Կիրակի, Մայիսի 05, 2024
Կիրակի, Մայիսի 05, 2024

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից մեկ տարի անց. Սարգսյանները չգիտեն՝ որտեղ է իրենց որդին

Դեկտեմբերի 10, 2023

Մայրը՝ Աննա Մինասյանն ամեն օր որդու դարակից նրա վերնաշապիկն է հանում։ Մեկ օր էր հագել, չէր լվացել։

«Մինչև հիմա ես էդ հոտը այս սառոշկայից եմ հանում, որ իմ երեխու հոտը զգամ, որ կարանամ ապրեմ», - ասում է Թոռնիկ Սարգսյանի մայրը։

365 օր՝ ուղիղ մեկ տարի Սարգսյանները չգիտեն՝ որտեղ է իրենց միակ որդին. Թոռնիկ Սարգսյանը՝ 19-ամյա ժամկետային Ճամբարակի զորամասից, որ Վերին Շորժայի դիրքերից ոչ տուն եկավ, ոչ զորամաս վերադարձավ։

«Ոչ մեկը չի գալիս, ոչ մեկը չի զանգում, չի հետաքրքրվում, մենք ենք գնում, մեզ էլ խաբում, համոզում, ճամփու են դնում», - ասում է զինծառայողի հայրը՝ Վորոնցով Սարգսյանը։

Անցյալ տարի այսօրը՝ կեսգիշերն անց, մարտական գործողություններ բռնկվեցին հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով՝ նաև Վարդենիսի Վերին Շորժայի սահմանին։ Վորոնցով Սարգսյանը պատմում է՝ որդին 120-րդ դիրքում էր, 9 հոգով էին, միայն իր որդին չկա՝ դիրքի պայմանագրայիններից մեկը պատմել է, որ Թոռնիկը զոհվել է, մարմինն ո՞ւր է, հարցնում են ծնողները. - «Բա ո՞ւր է իմ երեխան, որ չկա էս մի տարի, որ գերի չի, թող բերեն, դիակը տան իմ երեխու»

Սեպտեմբերյան մարտերից հետո Ադրբեջանն իր հսկողության տակ անցած տարածքներում մնացած հայ զինծառայողների մարմինները փոխանցեց հայկական կողմին։ Թոռնիկի ծնողները ԴՆԹ էին հանձնել, սպասում էին. - «Մենք գնացել ենք, մորգերն էլ ենք նայել այն ժամանակ, որ դիակներն էին բերել, չկար իմ երեխան»։

Որդուս ատամներն անգամ հատ-հատ կճանաչեմ, ասում է հայրը, որ մեկ տարի է՝ պետական ատյանների դռներից չի հեռանում։ Վարչապետին նամակ է գրել, պատասխան չկա, Պաշտպանության նախարարությունն, ասում է, «մեր տեղն էլ չգիտի», Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն պարբերաբար գնում է, վերջերս էլ այնտեղ էր. - «Սպասեք, սպասեք, ասում են։ Ասում է, որ թուրքը թույլ չի տալիս, որ մտնենք այդ տարածքը»։

Սկզբում ասել էին, թե մարմինը անօդաչու սարքով ֆիքսել են, մնում է՝ Ադրբեջանը թույլ տա մոտենալ, հայրը տեսել է այն, ինչ անօդաչուն է նկարել. մարմին չկա, ասում է։ Եթե լիներ, ադրբեջանական կողմը մյուս զոհերի հետ հայկական կողմին փոխանցած կլիներ, նշում է մայրը. - «Թուրքն իր տարածքում կթողնի՞ դիակ մնա, չի թողնի»։

Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած է համարվում երկու զինծառայող։ Քննչական կոմիտեից ասացին՝ նրանց գործով նախաքննությունը շարունակվում է սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քննվող ծավալուն քրեական գործի շրջանակներում։ Քննությամբ պարզված են մարտական գործողությունների ժամանակ նրանց գտնվելու վայրը և այլ էական հանգամանքներ։ Կոմիտեից պնդում են՝ մշտական կապի մեջ են զինծառայողների հարազատներին հետ։

Վորոնցով Սարգսյանը հաստատում է՝ Քննչական կոմիտեում իրեն ընդունել են, բայց ոչ մի նորություն։ Ընտանիքը չգիտի՝ էլ ինչ անի, զգում են, որ իրենց մինուճարի ճակատագիրը միայն իրենց է հետաքրքրում. - «Մենք չենք ապրում, ուղղակի գոյատևում ենք, մինչև մեր երեխուց մի լուր լսենք, թե չէ էս ապրել չի, սա քարշ գալ է, կյանքում թշնամուս չեմ ցանկանա, որ մի ժամ այ սենց ապրի», - ասում է մայրը։

Նա չի մոռանում այն, ինչ ասացին որդու զորամասում երդման արարողության օրը՝ այս զինվորներն արդեն ոչ թե ձեր, այլ մեր երեխաներն են։

Այս հուլիսին Թոռնիկը պիտի ավարտեր զինծառայությունն ու տուն գար։
Ծնողները մի հույսով են ապրում, որ որդին գերի է, այդպիսի հաստատված տվյալ չկա, բայց մարմինն էլ չկա. - «Գերի է, ուր է, ինչ է, չգիտեմ, սիրտը տենց ա ասում, որ երեխաս սաղ է»։

Երեխաս գա, ու ամեն ինչ առաջվանը լինի, Աննա Մինասյանն ամեն օր այս մտքով է արթնանում ու բացում տան դուռը. - «Երբ առավոտը արթնանում են, տան դուռը բացում եմ, նայում եմ դրսի դռանը, ասում եմ՝ կարող ա երեխաս գա, աչքս միշտ ճանապարհին է, միշտ սպասում եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

azatutyun.am