Կիրակի, Մայիսի 05, 2024
Կիրակի, Մայիսի 05, 2024

Իգորս վիրավոր վիճակում ասել է՝ 3 երեխա ունեմ, շուտ հանեք, որ ապրեմ․ զոհվածի կին

Դեկտեմբերի 10, 2023

«Երկու ժամ է տևել ամուսնուս մարտադաշտից հանելը, նույնիսկ երկու ընկերներն են վիրավորում ստացել, որպեսզի հանեն նրան․․․ ասում են՝ վիրավոր վիճակում միայն մի բան է կարողացել ասել՝ «Երեք երեխա ունեմ, մի քիչ շուտ հանեք, որ ապրեմ»»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Մարինա Վանյանը, ում ամուսինը՝ Իգոր Գալստյանը, զոհվել է սեպտեմբերի 20-ին։

Ցորի զորամասի երկրորդ հրաձգային գումարտակի հրամամանատարի սպառազինության գծով տեղակալն էր մայոր Իգոր Գալստյանը, ով իր կյանքի 27 տարին նվիրել է հայրենիքի փրկությանը՝ մարտական ուղին ձգելով Մատաղիսից Թալիշ, Ասկերան, Մարտունի, Հադրութից մինչև Ցորի զորամաս։

Մարինան ասում է՝ անգամ 44-օրյա պատերազմի օրերին այդ անհանգստությունը չի ունեցել, ինչպես սեպտեմբերի 19-ին։ «Ահավոր անհանգիստ էի այդ օրը։ Ողջ գիշեր նույնիսկ 1 րոպե աչք չեմ կպցրել։ Միայն խնդրում էի ու աղոթում Աստծուն, որ այս անգամ էլ նրան մեզ հասցնի․․․ Խոստանում էի, որ ոտաբոբիկ հասնելու եմ եկեղեցի, միայն թե նրա մի մազը չծռվի»,- ասում է Մարինան։

Նրա խոսքով ամուսինը վերջին 3 տարին իրեն շատ է համոզել երեխաների հետ հեռանա Արցախից, բայց ինքը չէր կարող առանց Իգորի, իսկ հիմա, չգիտի, թե ինչպես է օրը մթնում ու լուսանում․ «Պատերազմի առաջին օրը երեխաներիս հետ նկուղում էինք պատսպարվել, փոքրս զանգեց հորն ու ասաց, որ գա, ինքը շատ է վախենում․․․ Ինչպես միշտ ամուսինս այս անգամ էլ երեխային հանգստացրեց ու ասաց, որ մայրդ է էլի պանիկայի մեջ ընկել․․․

Իսկ առավոտյան Իգորս արդեն չկար, իսկ մենք բանից անտեղյակ, 14-ամյա որդուս հետ շրջում էինք հիվանդանոցներով՝ նրան փնտրում վիրավորների մեջ․․․Նույնիսկ բժիշկները գիտեին, որ ամուսինս զոհվել է, բայց ոչ ոք չէր համարձակվում մեզ այդ մասին ասել»։

Մարինան ասում է՝ հոգնել է այն խոսքերից, որ Իգորի կինն ու երեխաները պետք է միշտ գլուխը բարձր քայլեն, որ հերոս հայր ու ամուսին ունեն, որովհետև նա չի լքել մարտի դաշտն ու անձնակազմին։

«Ես միշտ էլ գլուխս բարձր եմ քայլել, որովհետև ունեցել եմ անփոխարինելի ընկեր, ամուսին, հայր, ամեն-ամեն ինչ, իսկ այսօր իմ ու Իգորիս ընտանիքը մենակ ենք մնացել մեր վշտի հետ»,-ասում է Մարինան։

Արցախցի կինը ամուսնու մահից հետո մի երազանք ունի՝ երեխաներին ոտքի կանգնեցնել ու կատարել զոհվաած ամուսնուն երազանքը, այն է՝ իրենց դաշնակահար որդուն մեծ բեմերում տեսնել։

Այսօր Մարինայի ու իր երեխաների համար Եռաբլուրն է դարձել հարաազատ օջախ, որտեղ ամփոփված է հերոս ամուսնու աճյունը։ «Իգորիս հուղարկավորել էինք Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում, իսկ տարհանման ժամանակ եղբոր՝ Արթուր Գալստյանի համառ ջանքերով, կարողացանք աճյունը տեղափոխել և վերահուղարկավորել Եռաբլուրում»,- ասում է հերոսի կինը։

ORAGIR.NEWS