Շաբաթ, Հուլիսի 27, 2024
Շաբաթ, Հուլիսի 27, 2024

Գոռին՝ մայրիկից

Նոյեմբերի 18, 2023

Լալվարի փեշին,

Գետակի ափին,

Հայ֊վրացական սահմանի եզրին

Գյուղ կա հնամյա,

Որին կոչել են չքնաղ Ջիլիզա։

Գյուղն այդ հարուստ է

Խիտ անտառներով,վճիտ ջրերով,

Խաչքար,վանքերով,

Իր մատուռներով,

Իր նիստ ու կացով

Ավանդույթներով։

Գողտրիկ այդ վայրում

Մի շատ կենսախինդ ու տաղանդաշատ տղա էր ապրում։

Նկարիչ էր նա ու վրձնի թևին

Պատկերվում էին կտավներ անգին։

Նկարիչ Գոռն իրենց տան բակում

Նկարեց Մեծն Պարույր Սևակին

Ու գրեց մանրիկ՝ նկարչի ձեռքով՝

Մարդ էլ կա,մարդ էլ...

Մի օր էլ Գոռը իր ոտնահետքը թողեց կտավին.

Անսովոր պատկեր՝ վրձնած կտավում իր ոտնահետքից արյուն էր ծորում...

Տեսնես նկարիչն ի՞նչ էր մտածում՝

Գուցե ինչ֊որ ուժ հուշել էր նրան

Արյունոտ ճամփա ու հերոսացու՞մ...

Նկարիչ տղան հերթով նկարեց բազում կտավներ,

Էլ նուրբ կակաչներ,էլ վարդ բուրավետ,

Վանքեր,մատուռներ,

Էլ Համո Սահյան, Սոս Ջանիբեկյան ու Սոս Սարգսյան...

Ահեղ, դժնդակ պատերազմ եկավ

Ավերեց հայոց շեներն ու օջախ...

Գոռի վրձինը ձեռքին զենք դարձավ,

Որ փրկի հայոց իր պետությունը,

Որ միշտ ծածանվի իր եռագույնը...

Գոռն անմահացավ հանուն Մայր հողի,

Որ սերունդներին գեղեցիկ կյանքի բերկրանքը բերի...

Հիմա մայրիկին հարցեր են հուզում,

Որոնց պատասխանը նա չի ստանում...

Բայց կգա մի օր,երբ մայր ու որդի հանդիպեն իրար,

Այդ ինչուները գուցե ունենան ինչ֊ որ պատասխան...

Ալիսա Խասիկյան 08.11.2022