Ուրբաթ, Հուլիսի 19, 2024
Ուրբաթ, Հուլիսի 19, 2024

Հուլիսի 3-ը Դուշման Վարդանի հիշատակի օրն է. Աթոռի ժամանակ չէ… իմ տեղը կռվի դաշտում է, ես այնտեղ ավելի պետք եմ

Հուլիսի 03, 2024

 «Ամոթ է այն երիտասարդների համար, ովքեր գնում են Ռուսաստան եւ դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ։ Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի», այս եւ նմանատիպ այլ հայրենասիրական մտքեր էր արտահայտում Դուշման Վարդանը` Վարդան Ստեփանյանը, որը միշտ առանձնացել է ոչ միայն իր հայրենասիրությամբ, այլեւ իր բարոյական սկզբունքներով, գրագետ գործունեությամբ։ «Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ։ Ես զինվորն եմ իմ երկրի… Կոչնչանան բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք վնասում են ազգի շահերին»: Նշել է նաեւ` «Հայն իրավունք չունի հնոցպան ու խոհարար դառնալու: Մեզ ռազմագետ զինվորներ են պետք, դարավոր թշնամի ունենք»:

Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի Վարդանը 1988 թվականից ամբողջապես նվիրվել է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերել ժողովրդի շրջանում եւ դեռեւս կենդանության օրոք դարձել իսկական լեգենդ։

Մինչ այդ` 1984 թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում։ Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին։ «Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել եւ կռվեցի։ Վատ զինվոր չեմ եղել եւ միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու»,- ասել է Դուշմանը:

Աֆղանստանից հետո խաղաղության մեջ ապրելը դժվար է եղել Վարդանի համար. «Տեղս չէի գտնում: Երկու ամիս աշխատեցի գործարանում: Կարեւոր մի բան պակասում էր: Ինքնուրույն վճռեցի գնալ Մոսկվա, ընդունվել համալսարան: Ընդունվեցի նախապատրաստական բաժինը, բայց կիսատ թողեցի: Հաջորդ տարի` 1987թ., ընդունվեցի Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտ: Կյանքս հունի մեջ էր մտնում: Բայց եկավ 1988թ. գարունը. սկսվեց Արցախյան շարժումը: Ուսումս կիսատ թողած` շտապեցի Երեւան: Իմացա, որ կազմավորվում է «աֆղանցիների» ջոկատը, անդամագրվեցի: Ինձ գնդացիր տվեցին»:

Շատ բարդ է եղել Արցախ մեկնող նորակոչիկների գործը։ Վարդանը ոգեշնչել է պատանի զինվորներին։ Հետո ձեռքն է վերցրել մի բուռ հող, կերել եւ պահանջել, որ այդպես անեն նաեւ տղաները։ Հետո սկսել է խոսել, որի միտքն այն էր, որ մեր երկիրը, մեր հողը մեր մայրն է, եւ աշխարհում նրանից ավելի քաղցր բան չկա։ «Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետեւ մեր հողը մեր բոլորիս ծնողն է»,-նշել է Վարդանը:

Արցախում, երբ նկատվել է զենքի պակաս եւ 1989թ. Վարդանը հատուկ առաջադրանքով մեկնել է Մոսկվա, որտեղից աներեւակայելի ճանապարհով, ազատվելով դեռեւս գոյություն ունեցող Սովետական միության ստուգումներից, կարողացել է Հայաստան հասցնել զենք ու զինամթերք, որը հետո ուղարկվել է Շուշիի Բերդաձոր գյուղ։ Այնուհետեւ ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ ստեղծել են ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվել են Արցախ մեկնող ֆիդայիները։ Հետագայում Վարդանը ստեղծում է նույնպիսի դպրոց նաեւ Արցախում։ Նա ասել է. «Զենք վերցնել ու գնալ կռվելու, արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը` լավ թե վատ, կախված է հրամանատարից»։

Դուշմանի տղերքը` շուրջ 40 կռվողներ, հարձակվելով թիկունքից` անակնկալի են բերել ազերիներին։ Քարին Տակի հաղթանակը դարձավ հայկական ուժերի առաջին խոշոր հաղթանակը Արցախյան պատերազմում։ Սա դրեց հայերի իրար հաջորդող հաղթանակների սկիզբը` 1992թ. փետրվարի 10-ից սկսած հայկական ուժերը իրար ետեւից ոչնչացրեցին Մալիբեյլ, Գուշչուլար եւ Լեսնո (Մեշալու) գյուղերի ադրբեջանական կրակակետերը։ Այդ հաղթանակների ողջ քաղցրությունն ու դառնությունը զգաց եւ ինքը` Դուշմանը, որը մարտերի անմիջական մասնակիցն էր։ Նա անտարբեր է եղել փողի ու շահի նկատմամբ, եւ երբ նրան պաշտոն են առաջարկել, նա հրաժարվել է` պարզաբանելով. «Աթոռի ժամանակ չէ, ես զինվոր եմ, ազգս պատերազմի մեջ է, իմ տեղը կռվի դաշտում է, ես այնտեղ ավելի պետք եմ»:

Պատերազմի օրերին հերոսի մայրը` տիկին Զարուհին, նրա կողքին է եղել եւ օգնել որդուն։ Ծանր ու դաժան մարտերում Վարդանը բազմիցս վիրավորվել է։ «Բուժվելու օրերին նա տանջվում էր նրա համար, որ այլեւս չի կարող գնալ կռվելու», – պատմում է Վարդանի մայրը` տիկին Զարուհին։

«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»։ Վարդանը զոհվեց 1992 թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոյի (Արմեն Երիցյան) եւ Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք է կատարել ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։ «Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»։

Վարդանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման» եւ «Մոր երախտագիտությունը Արցախ աշխարհի հերոս զավակներին» մեդալներով։ aravot.am