Հինգշաբթի, Հոկտեմբերի 03, 2024
Հինգշաբթի, Հոկտեմբերի 03, 2024

Շեխերի դիմադրության 6 օրը

Մարտի 09, 2022

2020թ.-ի հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան Մարտունու շրջանի Շեխեր գյուղից հրետանու աջակցությամբ դուրս եկան գյուղում մնացած վերջին մարդիկ։ Այդ օրը, 6-օրյա մարտերից հետո, Շեխերն ամբողջությամբ անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։  

Շեխեր գյուղի պաշտպանության ժամանակագրության և մարտերի մասին «Հետք»-ը զրուցել է գյուղում մարտերին մասնակցած Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննեսյանի, Շեխերի գյուղապետ Մխիթար Մանգասարյանի և գյուղի բնակիչ, մաթեմատիկայի ուսուցիչ Գեորգի Ավշարյանի հետ։

Գյուղում բուն մարտերը սկսվել են հոկտեմբերի 22-ից և տևել մինչև 27-ը: Գյուղի պաշտպանությանը մասնակցել են Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակը՝ մոտ 70 հոգի, և գյուղի աշխարհազորը՝ 20-25 հոգի։ Մարտերի ժամանակ Շեխերում հակառակորդին հասցվել է մարդկային ուժի զգալի կորուստ։ Ֆագոտ հակատանկային զենքով խոցվել է երկու «ԿամԱԶ» մեքենա, մեկ SandCat զրահամեքենա, հինգ խումբ հետևակ։ Զորքը վեցօրյա ինտենսիվ մարտերից հետո գյուղից դուրս է եկել հոկտեմբերի 27-ի երեկոյան։ Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի՝ Շեխերից դուրս գալուց մի քանի ժամ հետո, գյուղից դուրս են եկել նաև աշխարհազորը և գումարտակի հրամանատարական կազմը։

Մինչև հոկտեմբերի 22-ը Շեխերում միայն գյուղացիներից կազմված աշխարհազորն էր՝ 20-25 հոգի, և ՄՈԲ-ի 8 հոգանոց մի ջոկատ։ Նրանք մինչև հոկտեմբերի 7-ը հերթապահում էին դեռևս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղի արևելքում ամրացված դիրքերում՝ Շեխերի կենտրոնից մոտ 1,5 կմ հեռավորության վրա՝ վերահսկելով Կարմիր Շուկայից և Դրախտիկից գյուղ մտնող ճանապարհները։ Դրանից հետո, երբ լուրեր ստացան, որ Հադրութում մարտեր են ընթանում, և հնարավոր է գյուղ ներթափանցում տեղի ունենա վերևի հատվածից՝ անտառներով, գյուղի աշխարհազորը և ՄՈԲ-ը՝ ընդհանուր մոտ 30 հոգի, տեղակայվեցին գյուղի հարավում գտնվող անտառապատ բարձունքի վրա, որտեղից էլ հետևում էին գյուղում շարժին։

Հոկտեմբերի 21-ին, երբ տեղեկություններ են ստացվում, որ հակառակորդի զորքերն արդեն հարևան Դրախտիկ գյուղում են՝ մոտ հինգ կմ հեռավորության վրա, Շեխերի գյուղապետ Մխիթար Մանգասարյանն անհրաժեշտ զինամթերք ստանալու համար գնում է Կարմիր Շուկա, մինչ այդ գյուղացիների մոտ կար ընդամենը տասը ինքնաձիգ, որոնք կրում էին հերթապահները։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին, երևում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը Դրախտիկ գյուղի վերևի հատվածում խրամատներ փորում։ Մխիթար Մանգասարյանը կապվում է Արալեռի հրետանային գնդի հրամանատարի հետ, որի զորքն արդեն իրենց թիկունքում էր՝ Կոլխոզաշեն և Հերհեր գյուղերում, փոխանցում կոորդինատները, որից հետո հրետանին աշխատում է այդ ուղղությամբ։

Նույն օրը՝ կեսօրին, Շեխեր են ուղարկվում Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակից մոտ 70 և Հադրութի հրաձգային դիվիզիայից 35-40 հոգանոց զորք։ Դրմբոնի գումարտակի կազմում կար նաև ՄՈԲ-ից և Շուշիի քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից կազմված խումբ։ Պատերազմի ընթացքում ընդհանուր առմամբ 11 դատապարտյալ իր դիմումի համաձայն մասնակցել է մարտական գործողություններին, նրանց ներում է շնորհվել։

Գումարտակի անձնակազմը, 700 մետր բնագիծ կազմելով, տեղակայվում է նույն բարձունքի վրա, որտեղ աշխարհազորն էր։ Հադրութի դիվիզիայի զորքը (35-40 հոգի), որի կազմում էր նաև Ջրականի գնդի երրորդ գումարտակի ականանետային ստորաբաժանումը, տեղակայվում է գյուղի ներքևի խաչմերուկի մոտ՝ Կարմիր Շուկա տանող ճանապարհի մոտակայքում։ Ըստ էության, Հադրութի անձնակազմն անմիջական մասնակցություն չի ունենում Շեխերի պաշտպանությանը, քանի որ գյուղից հեռու էր դիրքավորված և հիմնականում հսկում էր Կարմիր Շուկա տանող ճանապարհը։ Նույն օրը՝ հոկտեմբերի 22-ին, գյուղում եղած զորքին են միանում նաև Շեխերի այն բնակիչները՝ 24 հոգի, որոնք որպես ՄՈԲ մինչ այդ ամրակցված էին Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանին:

Հադրութի դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանով՝ Մխիթար Մանգասարյանը նախապես տարածքը հետախուզելուց հետո մի քանի համագյուղացիների հետ գնում է դիրքավորվելու գյուղի՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ամրացված դիրքերում, որպեսզի կարողանա դիտարկել Դրախտիկից գյուղ ընկած ճանապարհը։ Տեղամասում դեռևս չդիրքավորված՝ կապ են տալիս ու հայտնում, որ ձայներ են լսվում Շեխերից։ Սկզբից կարծում են, թե քիչ հեռու՝ Խազազի բարձունքի վրա ծավալվող մարտերի ձայներն են, այնինչ թշնամին արդեն գյուղ էր մտել և նոր խմբերով շարունակում էր առաջանալ։

Դրմբոնի գումարտակը տարբեր զինատեսակներով ոչնչացնում է գյուղում եղած թշնամուն։ Թշնամու զորքը ներթափանցել էր գյուղ, շրջանցել էր Դրախտիկից եկող ճանապարհը և Շեխեր մտել գյուղի հարավարևելյան մասի անտառապատ ձորերից։ Գյուղացիները, որոնք դեռևս գյուղի՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ամրացված դիրքերում էին, ստիպված շրջանցում են գյուղը, քանի որ այնտեղ մնալն այլևս նպատակահարմար չէր, և Կարմիր Շուկայի միջով՝ Շեխերի արևմտյան կողմից, կրկին վերադառնում են բարձունք։ Վերադառնալիս գյուղացիներից ոմանք և ՄՈԲ-ի 8 հոգին տարբեր պատճառներով այլևս չեն գնում Շեխեր։ Գյուղի բուն պաշտպանության ժամանակ՝ հոկտեմբերի 22-27-ը, աշխարհազորի և գյուղի ՄՈԲ-ի թիվը տատանվել է 20-ից 25-ի միջև։

Քարտեզն ինտերակտիվ է, սեղմե՛ք նշանների վրա։ Կապույտ գույնով պատկերված է հայկական զորքը, իսկ կարմիրով՝ ադրբեջանական։

Հոկտեմբերի 23-ին Դրմբոնի գումարտակից և գյուղացիներից կազմված մի քանի հոգանոց երկու առանձին խումբ իջնում են գյուղում շրջելու և համոզվելու, որ նախորդ օրվանից մնացած հակառակորդի ուժեր չկան Շեխերում։

«Գյուղում լավ պտտվեցինք, բայց մարդ չգտանք, գնացինք գոմերից անասուններին բաց թողեցինք, գյուղի եզրային տները ստուգելով՝ նորից բարձրացանք բարձունքի վրա։ Դեռ չէինք հասել մեր դիրքերը, լսեցինք Դրախտիկի անտառների կողմից, «Ալլահ աքբար» գոռալով, զորքը մտավ գյուղ»,- պատմում է Շեխերի գյուղապետ Մխիթար Մանգասարյանը։

Գյուղ մտած զորքը Արալեռի հրետանու և բարձունքում տեղակայված գումարտակի գործողությունների հետևանքով ոչնչացվում է։ Դրանից հետո արդեն անտառապատ մասից գյուղ է փորձում ներթափանցել մեկ այլ, ըստ վկայությունների, հատուկ պատրաստված դիվերսիոն խումբ։

«Մեր հետախուզության դասակի տղաները ինձ կապ տվեցին, որ տվյալ հատվածից (անտառից) ձայներ են գալիս։ Ես ու էլի երեք հոգի գնացինք էդ ուղղությամբ։ Հետո, երբ մի փոքր իջանք՝ տարածքը ստուգելու, ահագին մեծ խումբ հայտնաբերեցինք՝ մոտ 30 հոգի, հայերեն խոսելով, գնում էին։ Մեջներս կասկած ընկավ, պտտվեցինք, որ գնանք դիմացները կտրենք, մեզ նկատեցին ու փոխհրաձգություն սկսվեց։ Մեր տղաներից մեկը ուսից վիրավորվեց, բարձրացանք բլրի վրա, պաշտպանություն կազմակերպեցինք։ Էդպես մի 30 րոպե մարտը տևեց։ Հետո, երբ իջանք ստուգելու, իրենց իրերից հասկացանք, որ հատուկ նշանակության խումբ էր»,- պատմում է դեսանտագրոհային գումարտակի վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննեսյանը։ 

Ծավալված մերձամարտից հետո տեղանքի կոորդինատները փոխանցվում են հայկական հրետանուն, ու զորքը մի փոքր հետ է քաշվում՝ զբաղեցնելով իր հիմնական դիրքը մինչև հոկտեմբերի 27-ը։ Այդ օրը հակառակորդի հրետակոծության հետևանքով նույն արկի հարվածից զոհվեցին գումարտակի ժամկետային զինծառայողներ Արտաշես Բաղդասարյանը և Սեյրան Սիմոնյանը, ևս երեք հոգի վիրավորվեց։

Հոկտեմբերի 23-ին Կարմիր Շուկայից Շեխերի ուղղությամբ նաև տանկեր էին աշխատում՝ հարվածներ հասցնելով անտառներում տեղակայված հակառակորդի ուժերին։ Նույն օրվա գիշերը տեղանքում հայտնված  Բայրաքթարը խոցում է տանկերը։ Ժամկետային զինծառայողներ Գևորգ Ջավախյանը և Սամադ Սլոյանը վիրավորվում են, իսկ մի քանի օր հետո՝ մահանում։ Վարորդ Քաջիկ Քարամյանը զոհվում է տեղում։

Հաջորդող օրերին՝ հոկտեմբերի 24 և 25-ին, դիվերսիոն հարձակումները շարունակվում են գյուղի հարավային և հարավարևելյան անտառային մասերով։ Սրան զուգահեռ Դրախտիկի կողմից՝ հարավ-արեւելքից, պարբերաբար գյուղ նոր զորք էր մտնում։ Դեսանտագրոհային գումարտակի մոտ եղած՝ ПК, РПК, АГС, «Կորդ», «Ֆագոտ» զինատեսակներով և հրետանու աջակցությամբ ադրբեջանական զորքը ոչնչացվում էր։

Հոկտեմբերի 25-ի գիշերը հակառակորդի նոր զորքը գյուղի հարավարևելյան մասից նորից մտնում է Շեխեր։ Գյուղապետ Մխիթար Մանգասարյանի խոսքով՝ իրենք այդ ողջ ընթացքում գիշերային տեսանելիության սարքով դիտարկում էին հակառակորդի շարժը։ Մոտ 100 հոգանոց զորքը ոտքով գալիս և կուտակվում է Շեխերի կենտրոնական մասում գտնվող հին պահեստների մոտ։ Կուտակված զորքին ոչնչացնում է բարձունքում տեղակայված գումարտակը։

«Մեր զբաղեցրած դիրքերը բավականին նպաստավոր էին․ շատ բարձր էին։ Լավ պաշտպանություն կազմակերպելու պատճառներից մեկն էլ դա էր»,- ասում է վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննեսյանը։

Շեխերում հոկտեմբերի 22-ից սկսած՝ մարտերը ինտենսիվ էին, հատկապես ամսի 25-ից 27-ը գյուղում մարտերը թեժ էին։ Ամեն անգամ հակառակորդի զորքի ոչնչացումից հետո նորն էր մտնում գյուղ, և այդպես շարունակ մինչև հոկտեմբերի 27-ը։

Անընդհատ ընթացող մարտերից Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի զորքն աստիճանաբար սկսում է հյուծվել:

«Մեր զորքի հետ անմիջական շփման մեջ ես էի ու մեր շտաբի պետ Վալերի Սարգսյանը, ինքը պահեստազորի սպա էր և մեզ մոտ էր եկել մեր շտաբի պետի՝ Արթուր Ֆահրադյանի վիրավորվելուց հետո։ Հրամանատարական կազմը մեզնից ավելի ներքև էր։ Ինչ-որ պահից սկսած՝ ես իրենց անընդհատ զեկուցում էի, որ զորքի բարոյահոգեբանական վիճակը վատ է, պետք է ինչ-որ բան ձեռնարկել, թե չէ հնարավոր է զորքը ուղղակի թողնի գնա»,- ասում է վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննեսյանը։

Շեխերի պաշտպանության ժամանակ գումարտակի հրամանատարական կազմում էր փոխգնդապետ Սերգեյ Բարսեղյանը՝ ՊԲ մարտական պատրաստության բաժնի ավագ սպա։ Գևորգ Դանիելյանը, որ գումարտակի հրամանատար էր նշանակվել հրամանատար Լեռնիկ Վարդանյանի զոհվելուց հետո, նույնպես հրամկազմում էր, նա վիրավորվել էր հոկտեմբերի 8-ին Լյուլասազում (Վարնկաթաղ) և Շեխերում զորքին է միացել հոկտեմբերի 24-ին։

«Իմ բոլոր զեկուցումներն անպատասխան էին մնում, և ես տեսնում էի, թե ոնց է իրավիճակը հասունանում։ Սա ընդհանրապես զորքի թուլության հետ կապ չուներ, ուղղակի, երբ մի քանի օր շարունակ առանց հանգստի կռվում են, ֆիզիկապես արդեն անհնար է դառնում։ Ցերեկները գյուղի մեջ եղած թշնամուն էինք ոչնչացնում, գիշերներն էլ անտառների միջով դիվերսիոն հարձակումներն էինք կանխում»,- պատմում է Դավիթ Հովհաննեսյանը։

Հոկտեմբերի 27-ին գյուղում մեծ կուտակումներ կային։ Մխիթար Մանգասարյանը պատմում է, որ մոտ երկու հարյուր հոգանոց խումբ էր կուտակվել գյուղի ճանապարհի շրջադարձի վրա։ Կոորդինատները փոխանցելուց հետո հրետանին ոչնչացնում է խմբավորումներին։

«Մարտերի վերջին երեք օրը շատ ինտեսիվ էին․ օրը մի քանի անգամ մեկ-երկու ժամով մարտի մեջ էինք մտնում, հակառակորդին ջարդում, դուրս էինք հանում գյուղից, բայց գնալով իրենք շատանում էին։ Վերջին օրը՝ հոկտեբերի 27-ին, մեզ թվաց՝ վիճակը լավ է, ուժերի հարաբերակցությունը մեր կողմն էր անցել, կեսօրից հետո գառ մորթեցինք՝ մատաղ անելու, մտածում էինք՝ արդեն լավ է։ Նույն օրը՝ ժամը 6-ի կողմերը, հակառակորդը  գյուղի վրա հարձակում սկսեց միանգամից մի քանի ուղղությամբ և ավելի մեծ քանակով։ Էդպես էլ մատաղը կիսատ մնաց, հոկտեմբերի 27-ի գիշերը գյուղից դուրս եկանք»,-պատմում է գյուղի մաթեմատիկայի ուսուցիչ, պաշտպանական մարտերի մասնակից՝ Գեորգի Ավշարյանը։

Մխիթար Մանգասարյանը պատմում է, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան, երբ ծանր մարտեր էին ընթանում, իրեն լուր տվեցին, որ Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի զորքը գյուղից գնացել է։

«Ես նկատում էի, որ կռվելուն զուգահեռ զորքն արդեն կամաց-կամաց հավաքվում է։ Հարցրի՝ ինչ է եղել, տղաներն ասեցին՝ քանի որ իրենց մասին ոչ մեկը չի մտածում, իրենք իջնում են։ Ասեցի՝ մի խոսքով, տղերք, շատ վատ բան եք անում։ Կապվեցի հրամանատարության հետ, ներկայացրի իրավիճակը, բայց ոչ մի քայլ չեղավ, ոչ ոք որևէ բան չձեռնարկեց, չնայած նրան, որ ես անընդհատ տեղեկացնում էի զորքի բարոյահոգեբանական ծանր վիճակի մասին։ Դիմեցի զորքին, ասեցի՝ տղերք, պետք ա մնանք, բայց ես արդեն հասկանում էի, որ իրենց դժվար կարելի լինի կանգնեցնել, ու ես էլ իրենց հետ իջա. որտեղ իմ զորքը՝ էնտեղ էլ ես»,- պատմում է Դավիթ Հովհաննեսյանը՝ վերհիշելով գումարտակի՝ Շեխերում եղած վերջին՝ վեցերորդ օրը։

Գումարտակի հեռանալուց հետո Շեխերում մնացին գյուղացիներից կազմված ջոկատը և գումարտակի հրամկազմը՝ ընդհանուր մոտ երեսուն հոգի։ Որոշում կայացվեց մնալ գյուղում՝ չնայած գյուղի հիմնական մասն արդեն ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ էր։ Միայն Շեխերի արևմտյան հատվածի թաղամասերից մեկն էր, որ դեռ հայերի վերահսկողության տակ էր։ Այդտեղով անցնող արահետն էլ գյուղը թիկունքին կապող միակ ճանապարհն էր։

Զգալով, որ օղակը ամեն պահի ավելի է սեղմվում, և ներքևում սպասող վերջին շտապօգնության մեքենան գնացել է, որոշեցին, որ եթե այդ պահին գյուղից դուրս չգան, հնարավոր է՝ շրջափակման մեջ հայտնվեն։

«Կապ տվեցի հրետանու պետին, ասեցի՝ վիճակներս էսպես է, հրետանի աշխատեցրու էս մասի վրա, որ մենք կարողանանք դուրս գալ»,- ասում է Մխիթար Մանգասարյանը։

Մնացած միակ արահետով զորքը հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան Շեխերից դուրս եկավ դեպի Կարմիր Շուկա։

Հաջորդ օրը՝ ամսի 28-ին, Մխիթար Մանգասարյանը մի քանի գյուղացիների հետ գնում է Շեխերի և Կարմիր Շուկայի միջև ընկած «Կաղնու տակ» կոչվող տեղամասը, այնտեղ էր նաև Մարտակերտի գնդից մի խումբ, նրանք հույս ունեին, որ հնարավոր է հարձակման միջոցով կարողանան ազատագրել գյուղը։ Այս տեղամասում զորքը մնում է մինչև նոյեմբերի երկուսը, դրանից հետո, հույսը, որ հնարավոր է գյուղը հետ բերել, աստիճանաբար մարում է։

Շեխերից հեռանալուց հետո Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակը վերադառնում է Դրմբոնի զորամաս, որտեղից էլ նոյեմբերի չորսին տեղափոխվում է Շուշի։ 

Շեխեր գյուղի զոհերը 

Պատերազմի ընթացքում 378 բնակիչ ունեցող Շեխեր գյուղը ունեցել է երկու զոհ: Պայմանագրային զինծառայող Սամվել Ավանեսյանը գյուղի պաշտպանությանը մասնակցելուց հետո՝ նոյեմբերի 7-ին, զոհվել է Մարտունու շրջանի Ննգի գյուղում՝ ԱԹՍ-ի հարվածից։ Ժամկետային զինծառայող Հայկ Ղուլյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին, Ջրականում։ Հայկ Ղուլյանը հուղարկավորված է եղել գյուղում, ու միայն պատերազմի ավարտից և ադրբեջանական կողմի հետ երկարատև բանակցություներից հետո է թույլատրվել արտաշիրիմում կազմակերպել և աճյունը տեղափոխել Եռաբլուր։
Գյուղի բուն պաշտպանության ժամանակ զոհվել է երկու ժամկետային զինծառայող՝ Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակից Սեյրան Սիմոնյանը և Արտաշես Բաղդասարյանը)։

Պատերազմի ընթացքում և հետո գյուղում սպանվել է երկու քաղաքացիական անձ՝ Շեխերի բնակիչներ Հմայակ Միրզոյանը և Արարատ Ղուլյանը։

79-ամյա Հմայակ Միրզոյանն անկողնային հիվանդ է եղել և ողջ ընթացքում մնացել է գյուղում՝ այդպես էլ չտարհանվելով։ Նրան խնամել է աղջիկը՝ Գայանե Միրզոյանը, նա նույնպես մնացել է գյուղում։ Շեխերը գրավելուց հետո Գայանեն գերեվարվել է և Հայաստան վերադարձել 2020թ.-ի դեկտեմբերի 12-ին։ Իսկ հայրը սպանվել է։

Քաղաքացիական մյուս զոհը 35-ամյա Արարատ Ղուլյանն է եղել։ Նա պատերազմից հետո՝ նոյեմբերի 14-ին, հակառակ հոր պահանջին, վերադարձել է գյուղ, որտեղ էլ սպանվել է։

2020թ․-ի դեկտեմբերի 20-ին իրականացրած որոնողական աշխատանքների ժամանակ Հ. Միրզոյանի ու Ա. Ղուլյանի աճյունները գյուղից դուրս են բերվել, նրանց ինքնությունները հաստատված են, սակայն աճյունները առայժմ հարազատներին չեն հանձնվել։ «Հետքն» առաջիկայում այս պատմություններին կանդրադառնա։

Գյուղի նյութական կորուստները

Մարտունու շրջանի Շեխեր համայնքի նյութական կորուստների վերաբերյալ  հարցումներ ենք ուղարկել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Ստացել ենք հետևյալ պատասխանները։

Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել Շեխեր գյուղին պատկանող 130 շենք-շինություն: Վարելահող՝ 275 հա, խոտհարք՝ 24․60 հա, արոտավայր՝ 12․70 հա, բազմամյա տնկարկ՝ 28․40 հա, որից 8․89 հա-ն՝ խաղողի այգի, 35 տրանսպորտային միջոց, 98 գյուղտեխնիկա և սարքավորում։ Գյուղում գործում էր գինու գործարան։

Շեխերում է մնացել համայնքի բնակիչներին պատկանող 310 խոշոր եղջերավոր կենդանի, 360 մանր եղջերավոր կենդանի, 305 խոզ, 4230 թռչուն, 343 մեղվաընտանիք։

Շեխեր համայնքի ընդհանուր մակերեսը 934 հա է։

Hetq.am