Վանքի գումարտակը. արցախյան վերջին մարտեր
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Այդ օրը Մարտակերտի շրջանի Նարեշտար գյուղում հերթապահություն էին իրականացնում Վանքի գումարտակի զինծառայողները։ Գումարտակի հրամանատարը Հրայր Սարգսյանն էր։
Նա 2020թ.-ի 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստանալուց հետո վերադարձել էր զինվորական ծառայության 2021-ին՝ սկզբում Հադրութի դիվիզիայում, իսկ դիվիզիայի լուծարումից հետո նշանակվել էր Վանքի գումարտակի հրամանատար։
«Մեր գումարտակը հերթապահություն էր իրականացնում Չարեքթարից մինչև Քոլատակի բարձունքներ ընկած հատվածում»,- պատմում է գումարտակի հրամանատարը։
Գումարտակի պահպանության տեղմասում էին գտնվում 801-813 մարտական դիրքերը։ Այս դիրքերը ապահովում էին Վանք գյուղի անվտանգությունը։
«Սեպտեմբերի 19-ին ես հրամանատարական դիտակետում էի։ Կեսօրին՝ ժամը 12:00-ի մոտակայքում, առաջին հրետանային հարվածը հասցվեց մեր դիրքերի ուղղությամբ։ Առաջին արկերը պայթեցին հրամանատարական դիտակետի և 811 դիրքի մոտակայքում, որը նաև «Թախտին պոստ» էր կոչվում։ Հակառակորդը մեծ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածը գրավելու համար, քանի որ դա կարևոր նշանակություն ուներ Վանք գյուղ հասնելու ճանապարհին»,- ասում է Հրայր Սարգսյանը։
Հիմնական գործողությունները տեղի ունեցան 811 և 813 դիրքերում։ Այս հատվածներում հակառակորդը կարողացել է առաջխաղացում ունենալ։ Նրանց հաջողվել է ձորերով աննկատ մոտենալ դիրքերին, և սկսվել է մերձամարտ։ Ըստ գումարտակի հրամանատարի՝ իրենց հաջողվել է հակառակորդին մեծ կորուստներ պատճառել։
«Այս հատվածում կռվող ադրբեջանցիք հատուկ նշանակության զորքերից էին և համալրված էին լավագույն զենքերով, գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերով։ Մեզ հաջողվեց շարքից հանել 2 զրահատեխնիկա «Թթուջուր» կոչվող տեղամասում»,- պատմում է Սարգսյանը։ Այս զինտեխնիկաների խոցումը նաև օգնել է ժամանակ շահել, քանի որ դրանք 2 օր մնացել են ճանապարհի վրա և խոչընդոտել հակառակորդին զրահատեխնիկայով առաջանալ դեպի Վանք գյուղ։
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ից 16:00-ն ընկած հատվածում, հակառակորդին հաջողվել էր գրավել 801,802,811, 812 մարտական դիրքերը։
«Դիրքերը իրարից հեռու էին գտնվում, անտառային տեղերում և իրար հետ կապ չունեին։ Դա էլ հիմնական պատճառներից մեկն էր, որ դիրքերը իրար օգնել չեն կարողացել»,- ասում է գումարտակի հրամանատարը։
Այս դիրքերի գրավումից հետո, հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով Հրայր Սարգսյանն իր գումարտակի ռեզերվային ուժին և Վանք գյուղից իրենց միացած աշխարհազորայիններին հրահանգել է զբաղեցնել նոր բնագիծ։
Գումարտակը, բացի հետևակից, ուներ նաև աջակցող 2 հրետանային ստորաբաժանում և ականանետային մարտկոց։ Սակայն սեպտեմբերի 19-ին հակառակորդին հաջողվել է շրջանցել մարտական դիրքերը և մտնել այդ ստորաբաժանումների կրակային դիրքեր։
«Մեզ մեծ կորուստներ պատճառեցին։ Արդեն երեկոյան միայն ականանետային մարտկոցն էր մնացել՝ որպես հրետանային աջակցություն։ Եվ նրանք իրենց խնդիրը կատարեցին գերազանց։ Մեկ օրում չորս օրվա պաշար են կրակել՝ հազարից ավելի արկ։
Մարտական գործողությունները սկսելուց կարճ ժամանակ անց խափանվել է IP կապը զորամասի հետ, և միակ կապի միջոցը մնացել է ռադիոկապը։ Ամբողջ իրավիճակին հետևելու համար Սարգսյանը գնացել է 809 մարտական դիրք, որը բարձր էր, և ամբողջ տարածքը անզեն աչքով հնարավոր էր դիտարկել։
Արդեն ժամը 17:00-ին Սարգսյանը հասկացել է, որ հայտնվել են շրջափակման մեջ։
«Ձորերով, որոնք չէինք կարող վերահսկել, շրջանցել են և շրջափակման մեջ գցել մեզ։ Թիկունքից որպես աջակցություն եկող բոլոր մեքենաները խփվել են հակառակորդի կողմից»,- պատմում է գումարտակի հրամանատարը։
Չնայած շրջափակմանը՝ գումարտակի զինվորները չեն լքել դիրքերը։ Չստանալով որևէ համալրում՝ նրանք ստիպված են եղել անտառից ուտելիք հայթայթել։
«Անտառից մրգեր և հատապտուղներ էինք հավաքում, սալոր ու տանձի մնացորդներ։ Իսկ ջուր խմում էինք սարից հոսող առուներից»,- հիշում է Հրայր Սարգսյանը։
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից, կրակը դադարեցվել է։ Սեպտեմբերի 22-ին Սարգսյանն իր սպաներից մեկին ուղարկել է ադրբեջանցիների հետ բանակցելու՝ զոհերի մարմինները վերադարձնելու համար։ Սակայն ադրբեջանցիները պահանջել են դուրս գալ դիրքերից, ինչից հետո կփոխանցեն զոհերի մարմինները։ Սարգսյանը հրաժարվել է ընդունել այդ առաջարկը։
«Իմ սպային նույնիսկ թույլ չեն տվել մեքենայով, որով գնացել էր, վերադառնալ։ Ու ինքը գիշերով էդ անտառների միջով ոտքով վերադարձել ա»,- ասաց Սարգսյանը։
Սեպտեմբերի 24-ի կեսգիշերին, սակայն, ստանալով զորամասի հրամանատարի կարգադրությունը՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ զորքը դուրս է բերվել դիրքերից։
Այս հատվածում գումարտակը ունեցել է 10 զոհ և 3 անհետ կորած։ «Անհետ կորած են մեկ սպա, մեկ պայմանագրային և մեկ աշխարհազորային՝ Վանքից։ Որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել»,- ասում է Վանքի գումարտակի հրամանատարը։
Մանրամասները՝ տեսանյութում
(«Հետքն» առաջիկայում կներակայացնի Վանք գյուղի հատվածում վերջին մարտերի մասին ամբողջական նյութը)