Շաբաթ, Ապրիլի 27, 2024
Շաբաթ, Ապրիլի 27, 2024

Սևան համայնքում 44-օրյա պատերազմի 5 հերոսների ընտանիքներ վերածնունդ են ապրել

Հունվարի 30, 2024

44-օրյա պատերազմից երեք տարի չորս ամիս անց Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 5 հերոսների ընտանիքներում նոր երեխաներ են ծնվել։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  

2022 թվականի հունիսի 5-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Բաբայանի քույրը` Մարիամ Սևակի Բաբայանը, 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ հերոս Փայլակ Ղազարյանի քույրը` Մարի Դավթի Ղազարյանը,

2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ հերոս Հովիկ Վերանյանի եղբայրը` Հովիկ Վարուժանի Վերանյանը, 2023 թվականի դեկտեմբերի 1-ին՝ հերոս Լևոն Լևոնյանի եղբայրը` Լեո Կարենի Լևոնյանը, 2024 թվականի հունվարի 23-ին՝ հերոս Տիգրան Ղարիբյանի եղբայրը` Շանթ Համբարձումի Ղարիբյանը:

«Բոլոր ծնունդները բերկրանքով ու անհուն երջանկությամբ են լցրել ոչ միայն իրենց ընտանիքների, հարազատների, այլ նաև Սևան համայնքի բոլոր բնակիչների սրտերը։ Վերածննդի այդ հրաշք ակնթարթներն ապրել ենք բոլորս ու հավատում ենք, որ նրանք նոր շունչ, ուժ ու ավյուն կտան իրենց օջախներին, մեր հայրենի աշխարհին։ Սպասում ենք նոր վերածնունդների»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։ 

 44-օրյա պատերազմում Սևան համայնքը տվել է 34 զոհ։