Երեքշաբթի, Մայիսի 28, 2024
Երեքշաբթի, Մայիսի 28, 2024

Նժդեհի հոգեզավակը

Մարտի 17, 2024

«Եթե գան ու ձեզ հայտնեն, որ ես զոհվել եմ, չհավատաք.

ես Ստամբուլի պատերի տակ եմ ընկնելու»

♦ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է ու հրամայել գնալ քնելու, իսկ ինքը հերթապահել է նրա փոխարեն:

♦ Լեոնիդի Ազատագրական բանակը շատ ավելի կարգապահ էր, քան նույնիսկ խորհրդային բանակը:

♦ Նա Արցախում ազատագրել է 27 բնակավայր: 27 ռազմական գործողություն և ոչ մի զոհ, ոչ մի վիրավոր:

♦ Նրա դագաղը իրենց ուսերի վրա տանում էին 6 տարբեր կուսակցությունների անդամներ:

«Սա Հայաստանն է և վերջ»,-այսպես խրոխտ, կտրուկ ու վճռական էր մեր ժամանակի հերոս Լեոնիդ Ազգալդյանը: Նոյեմբերի 22-ին լրացավ նրա 69-ամյակը:

Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է Թբիլիսիում 1942թ-ին: Սովորել է Երեւանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երեւանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը եւ այն փայլուն ավարտել ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990թ. փետրվարից ստանձնել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների ինքնապաշտպանությունը: Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ եւ վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ` սկզբում գործելով Գետաշենի եւ Շահումյանի, այնուհետեւ՝ Մարտակերտի շրջաններում։

1991թ. հունիսին նա Հովսեփ Հովսեփյանի հետ միասին ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչեւ իր կյանքի վերջը։ Լեոնիդ Ազգալդյանը զոհվեց 1992թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում` Տոնաշեն գյուղի մոտ։ «Եթե գան ու ձեզ հայտնեն, որ ես զոհվել եմ, չհավատաք. ես Ստամբուլի պատերի տակ եմ ընկնելու»,-ասում էր Ազգալդյանը: Նա հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Վ. Վաղարշյանի անվան հիմնական դպրոցի խորհուրդը ազատամարտիկի ծննդյան օրը դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչեց նրա անունով: Լեոնիդի քույրը, հարազատները, ընկերները, ԵՊՀ դասախոսները եւ դպրոցի աշակերտները հավաքվել էին` հիշելու նրան, շնորհավորելու նրա հերոսական ծնունդը: Իրենց ընկերոջը հիշելու, նրա կյանքից պատառիկներ պատմելու ցանկություն ունեին ներկաներից շատերը: Նրանք իրենց պատմություններով յուրովի ամբողջացրին հերոսի կերպարը:

ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի հանրահաշվի եւ երկրաչափության ամբիոնի դոցենտ ՆՈՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ. «Լեոնիդը լուրջ մտավորական էր, ղեկավարում էր Լազերային տեխնիկա գիտահետազոտական ինստիտուտի հաշվողական մաթեմատիկայի բաժինը: Դուք չեք պատկերացնում, թե ինչ խորը գիտելիքներ պետք է ունենար դիմորդը, որպեսզի այդ թվականներին ընդունվեր Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան: Եվ նա ընդունվեց, ընդ որում` ֆիզիկայի ֆակուլտետ: Բայց ընտանեկան պատճառներով տեղափոխվեց ԵՊՀ` ավարտելով ֆիզիկայի ֆակուլտետը: Լեոնիդը համեստագույն մարդ էր, շատ տաղանդավոր էր, բազմաշնորհ, ֆիզիկական արտակարգ տվյալներով. սպորտի վարպետ, մի քանի սպորտաձեւի Հայաստանի երիտասարդական հավաքականների անդամ: Իսկ մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաներից` հանրապետական օլիմպիադաների հաղթող:

1988թ. հանրահավաքներից մեկի ժամանակ եկավ, լսեց, ապա ձեռքը թափ տվեց ու հեռացավ` ասելով` այս պայքարը զինված պայքար է: Նա լծվեց զենքեր ստեղծելու գործին: Առաջին ինքնաստեղծ, ինքնաշեն զենքերը ստեղծվեցին Լեոնիդ Ազգալդյանի, Ալեքսանդր Թամանյանի եւ իրենց մյուս ընկերոջ` Կարեն Գրիգորյանի ջանքերով: Այնուհետեւ գործին միացանք նաեւ մենք՝ համալսարանի դասախոսներս: «Մենք փոքրաթիվ ազգ ենք, նշանակում է` պետք է հզոր զինատեսակներ ունենանք, որ կարողանանք ինքներս մեզ պաշտպանել ավելի մեծաքանակ բանակների դեմ հնարավոր պատերազմում»,- ասում էր Լեոնիդը և հեռահար ծրագրեր էր մշակում ռազմաարդյունաբերական հզոր համակարգ ստեղծելու, ապագա կանոնավոր բանակի կարիքները հոգալու համար: Մենք մեզ վրա վերցրինք Ազատագրական բանակի սպասարկման հարցերը, օգնեցինք զինամթերքի բավականին մեծ պաշարով, հայթայթեցինք զինվորական հագուստ, կոշիկներ եւ գլխարկներ: Մենք հասկանում էինք, թե ինչ բարդ գործ է կատարում Ազգալդյանն իր ջոկատով. Մարտակերտի տարածքը Արցախի 40 տոկոսն է կազմում, երեք կողմից շրջապատված էր թուրքերով: Եվ քանի Լեոնիդ Ազգալդյանն էր ղեկավարում այդ տարածքի պաշտպանությունը, թշնամու նույնիսկ մի տանկ չհատեց սահմանը: Նա մինչեւ նորեկ ջահելներին մի քանի ամիս չէր մարզում, մարտի չէր տանում: Եղել են դեպքեր, երբ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է նրան ու հրամայել «գնալ քնելու» եւ անձամբ հերթապահել է դիրքում: Զինվորը հաջորդ անգամ ավելի ուշիմ էր, ամոթից չգիտեր, թե ուր գնար, ոչ թե ասում էր` ինչ լավ է, գնամ քնեմ: Նա մեծ զորավար էր, հզոր մարդ, որ պատժաբեր լինելու խնդիր չուներ: Լեոնիդին զինվորները պաշտում էին: Նա մագնիսի նման ձգում էր զինվորներին, եւ դա է պատճառը, որ նրա զինվորներից շատերն այսօր հայկական բանակի հրամանատարներ են: Ազգալդյանի մահվանից հետո էլ նրանք մնացին աներեր ու Քարվաճառի ազատագրման ժամանակ առաջին շարքերում էին»:

«Կարին» պարային համույթի ղեկավար, Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ. «Մեր ջոկատում ծխելը, խմելը խստիվ արգելված էին, իսկ զենքը կամ պահեստում պետք է լիներ, կամ` ձեռքում: Եթե զենքդ մի կողմ դնեիր, հաջորդ ակնթարթին ջոկատում չէիր լինի: Ջոկատի համալրումը կատարվում էր խստագույն ընտրությամբ. անդամակցել կարող էին միմիայն անսահման հայրենասեր, անձնվեր, ուժեղ ոգու և երկաթյա կամքի տեր, առաքինի ու կարգապահ մարտիկները: Լեոնիդի Ազատագրական բանակը շատ ավելի կարգապահ էր, քան նույնիսկ խորհրդային բանակը: Նրա բանակի կարգապահության հիմքում, Նժդեհի բառերով ասած, գիտակցական կարգապահությունն էր: Այսինքն` երբ զինվորը հասկանում էր իր կարգապահ լինելու առաքելության կարեւորությունը, նրան պետք չէր պարտադրել, ինչպես արվում է շատ-շատ բանակներում: «Նժդեհի հոգեզավակ»` այսպես էինք նրան կոչում: Լեոնիդ Ազգալդյանը ստեղծել է 300 հոգանոց կանոնավոր բանակ, որն ամենօրյա ֆիզիկական, մտավոր, գաղափարական մարզումներ էր կատարում: Նա Արցախում ազատագրել է 27 բնակավայր: Սա, ինձ թվում է` բավականին լուրջ թիվ է Արցախյան հերոսամարտի չափանիշներով, եւ այս մարդուն պետք է հերոսի կոչում շնորհել, որպեսզի չմեղանչենք հայ պատմության եւ ապագայի նկատմամբ:

Հիշում եմ՝ մեքենայով գնում էինք, տղաներից մեկը զենքը հանեց, որ ճախրող բազեի վրա կրակի: Լեոնիդը սաստեց եւ ասաց՝ երբեք մի ընդհատեք որեւէ մեկի ճախրանքը:

Արցախյան գոյամարտի ընթացքում Ազգալդյանի գլխավորած ջոկատը տվել է 6 զոհ: Յոթերորդն ինքն էր, իսկ իրենից 12 օր առաջ զոհվել էր տեղակալը` Վլադիմիր Բալայանը: Լեոնիդը նրա մասին խոսելիս ասել է, թե նման զորավարներ ազգը ծնում է միայն 100 տարին մեկ: 1992թ. հունիսի 6-ին ադրբեջանցիները լայնածավալ հարձակում սկսեցին Չայլուի ուղղությամբ: Ազգալդյանը հիվանդանոցում ապաքինվում էր, և ջոկատի հրամանատարությունը ստանձնել էր նրա ընկերը` Վլադիմիր Բալայանը: Հեռահար հրանոթից արձակված արկը պայթեց նրա կողքին… Մենք առաջին անգամ միայն այդ օրը արցունք տեսանք հրամանատարի աչքերում: Հուղարկավորությունից հետո նա երկար կանգնեց հողաթմբի մոտ, հետո համբուրեց շիրիմը, ապա ասաց. «Մեկ է, ես շուտով գնալու եմ ու երկնքում հանդիպեմ Վլադիմիրին,-այնուհետեւ ավելացրեց:- Գիտեմ՝ դժվար է, սակայն փորձության ժամին չզլանաք. կանչեք Վլադիմիրին, և նա կհասնի օգնության»: Այդ բառերը հետագայում գրվեցին Վլադիմիրի շիրմաքարին: Լեոնիդի գերագույն շնորհը, իմ կարծիքով, նրա բարոյական հանճարն էր: Նա ոչ մի դեպքում չէր կարող փոխվել, չէր կարող, շատ կներեք բառիս համար` լղոզվել, դառնալ իշխանիկ եւ կատարածու:

«Կան ժողովուրդներ, որ ապրում են մեռնելու համար, բայց կան ժողովուրդներ էլ, որ մեռնում են ապրելու համար: Մենք, բարեբախտաբար, երկրորդ տեսակին ենք պատկանում»,- ասում էր Ազգալդյանը: Երբ գալիս էին կամավորական տղաները և ասում, որ եկել են զոհվելու հանուն Արցախի, նա ընդհատում էր` «Վերադարձեք տուն, դուք ինձ պետք չեք. ինձ պետք են հանուն Արցախի կռվող և ապրող տղաներ»: Կոմանդոսը խոստովանել է՝ Լեոնիդից սովորեց, որ չի կարելի զոհել հայ զինվորին: Լեոնիդը նրան ասել էր. «ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՎՈՐՆ Է: Դրանից ավելի մեծ արժեք էս երկիրը չունի, եւ նրանց չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս խուսափեք զոհերից»:

Լեոնիդի ֆրանսահայ ընկեր ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆ. «Լեոնիդին հանդիպեցի Վարդենիսում, որտեղ ստեղծվել էր մարտիկների ուսումնավարժական կենտրոն: Նրա անմիջական ղեկավարությամբ ռազմական պատրաստություն էին ստանում հարյուրավոր երիտասարդներ: Ազգալդյանը իր ռազմիկների անփոխարինելի ուսուցիչն ու դաստիարակն էր թե՛ ռազմագիտության, և թե՛ գաղափարական հարցերում: «Շատ քրտինք` զորավարժությունների ժամանակ, քիչ արյուն` ռազմադաշտում»- այս սկզբունքով էր առաջնորդվում նա:

Ես մտածեցի, որ նա ռազմական ակադեմիայի շրջանավարտ է, բայց որքան մեծ եղավ զարմանքս, երբ իմացա, որ գիտնական է: Նա մասնագիտությամբ զինվորական չէր, սակայն օժտված էր զորավարի բնատուր ունակությամբ: Նրա հրամանատարությամբ գործող ջոկատները երկար և հաղթական ուղի անցան, որ ձգվում էր Վարդենիսի սահմանամերձ գյուղերից մինչև Նոյեմբերյան ու Երասխ, այնտեղից Կոռնիձոր, ապա Շահումյան ու Մարտակերտ: 27 ռազմական գործողություն, եւ ոչ մի զոհ, ոչ մի վիրավոր, նման տվյալներ ոչ մի երկրի ռազմական պատմության մեջ ամրագրված չէ: Օրը քսանչորս ժամ նրա կողքին էի: Հիշում եմ, երբ մի անգամ եկանք Երեւան, նա բենզին գնեց, ուզում էր վճարել, բայց նրան ասացին՝ ձեզնից չի կարելի գումար վերցնել, դուք մեզ պաշտպանում եք: Ջղայնացավ եւ ասաց` ես իմ գործն եմ անում, դուք՝ ձեր:

Մի անգամ էլ թեթեւ վիրավորված մի տղայի համար ողբում էր, զարմացած նայում էի. չէ՞ որ օրական տասնյակ մարդիկ են զոհվում: Նա, նկատելով զարմանքս, ասաց. «Մեր մեկը հարյուր արժե. չէ՞ որ մենք մեկս հարյուրի դեմ ենք կռվում»:

Ուսուցողական է հաջորդ հուշս. տղաներից մեկը Մարտակերտի շրջանում կրիային խփեց: Ես Լեոնիդին երբեք այդքան կատաղած չէի տեսել: Նա այդ տղային վտարեց իր ջոկատից, չնայած մեկ տարուց ավելի ծառայություն էր մատուցել ջոկատի կազմում: Ասաց, թե չի հանդուրժի այն մարդուն, որ իրեն որեւէ վնաս չտված, երկարակյաց կրիային վիրավորեց. «Ի՞նչ ես ուզում այդ կրիայից. որովհետեւ նա՞ էլ է հայի նման՝ հանդարտ շարունակում է իր կյանքի ընթացքը, անվնաս է: Ադրբեջանցիներն էլ չեն հանդուրժում մեր այս կրիա լինելը, նրանք մեզ խփում են, ինչպես դու արեցիր»: Խորենը ծնկաչոք աղաչում էր, որ մնար, բայց նա չհանդուրժեց, չներեց:

Հիշեմ մի դրվագ եւս, երբ արտասահմանցի լրագրողներից մեկը հարցազրույց վերցնելիս Լեոիդին հարցրել է`«Ի՞նչ գույն ունենք» (ասել է թե` որ կուսակցությանն եք պատկանում), նա ծնկի է եկել, մի բուռ հող վերցրել ու ասել. «Ահա իմ գույնը»: Խորհրդանշական է, որ նրա դագաղը իրենց ուսերի վրա տանում էին 6 տարբեր կուսակցությունների անդամներ, ինչը վկայում էր, որ երիցս ճշմարիտ էր Ազգալդյանը. «Հայրենիքի հանդեպ բոլորն էլ հավասար են»:

hayzinvor.am