Երեքշաբթի, Մայիսի 28, 2024
Երեքշաբթի, Մայիսի 28, 2024

Հարցրի՝ ի՞նչ լուր կա, ասեց՝ թե բա գտել են… Էդ տարածքից ոչ մեկը ողջ դուրս չէր եկել․ Ռեգինան մինչև վերջին օրը սպասում էր ամուսնուն

Մարտի 17, 2024

«Մենք մինչև վերջին օրն էլ սպասում էինք, ասում էինք՝ հեսա մի տեղից դուրս կգա, մի ձև դուրս կգա»,- հուզմունքով նշում է 30-ամյա Ռեգինա Բաբայանը, որի ամուսնական երջանկությունը 3 տարի էլ չտևեց, 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրեց ամուսնուն՝ 33-ամյա Վլադիկ Գևորգյանին։

Վլադիկ Գևորգյանը ավագ լեյտենանտ էր։ Բանակ զորակոչվելուց հետո էր որոշել շարունակել ծառայությունը որպես պայմանագրային զինծառայող:

Ապրիլյան պատերազմին ակտիվ մասնակցությունից լեյտենանտի կոչում էր ստացել։ Կինն ասում է՝ ամուսնուն պետք է արդեն կապիտանի կոչում տային, սակայն պատերազմը սկսվեց: 

Վլադիկը դիրքեր էր բարձրացել սեպտեմբերի 19-ին, պետք է վերադառնար տուն՝ երեխայի 1 տարին նշեին, սակայն վերադարձն անընդհատ հետաձգվում էր: 

«Սեպտեմբերի 21-ին էստեղ միշտ զգոնացում ա լինում, համար մեկ էին տվել, իրենք բարձրացել էին պոստ։ Հետո էլ չթողեցին գար, սեպտեմբերի 22-ին ասեց՝ երկու օրով էլ ա հետաձգվում, հետո պոստից իջել ա, իրան պատասխանատու են նշանակել, հաջորդ օրը որ պիտի գար, տագնապով հանել են պոստեր, արդեն սեպտեմբերի 26-ն ա եղել, 27-ին պատերազմը սկսվեց, էդպես էլ ինքը չկարողացավ գալ»,- հուզմունքով «Մեդիալաբին» պատմում է 30-ամյա կինը։

Մինչև պատերազմը Ռեգինան և Վլադիկը Ստեփանակերտում են վարձով բնակվել, Վլադիկը ծնունդով Թաղավարդից էր, Ռեգինան՝ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղից։

Հուլիսի 20-ին Ռեգինայի և Վլադիկի ամուսնության երրորդ տարին է, Ռեգինան ասում է՝ շատ երազանքներ ունեին՝ տուն ստեղծել, էլի երեխաներ ունենալ․ «Տղաս սեպտեմբերին 2 տարեկան կլինի, ես ասում էի՝ շատ երեխաներ ունենանք, արդեն մտածում էինք՝ մի քիչ անցնի՝ երկրորդն ունենանք։ Ես սեպտեմբերին վիրահատություն տարա, ասեցի՝ անցնի, լավ լինեմ, բայց վերքերս դեռ չէին լավացել, որ պատերազմը սկսվեց»,- հուզվում է Ռեգինան։

Ռեգինան հոկտեմբերի 26-ի առավոտյան վերջին անգամ մի քանի վայրկյան կարողանում է խոսել ամուսնու հետ։ Ամուսինն ասում է՝ զբաղված եմ, կզանգեմ, բայց այդպես էլ զանգը չի հնչում։

Ռեգինան հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 20-ը ամուսնուց լուր չի ունեցել, ամեն օր ու ամեն վայրկյան սպասել է, որ ամուսինը կգա։ 

«Էնքան տարբեր վարկածներ կային, մեկն ասում էր՝ երևի շրջափակման մեջ ա ընկել, մի տեղից դուրս կգա, մինչև վերջին օրն էլ սպասում էինք, որովհետև էդ ընթացքում շատ էր լինում, որ անտառում 15-20 օր խումբ էր լինում, հետո դուրս էին գալիս։ Որ իմանում էինք՝ էսինչ տեղից մեկին գտել են, էսինչ տեղը վիրավոր կա, հիվանդանոցները սաղ քրքրում էինք, միշտ կապի մեջ էինք, Ղարաբաղում հարցուփորձ էինք անում։ 

Նոյեմբերի 20-ին իմացանք, որ էդ օրը մտնելու են որոնողական աշխատանքների համար, բայց սպասում էի, որ էդ օրն իրան  չպիտի գտնեն, ես էդ հույսն ունեի, որ իրան չեն գտնելու, որ ինքը ողջ է լինելու»,- հուզվում է կինը և պատմում, որ ամուսնու ընկերն էլ է որոնողական աշխատանքին մասնակցել և ճանաչել ամուսնու մարմինը։

«Զանգել էին սկզբում պապայիս, հետո ես ախպորս հարցրի՝ ի՞նչ լուր կա, ասեց՝ թե բա գտել են… Էդ տարածքից ոչ մեկը ողջ դուրս չէր եկել»,- ասում է Ռեգինան։

Ասում է՝ երբեք մտքով չէր անցնի, որ ամուսինը կարող է զոհվել։ Մինչև այսօր էլ սպասում է, որ կարող է դուռը բացել և ներս մտնել:

«Ինքը շատ նվիրված էր իր գործին, իր գործը լավ գիտեր, երբ զանգում էինք, ասում էր՝ սաղ լավ ա լինելու, մի՛ վախեցեք: Որ զանգում էր, ասում էի՝ հեռուստացույցով ասում են՝ ձեր մոտ ռմբակոծություն ա եղել, ասում էր՝ սուտ են ասում, ոչ մի բան չկա։ Ես հլը մտածում եմ, որ մեկ ա՝ ինքը պիտի գա»,- ասում է Ռեգինան։

Ամուսնու զոհվելուց Ռեգինայի կյանքը լրիվ գլխիվայր շրջվել է։ «Ո՞նց ա փոխվում մարդկանց կյանքը, որ մի կարևոր մասնիկ իրենց տնից բացակայում ա, իմաստ էլ չկա»։

Ուշադիր, հոգատար, կատակասեր, բոլոր զինվորների ու ծանոթների կողմից շատ սիրված․ այսպիսին է կինը նկարագրում Վլադիկին:

«Ինքը էնքան կատակներ էր անում, ընենց լուրջ դեմքով էր կատակներ ասում ու պատմում, ոչ մեկը չէր կարողանում գլխի ընկնել՝ լո՞ւրջ է ասում, թե՞ կատակ անում։ Հիշում ենք կատակները, նկարներն ու վիդեոները նայում։ Հիշողություններով ենք ապրում»,- ասում է Ռեգինան։

Ռեգինայի համար այժմ միակ հույսն ու սփոփանքը 2-ամյա տղան է՝ Գոռը․
«Հիմա ամբողջ առօրյան երեխայիս հետ ա անցնում, իմ բոլոր նպատակները միայն իր հետ են կապված։ Արդեն 9-10 ամիս է՝ Վլադիկը չկա»,- կսկիծով ասում է Ռեգինան։

MediaLab.am