Մարմնով փակել է 18 տարեկան երկու զինվորին ու արկի հարվածը վերցրել իր վրա․ Վարդենիսցի Մոշը՝ Կամոն, զոհվել է Քարվաճառում
36-ամյա պայմանագրային զինծառայող Կամո Մինասյանը 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվել է՝ փրկելով երկու ժամկետային զինծառայողի կյանք՝ իր վրա վերցնելով արկի հարվածը։
«Կամոն լավ տիրապետում էր իր մասնագիտությանը, գիտեր՝ որտեղից ա գալիս արկի ուղղությունը, պայթյունի ձայնը: Հոկտեմբերի 2-ին դիրքում էդ պահին երկու ժամկետային զինծառայող է էղել, չի հասցրել իրենց գոռա, ասի՝ պառկեք, հենց մարմնով փակել է 18 տարեկան երկու զինվորներին ու արկի հարվածը վերցրել իր վրա: Երկու զինվորները փրկվել են առանց մի քերծվածքի։ Գիտակցաբար փրկելով՝ զոհվել ա»,- «Մեդիալաբին» պատմում է Կամո Մինասյանի կինը՝ 30-ամյա Անուշ Բադեյանը։
Կամոն ու Անուշը Վարդենիս քաղաքից են։ Ամուսնացել են 2006-ին, երեք երեխա ունեցել՝ 13 տարեկան Մանվելը, 10 տարեկան Մարիամը, կրտսեր տղան՝ Պետրոսը, ընդամենը 8 ամսական էր, երբ հայրը մեկնեց առաջնագիծ ու այլևս չվերադարձավ։
Կինը հիշում է, որ սեպտեմբերի 27-ին արթնացել են պայթյունից ձայնից, Վարդենիսի երկնքում ԱԹՍ կար, որը պայթեցվել էր։ Ասում է՝ ամուսնու հետ դուրս վազեցին, միանգամից հասկացան, որ պատերազմ է սկսվել, ամուսինը դիրքերում գտնվող եղբայրներից ճշտեց և առանց որևէ վայրկյան երկմտելու մեկնեց Արցախ։
«Հագնվեց, առանց հրաժեշտ տալու այլայլված դուրս եկավ: Մեքենա էր փնտրում, որ հասներ, չէր գտնում, թե ո՛նց հասավ՝ չգիտենք: Քարվաճառի զորամաս էր գնացել, հասնելուց հետո երեկոյան զանգեց, ասեց՝ ամեն ինչ նորմալ ա, լավ եղեք։ Իր բնույթն էնպիսին էր, որ միշտ էլ բոլորիս հանգստացնում էր, կյանքի ոչ մի էտապում երբեք չէր խառնվում, չէր ընկճվում, իր անվախությունից ես միշտ վախենում էի»,- հուզմունքով պատմում է կինը։
Անուշն ասում է՝ երբեք մտքով չէր անցնի, որ ամուսնուն կկորցնի պատերազմում։ Նշում է՝ Կամոն շատ լավ պատրաստված էր ու իր գործի մեջ հմտացած էր, սակայն եղավ անխուսափելին, 44-օրյա չարաբաստիկ պատերազմում կորցրեց սիրելի ամուսնուն՝ մենակ մնալով երեք անչափահաս երեխաների հետ։
«Երբեք չեմ պատկերացրել, որ ամուսինս կարող է զոհվի, ընդհակառակը՝ անընդհատ սպասում էի հաղթանակած վերադարձին, պլանավորում էի, թե ոնց պիտի դիմավորենք, ոնց պիտի նշենք հաղթանակած ուղին, ես միայն դրանով էի զբաղված»,- հուզվում է մասնագիտությամբ բուժքույր Անուշը։
Կինն ասում է՝ պատերազմի ժամանակ հաճախ չէր զանգում ամուսնուն, մտածում էր՝ սխալ ժամանակ չզանգի, որով կարող է վտանգել նրա կյանքը: Ամուսինն էր զանգում և մշտապես ասում՝ ամեն ինչ լավ է, ամեն բան լավ է լինելու։
«Իրենք իրենց ջոկատով դիրքեր էին հետ բերել, 50-60 հոգու օգնել էին շրջափակումից դուրս գալ, եթե չհասնեին, էդ 50-60 հոգու հետ չգիտեմ ինչ կլիներ, առաջ գնալով երեք դիրք հետ էին վերցրել ու էդպես մինչև հոկտեմբերի 2-ը․․․»- խոսքն ընդհատում է Անուշը։
Հոկտեմբերի 2-ի երեկոյան Անուշենց տուն են գալիս հարազատները, բարեկամները, ինչը տարօրինակ և կասկածելի է թվում նրան։ Կինը հույս է փայփայում, որ ամուսինը վիրավոր կլինի, սակայն ավելի ուշ հասկանում է, որ ընտանիքի հետ ողբերգություն է պատահել։
«Էդ պահին սրտիցս կեսը պոկվեց, ոտքերս թուլացան, ինձ սրսկեցին, ես շատ բան չեմ հիշում էդ դեպքից հետո։ Աննկարագրելի է՝ ի՜նչ ապրումներ ունեցա»,- հուզվում է կինը։
Կամոն միշտ լավատես էր, ժպիտը՝ դեմքին, երեխաների հետ շատ ընկերական ու ջերմ․ Անուշն այսպես է պատմում ամուսնու մասին:
«Ես չեմ տեսել հայր – որդի էդպիսի կապ, իրանք ոնց որ ընկերներ լինեին, ես միշտ ասում էի՝ չորս երեխա ունեմ, չորսով չարություն էին անում: Մենք շատ սիրով էինք ամուսնացել, շատ երջանիկ ընտանիք էինք։ Եթե հիվանդ լինեինք, խնդիր ունենայինք, ինքը միշտ ուրախ, լավ տրամադրություն ուներ, ու դա հաղորդվում էր մեզ»,- պատմում է կինը։
Անուշն ասում է՝ Կամոյին բոլորը Վարդենիսում մականունով էին ճանաչում՝ Վարդենիսցի Մոշ էին ասում։
«Ծնված օրվանից էդպես են կոչել, գեղեցիկ պատմություն է դրա հիմքում. սկեսուրիս տեգոր կինը ղարաբաղցի ա եղել, Կամոյի ծնվելու օրերն են եղել, սկեսուրիս տեգոր կինն ասել ա՝ Լաուր ջան, հիվանդանոց չգնաս, գնամ Ղարաբաղ, հորս տնից մոշ բերեմ, ուտենք:
Ու էնպես ա ստացվել, գնացել ա, բերել ա մոշը, կերել են, երկու ժամ չանցած սկեսուրիս երկունքի ցավերը բռնել են, դե որ Կամոն ծնվել ա, արդեն հոպարի կինն ասել ա՝ Մոշը ծնվեց, էդպես բոլորն իրեն էդպես էին դիմում»,- ժպիտով ասում է Անուշը։
Կինն ասում է՝ հպարտ է, որ ամուսինը պայքարել է հանուն հայրենիքի, կյանքը զոհել ու փրկել երկու զինվորի կյանք, բայց դատարկություն ու կսկիծ են հոգում։ Ամուսնուց հետո ապրելը ծանր ու ցավոտ է:
Նշում է՝ երեխաները ևս ծանր են տանում հոր կորուստը․
«Ասում էին՝ հեսա մենք էլ կգնանք, վրեժ կլուծենք։ Հետո հանուն իրենց՝ ինձ տիրապետելով ասում էի՝ պիտի լավ մարդ դառնաք, պապայի պատիվը բարձր պահեք, հիմա իրենք փորձում են թե՛ ուսման մեջ, թե՛ շրջապատում իրենց լավ դրսևորեն»։