Չորեքշաբթի, Դեկտեմբերի 11, 2024
Չորեքշաբթի, Դեկտեմբերի 11, 2024

Ախր միայն բարետես չէր, բարեսիրտ ու կամեցող տղա էր

Դեկտեմբերի 17, 2023

Վարդան Աթաջանյանը Ստեփանակերտից էր, զինծառայող՝ 19 տարեկան։ « Ախր միայն բարետես չէր, բարեսիրտ ու կամեցող տղա էր»,- պատմում է հորաքույրը՝ Անուշը, սրտի կսկիծով նշում, որ հիմա մեծ գերդաստանի սիրելիի մասին խոսում են անցյալ ժամանակով։ 

«Դեռ 2020 թվականի պատերազմն ու պարտությունը շատ ծանր էր տարել Վարդանը, անընդհատ սպասում էր իր ծառայությանը, որ գնար վրեժ հաներ թուրքից։ Նախքան 2023-ի լայնամասշտաբ հարձակումը, սահմանային մի քանի միջադեպերի ժամանակ նա իր զինակից ընկերների հետ կատարել է բարդագույն առաջադրանք։ Դրա մասին անգամ գումարտակի հրամանատարն էր ասել»։

Սեպտեմբերի 19-ին Վարդանը տանն էր, իր հերթափոխը չէր, երբ սկսվեց պատերազմը։ «Դա պատերազմ չէր, արհավիրք էր։ Ընդունված է ընկալել, որ պատերազմները լինում են սահմանին, դիրքերում, բանակը՝ բանակի հետ։ Մեր դեպքում ռազմական գործողություններն ամենուր էին։ Չգիտեինք՝ սահմանին գտնվող մեր տղերքի մասին մտածենք, թե մեր ու երեխաների կյանքը փրկենք»,- ասում է Անուշ Աթաջանյանը, ընդգծում, որ նույն օրը նա ճանապարհը ոտքով է անցել, հասել մշտական տեղակայման վայր՝ Նոր Ղազանչիի զորամաս (Սրխավենդ)։ 

Երեք օր շարունակ Վարդանից որևէ լուր չի իմացել ընտանիքը։ Այդ օրերին ամենավատի մասին մտածելն օրինաչափ էր, քանի որ Անուշի խոսքով, եթե քաղաքացիական անձինք են զոհվում, ապա դիրքերում պատկերացնում էին իրավիճակը․ մեկ բառով՝ «կոտորած էր»։ 

«Վարդանն ընկերների հետ հայտնվել է շրջափակման մեջ։ Տղերքը կարողացել են ճեղքել, դուրս գալ, ոչ միայն փրկվել՝ այլև կյանքեր փրկել։ Կրակի դադարից հետո տեղափոխվել են Վանք։ Գյուղը դեռ ամբողջությամբ տարհանված չի եղել, երբ Վարդանը մեքենա է խնդրել զորամասից, բնակչության օգնելու նպատակով։ Տարհանել է բոլորին, օգնել ինչով կարողացել է։ Իր կամքով նաև շրջափակման մեջ հայտնված այլ ստորաբաժանման տղաների տարհանմանն է մասնակցել։ Մեծ մեքենա չի վարել երբեք։ Վթարային իրավիճակում արագ կողմնորոշվել ու մեքենան հենել է ծառին, որ բոլորը ողջ վերադառնան։ Սեպտեմբերի 24-ին  ինքն էլ վերադարձավ։ Տրամադրության մասին չպատմեմ, ինքն էլ չէր խոսում»,- ասում է հերոսի հորաքույրը։

Վարդանն այս անգամ ոչ թե պարտությունից էր անտրամադիր, այլև հայրենիքը լքելու ծանր որոշումից։ Ասում էր` «Մենք կռիվ ենք տվել, զոհեր ու վիրավորներ ունեցել։ Էսքանից հետո ի՞նչպես լքենք հայրենիքը»։ 

«Չեք պատկերացնում որքան ուրախ էինք, որ վերադարձել է։ Բայց հաջորդ օրը՝ ամսի 25-ին, ընկերների հետ տարբեր բենզնալցակայաններում հերթ էր գրվել։ Մտածում էր գոնե ընտանիքն ապահով տեղափոխեր։ Անսպասելի պայթյունը խլեց նաև եղբորս որդու, մեր Վարդանի կյանքը»։

Ինքը պատրաստվում էր պահեստի տարածքից դուրս գալ, երբ տեղի ունեցավ պայթյունը։ Վարդանը կիսաայրված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հաջորդ օրն ուղղաթիռով՝ Երևան։

Այրվածքներ շատ ուներ։ Ապրելու համար 6 օր կռիվ է տվել, բայց սեպտեմբերի 30-ին, սիրտը կանգ է առել, մահացել է։ 

Հայրենիքի հանդեպ սերը Վարդանը ժառանգել է իր օջախի ավագներից։ Հպարտանում էր իր պապիկով։ Վասիլի Աթաջանյանն Արցախի պետական, քաղաքական գործիչ էր, շարժման ակտիվ մասնակից, «Կռունկ»-ի և «Տնօրենների» խորհրդի անդամ։ Ընտանիքի 4 սերունդ  մասնակցել է արցախյան պատերազմներին։ Հատկապես Վարդանի հորեղբայրը՝ Արսենը, իսկական հերոսություն է ցուցաբերել։ Անուշն ասում է, որ իր հասակում նաև իր մորեղբայրը՝ Վիգենն է զոհվել։ Առաջին պատերազմում կամավոր գնացել ու անմահացել է զինադադարից հետո։  

Վարդանը, որ ամբողջ գերդաստանի սիրելին էր, իրենից թողել է միայն թանկ հուշեր ու անսահման կարոտ։

mediahub.am