժողովրդականի կոչում»:

Գեներալի թոռը` հայոց բանակի փոխգնդապետ Յուրի Արարատյանը, հիշում է տատի` Նինայի պատմածներից: Ասում է` տատս հինգ տարի շարունակ ամեն օր բանտ էր գնում` ուտելիքի կապոցով, չէր էլ ենթադրում, որ ամուսինը վաղուց կենդանի չէ:

1937 թ. դեկտեմբերի 10-ի առավոտյան չեկիստները բեռնատար մեքենայով Ավանի ձոր (ներկայիս գազանանոցի տարածք) են տեղափոխում գեներալներ Մովսես Սիլիկյանին, Քրիստափոր Արարատյանին, Դմիտրի Միրիմանյանին, գնդապետներ Աղասի Վարոսյանին, Ստեփան Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին, Հարություն Հակոբյանին: Առաջարկում են կապել նրանց աչքերը, սակայն բոլորը հրաժարվում են` ասելով. «Մենք մահվան աչքերին շատ ենք նայել: Կրակե՛ք»:

Հայ բոլշեւիկների կրակոցներից ընկան Սարդարապատի հերոսները:

hayzinvor.am