Չորեքշաբթի, Փետրվարի 21, 2024
Չորեքշաբթի, Փետրվարի 21, 2024

Ասեց՝ պապա՛, չեմ գալու, աղջնակիս կնայես․ նկարիչ Աշոտ Ակողլյանը կամավոր էր, զոհվել է Մարտունիում՝ սիրահարված իր երկրին

Նոյեմբերի 26, 2023

 

36-ամյա նկարիչ Աշոտ Ակողլյանը պատերազմի լուրն իմանալուն պես անմիջապես կամավորագրվել և սեպտեմբերի 29-ից Մարտունի 2-րդում հայրենիքի պաշտպանության համար թեժ մարտերին է մասնակցել։ Հայրը՝ գեղանկարիչ Մարտին Ակողլյանը, պատմում է՝ որդին 44-օրյա պատերազմում զոհվել է, վիրավոր լինելով հանդերձ՝ մինչև վերջին վայրկյանը պայքար մղելով։

«Աշոտը սիրահարված էր Հայոց աշխարհին, լեռներին, ձորերին, իր երկրին»,- նշում է հայրը։

 

Աշոտ Ակողլյանը։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Աշոտ Ակողլյանը սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, այնուհետև զորակոչվել է բանակ, ծառայել Ստեփանավանում հրթիռային զորքերում, որից հետո ընդունվել էր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, սակայն չէր ավարտել։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Նա սիրում էր նկարչությունը, կերամիկական արվեստը, գրաֆիկական գործեր էր անում, կոլաժներ, նախընտրում էր աշխատել պաստելով և կավճե մատիտով։ Հայրն ասում է՝ տղան վառ երևակայություն ուներ, սիրում էր աբստրակտ գործեր նկարել։ Հաճախ լինելով սարերում ու ձորերում՝ բնության դրվագները, ղամիշների մեջ թռչունները, թութակները նրա գործերում հիմնական տեղ էին զբաղեցնում։

«Շատ էր սիրում Պիկասո, ակտիվ գույներ էր օգտագործում իր ստեղծագործություններում, ձեռքի տակ եղած զանազան իրերից տիկնիկներ կպատրաստեր, լավ գիտեր խեցեգործություն, վերջերս զբաղվում էր նաև արծաթի փորագրությամբ»,- պատմում է հայրը՝ գեղանկարիչ Մարտին Ակողլյանը։

Աշոտ Ակողլյանի աշխատանքներից

Հայրը, ճանաչելով տղային, գիտեր, որ որդին մինչև վերջ պայքարելու է և որևէ վայրկյան չի նահանջելու։ Հայրը հիշում է, որ վերջին անգամ որդու հետ խոսելիս ասել էր՝ գոնե մեկ-երկու օրով արի, սակայն նա բարկացել էր․ 

«Պապա՛, կրա՞կն ընկա՝ զանգեցի, չեմ գալու, մոռացիր, մինչև վերջ մնալու եմ։ Ինքը աղջիկ ուներ, էդ ժամանակ մի տարի մեկ ամսական էր, ասեց՝ պապա՛, աղջնակին կնայես, էդքան բան․․․ Ինքը չէր կարա ձեռքերը ծալած մնար՝ անգամ ունենալով էդ երեխուն։ Ինքն էն անձնավորությունը չէր, որ լքեր դիրքերը,  շատերի նման հետ գար»,- ասում է հայրը:

Պատերազմի ժամանակ հայրը Աշոտի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 21-ին։ 

«Տղաս ասաց՝ մարտի է բռնվել հակառակորդի հետ ու փրթել բոլորին։ Ասաց՝ հոկտեմբերի 22-ին հնարավոր է իրենց տեղափոխեն ուրիշ վայր, ասաց՝ չանհանգստանաք, որ չզանգեմ»,- հիշում է հայրը։

«Ամսի 22-ից հետո այլևս զանգերին չպատասխանեց»,- ասում է հայրը ու լռում։

Աշոտ Ակողլյանի հայրը՝ գեղանկարիչ Մարտին Ակողլյանը

Պատերազմի օրերին Մարտին Ակողլյանի կրտսեր տղան ևս պատրաստվել է կամավորագրվել, բայց մեծ եղբայրը հորդորել է մի փոքր սպասել: 

«Աշոտս Ֆիլիպիս ասում էր՝ քո գալը թող, միանգամից չգնանք, վերջիվերջո պապան տարիքով ա, կանայք մենակ չմնան, սպասի։ Եղբայրն էլ էր մեկնելու, բայց երբ հասկացանք, հնարավոր է՝ ինքը ողջ չլինի, եղբայրը սկսեց ընկերների հետ միասին Աշոտին փնտրել»,- ասում է հայրը:

Ֆիլիպը մեկնում էր մորգեր, մարզեր, առավոտյան վերադառնում էր ու գնում էր աշխատանքի, ասում է հայրը: 

«Մինչև որ ես ու ինքը հասկացանք՝ նա այլևս չկա, զոհված է։ Զոհվելու կոնկրետ օրը չգիտենք, բայց ես գրել եմ տվել 24-ին: Ես մի բան տեսա, ես ընդհանրապես սնոտիապաշտ չեմ, բայց ապացուցված բան է, նման բաներ լինում են… Ես հասկացա, որ 24-ի լույս 25-ի առավոտը ինքն այլևս չկա։ Ես ու փոքր տղաս գիտեինք, հասկացել էինք, որ էդպիսի վիճակ ա, որևէ մեկին չէինք ասում՝ տիկնոջը, մորը։ ԴՆԹ-ն տվեցի հոկտեմբերի 27-ին, իրան հունվարի 11-ին գտան»։

Մարտին Ակողլյանը տղաների և թոռնիկի հետ միասին։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Մարտինը 44-օրյա պատերազմի ամբողջ ժամանակ արվեստանոցում է անցկացրել՝ մտքով իր ու մյուս բոլոր տղաների հետ։ Փորձել է ստեղծագործել, բայց չի ստացվել:

«Ես էստեղից չէի հեռանում, բոլորն ինձ մոտ էին գալիս, Էդ շրջանում սկսեցի մի գործ, փորձեցի ավարտել, բայց ներվային բաներ կային էդ գործերի մեջ, էդ օրերին չես կարող ստեղծագործել, աննորմալ վիճակում որևէ արվեստագետ չի կարող ստեղծագործել, արվեստը էմոցիաներ չի սիրում: Դուք ո՞նց եք պատկերացնում՝ ես էդ օրերին ինչքան կարող էի հայհոյած լինեի թուրքերին, պատկերացրեք՝ այսպես իմ էմոցիաները նկարեի կտավի վրա, արվեստը էմոցիայի խնդիր չի, դա զգացմունքի բան ա»։

Ակողլյանն ասում է՝ մինչ որդու մասին լուրն իմանալը բոլորը փորձում էին հույս տալ, գոտեպնդել, ասել՝ որ հանգիստ լինի, ամեն բան լավ կլինի, բայց հոր սիրտն արդեն գիտեր՝ տղան զոհվել է: 

«Անգամ Ֆեսյբուքով անծանոթ մարդիկ տարբեր երկրներից գրում էին, ասում էին՝ ամո՛ւր եղեք, բայց ես գիտեմ, որ էդպես չէր լինելու, ես գիտեի՝ իմ տղան ա, մինչև վերջ գնալու ա, ես էլ եմ էդպես եղել, եթե իմ առջև դրել եմ խնդիր, ուրեմն մինչև վերջ պիտի գնամ»։

Հայրն ասում է՝ տղան ապրում էր շատ հագեցած ու բովանդակալից կյանքով, փոքր հասակից լսում էր դասական երաժշտություն և ռուսական շանսոն, ֆենոմենալ հիշողություն ուներ, լավ հիշողության շնորհիվ գիտեր բազմաթիվ անեկդոտներ, և երբ վիճաբանություն էր լինում, փորձում էր հումորի վերածել, տարբեր բարբառներով անեկդոտներ պատմել։

«36 տարվա մեջ իր ամեն օրը եղել է անկրկնելի, մի օրը նման չի եղել մյուսին, արկածներով լի էր իր կյանքը, ինքը Երևանում հոգնում էր, գնում էր սարեր, լեռներ։ Իր երազանքները շատ ֆանտաստիկ էին, ասում էր՝ ես կուզեի Ջոմոլունգմայի գագաթին մի փայտից տնակ սարքեմ, գնամ, էնտեղ ապրեմ»,- ասում է հայրը։

Աշոտ Ակողլյանը զոհվել է «Բայրաքթարի» հարվածից, բեկորային վնասվածք է ստացել թիկունքի և դեմքի հատվածում։ Հունվարի 27-ին Աշոտ Ակողլյանին հողին են հանձնել Եռաբլուրում։

Մարտին Ակողլյանին և ընտանիքի մյուս անդամներին այսօր ապրելու հույս է տալիս որդու ժառանգը՝ Նատալին․ 

«Շատ դժվար է հատկապես տիկնոջ ու մայրիկի համար, եթե աղջնակը չլիներ, չգիտեմ, թե ինչ կարող ա լիներ մայրիկի ու տիկնոջս հետ»։

Մարտին Ակողլյանը պատերազմից հետո սկսել է նորից ստեղծագործական կյանքի վերադառնալ, ասում է՝ պետք է ապրել, արարել, աշխատել։ Արվեստանոցում փակցված են պատերազմից հետո արված գեղանկարները, մատնացույց է անում գեղանկարներից մեկն ու ասում՝ այն արդեն վաճառված է։

Որդու զոհվելուց հետո հայրը մի գլխավոր նպատակ ունի՝ ամեն ինչ անել, որ թոռնիկի համար ապրելու լավ պայմաններ ստեղծի, հասցնի իր նպատակներին․

«Ես որդուս հանդեպ, ինչպես ինքը՝ հայրենիքի, պարտք ունեմ, իր եղբայրն էլ ունի: Թե մենք էդ ո՞նց կարտահայտենք՝ դա մենք կորոշենք, բայց իր թողած ժառանգին, իմ թոռնիկին ես պիտի ոտքի կանգնեցնեմ, մինչև չլուծվի էդ հարցը, ես չեմ պատրաստվում կյանքից հեռանալ»,- ասում է հայրն ու հայացքն ուղղում արվեստանոցի պատին փակցված տղայի դիմնակարին։

MediaLab.am