Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Արցախը՝ Ադրբեջանի բռնազավթումից հետո․ մաս 1՝ Հադրութ

Հունիսի 23, 2024

Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվում Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերում ավերումների մասին։ #CivilNetCheck-ը արբանյակային լուսանկարների օգնությամբ ուսումնասիրել է Ադրբեջանի վերահսկողոթյան տակ անցած նախկին ԼՂԻՄ-ի տարածքում տեղի ունեցած ավերածություններն ու փոփոխությունները։ Հոդվածաշարի առաջին հոդվածում ներկայացվում է Հադրութի շրջանի գյուղերի վիճակը։

2020-ին Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Լեռնային Ղարաբաղի 121 բնակավայր, այդ թվում՝ ավելի քան 50 բնակավայր նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքից։

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակման ու ամբողջական էթնիկ զտման հետևանքով ԼՂ-ն ամբողջությամբ անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։

Հադրութի շրջանի գյուղերը

2015-ի մարդահամարի համաձայն՝ Հադրութի շրջանի ընդհանուր բնակչությունը 12 000 էր։ Արբանյակային լուսանկարները փաստում են, որ 2020-ից հետո Հադրութի 45 բնակավայրերից 23-ը լրջորեն վնասվել են, որոշները՝ հիմնահատակ ոչնչացվել:

Հադրութ քաղաքը ևս մասնակիորեն քանդվել է։ Մասնավորապես՝ քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող մի քանի թաղամաս ավերվել է։ Տների մի մասը վնասվել էր 44-օրյա պատերազմի առաջին երկու շաբաթներին՝ Ադրբեջանի զինված ուժերի հրետակածությունների և դիտավորյալ հրկիզումների հետևանքով։

Հադրութի հարավ-արևմուտքի ավերումը. Հունիս 2020 / Սեպտեմբեր 2023

Քաղաքի հարավային և հյուսիսային թաղամասերում տները վնասվել կամ ավերվել են նաև պատերազմի ավարտից հետո՝ գտնվելով ադրբեջանական վերահսկողության տակ։ Հիմնականում ապամոնտաժվել են տների տանիքները, ենթադրաբար՝ որպես շինանյութ։ Որոշ տներ ամբողջությամբ քանդվել են, որոշները վերանորոգվել և բնակեցվել։ Ադրբեջանցիները քանդել են նաև 1932-ին հիմնադրված Հադրութի կենտրոնական գրադարանը։

Հադրութի հարավ-արևմուտքի ավերումը. Հունիս 2020 / Սեպտեմբեր 2023

Այսպես, Հադրութի հյուսիսային հատվածում՝ քաղաք մտնող ճանապարհի աջ կողմում մի քանի բնակելի տուն քանդվել է, փոխարենը տարածքում կառուցվում է մզկիթ։ Ադրբեջանան ITV հեռուստաալիքի ռեպորտաժներից մեկում լրագրողը հայտնում է, որ Հադրութ քաղաքում «վթարային վիճակում» գտնվող 150 տուն է քանդվելու։

Հադրութում կառուցվող մզկիթը. 27.04. 2024, աղբյուրը՝ ITV

Հադրութ քաղաքը շրջապատող Տյաք, Վանք, Թաղասեռ, Վարդաշատ, Կարմրակուչ գյուղերը, ինչպես նաև շրջանի հյուսիս-արևելքում գտնվող Կյուրաթաղ, Ուխտաձոր, Ակնաղբյուր, Պլեթանց, Ծաղկավանք, Մելիքաշեն գյուղերում, ըստ արբանյակային նկարների, ավերումներ և լուրջ վնասներ չեն եղել։ Հադրութից արևելք ընկած Այգեստան գյուղում ադրբեջանցնիները քանդել են մի քանի տուն՝ գյուղով անցնող ճանապարհը լայնացնելու համար, ինչպես նաև վնասել Վանք գյուղի Սպիտակ խաչ վանքը (չշփոթել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի հետ, որտեղ Գանձասարի նշանավոր վանքն է):

Հադրութ քաղաքը և շրջակա գյուղերը. կարմիր նշանով՝ վնասված, կանաչով՝ չվնասված բնակավայրերը։

ԼՂԻՄ-ի ամենահարավային մասում գտնվող Առաքել համայնքը ներառում է Առաքել, Սարալանջ, Ձորագյուղ, Քարագլուխ գյուղերը։ Առաքել գյուղում պատերազմի ընթացքում անվնաս մնացած շուրջ երեք տասնյակ բնակելի շինություններից մոտ կեսը ադրբեջանցիները վնասել են՝ հանվել են տների տանիքները, որոշները ավերել են։ Գյուղում ոչնչացվել է հուշարձան-խաչքար։

Առաքել գյուղի տների ավերումը. Հունիս 2020 / Սեպտեմբեր 2023

Համայնքի կազմի մեջ գտնվող Ձորագյուղ բնակավայրում պատերազմից առաջ կանգուն տասնյակ տների մեծ մասը վնասվել կամ քանդվել է։ Քարագլուխ և Սարալանջ գյուղերը գրեթե չեն վնասվել։ Քարագլխի Սբ Հովհաննես եկեղեցին ևս արտաքնապես չի վնասվել։

Առաքել համայնքի Ձորագյուղ գյուղի տների ավերումը. Հունիս 2020 / Սեպտեմբեր 2023

Բանաձոր համայնքում ընդգրկված Բանաձոր և Ցոր գյուղերը տուժել էին դեռ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, և գյուղերի տարածքները մեծամասամբ լցված էին չվերաբնակեցված տների ավերակներով։ 2020-ի պատերազմից հետո երկու գյուղերի բնակելի որոշ տների տանիքներ ադրբեջանցիները ապամոնտաժել են։ Ցորի Սբ Ամենափրկիչ եկեղեցին, համաձայն արբանյակային նկարների, չի տուժել։

Ցոր և Բանաձոր գյուղերի վիճակը 2023-ի օգոստոսին

Հադրութի շրջանի արևելքում գտնվող Ծամձոր, Սարիշեն, Խանձաձոր, Հին Թաղեր և Արևշատ գյուղերը չեն քանդվել, ինչը չի կարելի ասել Խծաբերդ և Մոխրենես գյուղերի մասին, որոնք համարյա հիմնահատակ ոչնչացվել են։

Խծաբերդ համայնքն ադրբեջանական վերահսկողության տակ անցավ 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ 2020-ի դեկտեմբերի 12-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, գրավեցին Խծաբերդ, Արփագետիկ, Սպիտակաշեն, ինչպես նաև Հին Թաղեր գյուղերը։

Ներկայում Խծաբերդը մեծամասամբ ավերված է։ Գյուղում կանգուն են մնացել մի քանի շինություն և գյուղի դպրոցը։ Մնացած տները լրջորեն վնասվել կամ հիմնահատակ ավերվել են։

Խծաբերդ գյուղի տների ավերումը. Հոկտեմբեր 2020 / Սեպտեմբեր 2023

Նույն ճատակագրին են արժանացել նաև Խծաբերդ համայնքի մեջ մտնող Արփագետիկ (Քարինգ) և Սպիտակաշեն գյուղերը, որոնցում տները մասնակի քանդվել են, հանվել են տանիքները։

Սպիտակաշեն և Արփագետիկ գյուղերի վիճակը 2023-ի օգոստոսին

Հադրութից հյուսիս-արևմուտք Մոխրենես գյուղը Ադրբեջանը հողին է հավասարեցրել։ Արբանյակային լուսանկարները փաստում են, որ գյուղի ավելի քան հինգ տասնյակ տներից կանգուն է մնացել միայն յոթը։

Մոխրենես գյուղի ամբողջական ավերումը. Հունիս 2020 / Սեպտեմբեր 2023

Sentinel-Hub կայքի արբանյակային նկարները փաստում են, որ գյուղի տների քանդման լայնամածավալ աշխատանքներն իրականացվել են 2022-ի ապրիլից մինչև 2022-ի աշուն։

Մոխրենես գյուղի ամբողջական ավերումը 2022-ի ընթացքում

«Հեյդար Ալիևի հիմնադրամը» 2024-ի մայիսին հայտարարեց, որ Մոխրենես (Susanlıq) գյուղում իրականացվում են «եկեղեցու վերականգնման աշխատանքներ»։ Խոսքը գյուղի 18-19-րդ դարի Սբ Սարգիս եկեղեցու մասին է, որը 2022-ի ապրիլին Ադրբեջանը մասնակի քանդել էր։ 2024-ի ապրիլի արբանյակային լուսանկարներում երևում է, որ եկեղեցու վրա նոր՝ գազարագույն տանիք է դրվել։ Մոխրենես գյուղի քանդման մասին ադրբեջանական կողմը որևէ հայտարարություն չի արել, և անհայտ է, թե ինչ է այնտեղ նախատեսվում անել։

Մոխրենեսի հարևան գյուղերը՝ Տողը և Թաղուտը, ևս լրջորեն վնասվել են։ Արբանյակային թարմ լուսանկարները փաստում են, որ երկու գյուղերում ադրբեջանցիները վնասել են ընդհանուր շուրջ հինգ տասնյակ տուն։

Թաղուտ և Տող գյուղերի տների ավերումը. Հունիս 2020 / Սեպտեմբեր 2023

Թաղուտ համայնքի ղեկավար Արմեն Ղուկասյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ 2020-ին գյուղերի տները այրել են ադրբեջանցի զինծառայողները՝ դրանք գրավելուց անմիջապես հետո։

Տումի գյուղը, որը 2020-ի հոկտեմբերի 23-ին էր անցել Ադրբեջանի վերահսկողությանը, ևս տուժել է։ Գյուղի շինությունների մեծ մասը լրջորեն վնասվել են, մի մասը՝ պատերազմական գործողությունների, մյուս մասը՝ ադրբեջանցիների կողմից պատերազմից հետո։

Տումի գյուղի տների ավերումը 2021-ի ընթացքում

Տող գյուղից արևելք ընկած Ծակուռի և Ջրակուս գյուղերը, համաձայն արբանյակային վերջին լուսանկարների, գրեթե չեն վնասվել։ Սակայն ադրբեջանցիները այդ երկու գյուղերի մեջտեղում տեղակայված Մարիամաձոր գյուղի տասնյակ շինություններ մասնակի քանդել կամ վնասել են։

Մարիամաձոր գյուղի տների ավերումը. Հունիս 2020 / Սեպտեմբեր 2023

Առավել շատ տուժել են Հադրութի շրջանի հյուսային հատվածում գտնվող երեք գյուղեր՝ Մեծ Թաղերը (Թաղլար), Ազոխը և Դրախտիկը։ Մեծ Թաղերի միջով ադրբեջանցիները նոր, լայն ճանապարհ են կառուցել՝ հիմնահատակ քանդելով ավելի քան 30 տուն։ Մի քանի տասնյակ տուն էլ, որոնք կապված չեն նոր ճանապարհի կառուցման հետ, ամբողջովին կամ մասամբ քանդվել են 2021-23 թթ.։

Մեծ Թաղեր գյուղի մասնակի ավերումը. Հունիս 2020 / Սեպտեմբեր 2023

Ադրբեջանը՝ Ֆիզուլին Շուշիի կապող այսպես կոչված «Հաղթանակի ճանապարհի» կառուցման համար ոչնչացրել է նաև Մեծ Թաղերի գերեզմանատունը և 1890-ին կառուցված կամուրջը։

Մեծ Թաղեր գյուղի գերեզմանոցի ավերումը. Հունիս 2020 / Սեպտեմբեր 2023

Թեև հարևան Ազոխ և Դրախտիկ գյուղերով Ադրբեջանը նոր ճանապարհ չի կառուցել, սակայն երկու գյուղերում ավելի քան 35 շինություն մասնակի կամ ամբողջությամբ վնասվել է։ Բացի այդ, Ազոխում ոչնչացվել է Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանները։

civilnet.am