Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Սեփական տաճարիդ գեթ մեկ քար ավելացրու.Գագիկ Գինոսյան

Փետրվարի 11, 2024

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրավերով օրերս Ստեփանակերտ էր այցելել Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադիր և ղեկավար, արձակագիր  Գագիկ Գինոսյանը:

Aparaj.am-ի թղթակիցը զրուցել է Գագիկ Գինոսյանի հետ:

— 2005թ. սկսած՝ «Կարին» համույթն իրականացնում է «Մեր պարերը և մենք» պարուսուցման ծրագիրը: Ինչքանո՞վ է այս ծրագիրը ընկալում երիտասարդությունը և ինչքանո՞վ է մասնակցություն ցուցաբերում ծրագրին:

— Ծրագրի իրականացման առաջին ժամանակաշրջանում, կարելի է ասել,  պարուսույցների քանակն ավելի շատ էր, քան սովորողներինը: Բայց հիմա, երբ ամառվա ընթացքում պարուսուցման ծրագիրն իրականացնում ենք «Կասկադում», պարի շուրջ են համախմբվում 1000-1500 մարդ: Քաղաքապետարանի աջակցությամբ Ազատության հրապարակում իրականացրած մի քանի միջոցառումներին մասնակցել են շուրջ 3 հազար մարդ, գլխավորապես՝ երիտասարդներ: Այսօր Հայաստանում ազգային պարին տիրապետում է մի ահռելի զանգված, ինչը ողջունելի և կարևոր փաստ է: Այդ շարժումն ընդհանրացվում է, և այսօր միայն «Կարին» ազգագրական խումբը չէ, որ նման միջոցառումներ է նախաձեռնում: Պարուսուցման դասընթացներ են նախաձեռնում նաև «Կարին»-ից ծնված շարժումները՝ «Պարենք հայերեն», «Շավիղ» և այլ խմբեր: Այս ծրագիրը դարձել է հայ իրականության անբաժանելի մասը:

— Պարոն Գինոսյան, մասնագիտությամբ կիբեռնետիկ եք, ստացել գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում։ Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել հայկական մշակույթով և մշակույթի ուսումնասիրությամբ:

— Ճակատագրի բերումով՝ 1987թ. հայտնվել եմ Հայրիկ Մուրադյանի «Վան» ազգագրական խմբում և սկսել ուսումնասիրել ազգային երգն ու պարը, ինչը և հետագայում դարձել է իմ կյանքի անբաժանելի մասնիկը: Այդ տարիներին ձեռք բերած պարային հմտությունները, պարի գիտական մոտեցման ուսումնասիրությունները բերել են այն զգացողությանն ու գիտակցությանը, որ ազգային երգ ու պարում թաքնված է մարդու ինքնության հիմնասյունը: Հետագայում անդամակցել եմ նաև Հայրիկ Մուրադյանի դստեր՝ Մարո Մուրադյանի «Ակունք>> ազգագրական համույթին: Բավականին փորձառություն ձեռք բերելով՝ սկսել եմ ուսումնասիրել հայկական որոշ տարածաշրջանների պարերը, և քանի որ Կարին տարածաշրջանի մշակույթը լիարժեք ներկայացնող խումբ չկար, որոշել եմ հիմնել «Կարին» ազգագրական խումբը, որը հաջորդ տարի՝ 2016-ին, նշելու է հիմնադրման 15 ամյակը:

Այսօր «Կարին» խմբի պարացանկի և երգացանկի աշխարհագրությունը վաղուց ընդլայնվել և դուրս է եկել Կարինի տարածաշրջանի սահմաններից՝ ընդգրկելով գրեթե ողջ հայկական լեռնաշխարհը:

Պարերը գրառել ենք ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից, այլև՝ Արցախից, Ջավախքից, ԱՄՆ-ի, Լիբանանի, Պարսկաստանի հայկական գաղութներից, անգամ Թուրքիայի մուսուլմանացած հայերից: «Կարին» խմբի պարացանկն այսօր բավական մեծ  է:

— Դուք զբաղվում եք բանահավաքչական գործունեությամբ: Քանի՞ պար եք փրկել մոռացությունից և ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:

— Դժվարությունները, ճիշտն ասած, շատ են: Կան մարդիկ, ովքեր սեփականատիրական վերաբերմունք ունեն իրենց պարերի նկատմամբ, և ենթադրում են, որ դու իրենց պարերի միջոցով սեփական կենսագրությունդ ես կերտում: Այնինչ, եթե նույն պարի հինգ տարբերակը գիտես՝ հետաքրքիր է մեկ այլ տարբերակ ևս ուսումնասիրել: Շատ դեպքերում՝ գրառված պարերի 30 տոկոսն անգամ չի բարձրանում բեմ:  Այն ավելի շատ որպես գիտական նյութ է հանդիսանում և ոչ թե որպես զուտ բեմական մշակույթ: Ցավալին այն է, որ շատ դեպքերում պարը կրողները մահանում են՝ իրենց հետ գերեզման տանելով պարերը:

Հազվադեպ՝ հիշատակումներից և գրքերից հնարավոր է լինում խճանկար հավաքելու գործողությամբ ստանալ պարի ընդհանուր պատկերը և ծագումնաբանության ծիսական պատկանելությունը: 60-80 տոկոսը հնարավոր է լինում հավաքել, հետո մտավոր պատկերացումով  կռահում ենք, թե ինչ պատկեր է այնտեղ:

— Համաշխարհայնության հիմնական դրսեւորումներից մեկը մշակույթն  է: Այսօր Հայաստանում մշակույթն օգտագործվո՞ւմ է որպես երկրի հզորացման ճանապարհ:

-Կարծում եմ՝ Հայաստանում այսօր մշակույթն ընդհանրապես ոչ մի առումով չի օգտագործվում: Մշակույթն ուղղակի ապացույց է, որ սա էլ ունենք, բայց այն նպատակային և գաղափարական օգտագործում չունի: Մշակույթը չի ընկալվում անգամ որպես դաստիարակության հիմք, այնպես որ, առավել ևս՝ չի կարող օգտագործվել որպես երկրի հզորացման ճանապարհ:

Ինչ վերաբերում է համաշխարհայնությանը, իմ կարծիքով՝ ամեն ազգ իր ինքնատիպությունն ունի և այդ համաշխարհայնությունը մի բանով էլ վնասում է մեր ազգին: Հակառակը, մենք պետք է հզոր մշակույթ կերտելով պաշտպանվենք այդ երևույթից:

— Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից մասնակցում էիք պատերազմին: Ի՞նչ եք կարծում, ի՞նչի համար էինք պայքարում և հասե՞լ ենք արդյոք այդ պայքարի արդյունքին:

— Իմ կարծիքով՝ պայքարը հավերժական է և չի կարող ավարտվել: Սահմանին տիրող իրավիճակն ապացուցում է, որ մեր հակառակորդը չի հաշտվում մեր պապենական հողի ազատագրման փաստի հետ և թույլ չի տալու մեզ հանգիստ ապրել: Այսօր տարբերությունն այն է, որ պայքարը խրամատից տեղափոխվել է նաև դիվանագիտական, տնտեսական և քարոզչական դաշտ: Բայց, իհարկե, մենք՝ որպես պատերազմում հաղթող երկիր, պետք է շատ ավելի լավ տնտեսական, քաղաքական ու  շահեկան վիճակում լինենք, քան թե կանք այսօր: Գարեգին Նժդեհն ասել է. «Անվերջ և անդադար քարոզչական աշխատանք է կյանքը»: Մենք անընդհատ պետք է զարգանանք ու վերակառուցվենք:

Պատերազմն իր հետ, ուզենք թե չուզենք, հասարակությանը բերում է պղտորման: Ժամանակ և կամք է պետք, որպեսզի հասարակությունը նման արհավիրքներից հետո ինքնամաքրվի: Ինքդ քեզ հետ պետք է պայքարես և ինքնամաքրման եզր գտնես: Ինչքան էլ ասենք, որ մենք հաղթանակած երկիր ենք, միևնույն է՝ հաղթանակած երկրի համար անգամ պատերազմն արհավիրք է, որն իր հետ տանում է հազարավոր լավագույն տղաների, լավագույն սերնդի: Այդ արհավիրքից դուրս գալու համար ինքնամաքրման կամք է պետք: Շատ կարևոր է նախ և առաջ սեփական տկարությունների դեմ պայքարելը, ինչը կյանքի ամենադժվար պայքարն է: Եթե մենք կարողանանք մեր թերացումները շտկել, ոչ մի թշնամի չի կարող մեզ հաղթել: Հաղթանակը սեփական տեսակը հաղթահարելու և կատարելության հասնելու ճանապարհն է: Այս տեսանկյունից՝ անելիքները դեռ շատ են:

Այնպես չէ, որ մեր երկիրը ծայրահեղ վատ վիճակում է, բայց մենք կռվում էինք այն գիտակցումով, որ հրաշալի, հզոր և լուսավոր երկիր ենք ունենալու: Այսօր խնդիրներ կան հատկապես քաղաքական ու տնտեսական բնագավառում: Այդ խնդիրների հիմքում ընկած են եւ՛ գաղափարական, եւ՛ դաստիարակչական բացթողումներ: Քաղաքական դաշտում՝ եթե մարդը գիտակցում է իր հայրենիքի մի մասնիկ լինելը և իր պարտականությունները հայրենիքի նկատմամբ, ապա դժվար թե սեփական շահերը գերադասի ազգային և պետական շահերից: Մեր երկրում անհրաժեշտ են դաստիարակչական և կրթադաստիարակչական դաշտի բարեփոխումներ:

— Այսօրվա սերունդը, ըստ Ձեզ, որքանո՞վ է կրում այն ոգին, որն ունեիք դուք ու Ձեր սերնդակիցները:

Մենք կարծում ենք, որ նոր սերունդը չի կարող մեզ գերազանցել և չի կրում այն պարտականությունը հայրենիքի նկատմամբ, որն ունեինք մենք, բայց այսօրվա իրավիճակում երիտասարդներն ապացուցում են, որ եթե նույնիսկ որոշ տեղերում նրանք չեն գերազանցում մեզ, ապա շատ-շատ հարցերում մեզ գերազանցող սերունդ են: Այսօրվա հասարակությունը կարծես թե բևեռացած է: Խորհրդային ժամանակաշրջանում գրեթե չկային բևեռացած մարդիկ՝ ոչ շատ վատ, ոչ շատ լավ: Հիմնականում միջին տեսակի մարդիկ էին: Հասարակությունը և պետությունը թույլ չէր տալիս, որպեսզի ինչ-որ մեկը նույնիսկ լավ իմաստով առանձնանա, որովհետև տարբերվող մարդը կարող էր անկառավարելի դառնալ պետության կողմից:

Րաֆֆին ասում էր. «Հայրենասիրությունը սկսում է հայրենաճանաչությունից»: Մենք ունենք երիտասարդության մի շերտ, որն ավելի քան հայրենաճանաչ է, գիտի պատմությունը, պատմության այն դրվագները, որի օրինակով  պետք է սերունդ դաստիարակվի: Կարծում եմ՝ մենք ֆենոմենի առաջ ենք կանգնած, մենք առանձնապես շատ ջանք չթափեցինք, հատկապես՝ պետությունը և իշխանությունները, որպեզի կառուցենք ու դաստիարակենք այս սերունդը:

Նժդեհն ասում էր. «Պատերազմները գալիս են խաղաղության ժամանակ մեր գրչի, վրձնի և մուրճի թերացումները սրբագրելու արյունով»: Պետք է շատ ավելի սթափ լինենք, որպեսզի պատերազմները չգան և արյունով չսրբագրեն մեր հայրենիքը…

Երկիրը  քանդող վատ երևույթներից է նաև արտագաղթը: Ինձ համար ցավալի է, որ տաղանդավոր մարդիկ ապաստան են գտնում օտար երկրներում: Այս երևույթի վերաբերյալ ունեմ բազմաթիվ աֆորիզմներ, դրանցից մեկը միշտ նշում եմ՝ օտարի համար հանճարեղ տաճար կառուցելու փոխարեն՝ սեփական տաճարիդ գեթ մեկ քար ավելացրու, թեկուզ ստիպված լինես այդ քարն ամրացնող շաղախի մեջ քո հանճարն անգամ թաղել…: Եթե մենք հետևենք այս աֆորիզմին, ի վերջո մենք էլ մեր տաճարը կկառուցենք:

«Հովհաննես Ադամյանը ստեղծել է առաջին գունավոր հեռուստացույցի նախատիպը և վաճառել Գերմանիային, փոխանակ ներդներ Հայաստանում: Այսօր Հայաստանում նույնիսկ վերանորոգման լուրջ արհեստանոց չկա, ուր մնաց հեռուստացույցի արտադրամաս: Իսկ իրականում մենք կարող էինք նույնիսկ թելադրող լինել հեռուստատեսության արտադրության ոլորտում:

Այսպիսի օրինակներ շատ կան: Մենք լքում ենք Հայաստանը, վաճառում ենք մեր միտքը ուրիշին: Մենք պետք է հասկանանք, որ նման ներդրումները վնասում են մեր անձը, մեր սեփական շահը, իսկ սեփական շահը՝ դա մեր հայրենիքի շահն է»:

29.12.2015

aparaj.am