Նորահայտ փաստեր Նժդեհի մասին` նրա թոռնուհի ԳՈՀԱՐԻՆԵ ՏՐԴԱՏՅԱՆԻ հուշերում
«Հայաստանից հեռանալիս հետս եմ առել Արաքսի հայկական ափում զինվորներիս կողմից զարնված վագրի մորթին` իմ միակ վարձատրությունը, Ջավալ փաշայի դաշույնը` իմ միակ պատերազմական ավարը, պարտություն չտեսած Սյունյաց դրոշակը, թող դա դրվի կրծքիս վրա գերեզմանիս մեջ, և մի հին Հայկազյան բառարան, իմ միակ մխիթարանքը տարագրանքի մեջ»:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Ես ոչինչ չգիտեի պապիկիս մասին, դա իմ ողբերգությունն էր: Միշտ լսել եմ` ֆաշիստի թոռ, մայրիկիս համար` ազգի դավաճանի երեխա: Սարսափելի բան էր: Պատկերացրեք` ես էլ էի այդպես կարծում, մյուսների պես գիտեի, թե իմ պապը դավաճան է եղել: Մտածում էի, ինչու է այդպես, ինչու իմ ու խեղճ մորս բախտը չի բերել: Եվ միայն 1981թ. զգացի, թե ինչքան եմ սխալվել: Փարիզ էի մեկնում հյուրախաղերի, Սունդուկյանի թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը ականջիս փսփսաց, թե` ուզո՞ւմ ես պապիդ մասին մի երգ երգեմ, ու հենց ինքնաթիռի մեջ սկսեց երգել, հետո էլ ասաց` գիտես, ինչ պապ ես ունեցել, նրա մասին գիրք ունեմ, որ վերադառնանք, կտամ կկարդաս: Այդ գիրքը կարդացի, տվեցի մայրս էլ կարդաց, հուզվեց: Նրան հարցրի` հանգստացա՞ր, հայրիկիդ մասին այսպիսի դրական գնահատականներ էլ են տվել: Արևմտահայերենով գրված գրքի միջոցով ծանոթացա Նժդեհին ու միանգամից տարվեցի նրանով` որպես հասարակական-պետական գործիչ, մեծ մտածող ու հայրենասեր: Իսկ 1988թ. արդեն նախկին սխալ զգացմունքներիս փոխարինելու եկավ հպարտության զգացումը: 1988թ. իմ առաջին բեմադրությունն էր Պատանի հանդիսատեսի թատրոնում, մայրս էլ հիվանդանոցում էր, ու ես անընդհատ վազքի մեջ էի: Ուտելիք վերցրած արագ-արագ գնում էի նրա մոտ: Ինչպես հիշում եք, այն ժամանակ քաղաքում շիլաշփոթ էր, միտինգներ էին, մարդիկ անցնում էին տարբեր ցուցապաստառներով: Օպերայի մոտով անցնելիս հանկարծ մի նկար տեսա, ինչ-որ ծանոթ բան զգացի, չգիտես ինչու, մոտեցա այդ նկարը բռնած երիտասարդին, հարցրի` ո՞ւմ նկարն է: Այդ տղան մի տեսակ զայրացած նայեց վրաս, պատասխանեց` դու հա՞յ ես, Նժդեհին ինչպե՞ս չես ճանաչում: Այնպես «շմփացրեց» երեսիս, որ անակնկալի եկա, ինքն էլ շրջվեց ու արհամարհանքով գնաց: Արագ-արագ հասա հիվանդանոց, մայրիկիս ուրախ-ուրախ ասացի, մա՛մ, հորդ նկարները արդեն տանում են փողոցներով, գիտե՞ս: Մայրս միայն տխուր ժպտաց…
Մայրս` Լիլյան, ծնվել է 1920թ.: Այդ շրջանում Զանգեզուրում դաժան մարտեր են ընթացել: Գոհար տատիկս ու Նժդեհն էլ շատ երկար չեն ապրել իրար հետ: Երբ պապիկս որոշել է հեռանալ Հայաստանից, եկել է տատիկիս մոտ, ասել է` արի գնանք, նա հրաժարվել է. տատիկիս երեք եղբայրներն էլ դաշնակցականներ էին, ինչ-ինչ հակասություններ ունեին և ատելով ատում էին Նժդեհին, ավելի շատ նրանց ահից էլ մնացել է այստեղ: Երբ հարցուփորձ էի անում տատիկիս այդ ժամանակաշրջանի, նրա ընդունած որոշման պատճառների մասին, տատս լռում էր, ոչինչ չէր ասում: Գիտեմ, որ դրանից հետո իրար չեն հանդիպել: Քիչ ավելի հասուն տարիքում մեկ-մեկ տատիկիս զայրացած հարցնում էի, թե` տա՛տ, դու չե՞ս հասկացել, որ նրա հետ պետք է գնալ, իսկ տատս միանգամից բոլոր դռներն ու լուսամուտները փակում էր, սաստում ինձ, ապա մտնում մի տեղ, առանձնանում, որ չխոսենք, մինչև վերջ վախեցած էր: Բարձի տակ միշտ կապած շորերի բոխչա էր պահում, այսինքն` նա անընդհատ սպասում էր, որ մեզ էլ մի օր տանելու են Սիբիր: Իհարկե, ՊԱԿ-ում (ԿԳԲ) ամեն ինչ պարզ էր, գիտեին, թե մենք ով ենք, բայց մեզ կարծես փրկեցին: Տատիկիս ամուսնացրին մեր Աշոտ պապիկի հետ, որը շատ լավ էր վերաբերվում մեզ, ինչպես իսկական ծնողը: Ափսոս, շուտ մահացավ` տառապանքներից, հիվանդությունից: Իսկ մինչ այդ մեր տուն գնացող-եկող անձանցից մեկը տատիկիս խոստովանել էր, որ աշխատում է ՊԱԿ-ի համար, սակայն պատրաստ է ամեն ինչ զոհաբերել, միայն թե Գոհար տատս համաձայնվի և ամուսնանա իր հետ: Տատիկս մերժեց նրան, բայց որևէ վատ հետևանքներ այդ որոշումը չունեցավ, այդ մարդն իսկապես սիրահարվել էր տատիկիս և չցանկացավ որևէ վնաս պատճառել նրան:
Այնպիսի կյանք ենք ապրել, որ մեր տանը երբեք ոչ մեկը չի խոսել Նժդեհի մասին: Մայրս ընդհանրապես գիտեր, թե Նժդեհը լքել է ընտանիքը, ՊԱԿ-ն էլ տարածել էր, որ նա շատ հարուստ է, նույնիսկ գործարաններ ունի: Մենք հակառակը, շատ վատ ենք ապրել, և այդ զայրույթը միշտ եղել է մորս մեջ, թե հայրը լքել է իրենց, տիրություն չի արել, և այդ զայրույթը իր հետքն է թողել նաև նրա անձնական կյանքում. բաժանվել է հորիցս և այլևս չի ամուսնացել, ասում էր, որ չի կարող հենց այնպես ապրել` որևէ մեկին չօգնելով, որևէ մեկի տանը, պետք է անընդհատ ինչ-որ բան անի:
Հետաքրքիր է, որ պապիս գեները միշտ զգացել եմ իմ մեջ: Միշտ բախվել եմ շրջապատի հետ, անհանդուրժող եմ եղել անարդարության, անտարբերության հանդեպ` հատկապես թատրոնում, բայց քանի որ լավագույն դերասանուհիներից էի, հետևանքները առանձնապես ծանր չէին լինում: Այդ տարիներին ինձ շատերն էին հարցնում, թե ինչպես եմ կարողանում այդքան բնական խաղալ բեմում, ես պատասխանում էի, որ արյունով եմ խաղում: Եվ միայն տարիներ հետո Նժդեհի մասին Հայկ Ասատրյանի գրքում կարդացի, որ նա արյունով, նյարդերով է և՛ ապրել, և՛ կռվել, և՛ գրել, ու միանգամից կարմիր թելի պես այդ գաղափարը մտքովս անցավ, որ նրա գեներն իմ մեջ են: Հետո Մարատ Մարինոսյանը` հեռուստատեսության նախկին ղեկավարներից, մի պիես էր գրել և ասել, որ պետք է ես խաղամ: Գործը 19-րդ դարի անցքերի մասին է, հիշում եք` պարսիկները մտել են Երևան, Պասկևիչը բանակով գալիս է փրկելու Երևանը: Իմ մարմնավորած հերոսուհին 14-ամյա Սաթենիկ Դեմիրճյանն էր, ում հայրն ու եղբայրը կտրում են նրա մազերը, որ նրան որպես աղջիկ պարսիկները չտանեն, քանի որ բոլոր գեղեցիկ աղջիկներին առևանգում-տանում էին, ու Սաթենիկն սկսում է պայքարել պարսիկների դեմ, միանում է Պասկևիչի բանակին: Նա սիրահարվում է մի ռուս սպայի, վերջում բացահայտում է իրեն, երբ շորերը հանում է, մնացած տղամարդիկ նեղսրտում են, թե այսքան ժամանակ աղջկա հետ են շփվել, կատարել նրա հրամանները: Պատկերացրեք, այնպես ոգևորված էի խաղում դերս, կռվում էի, պարում էի, որ ամուսինս մի օր ասաց, հո չես գժվել, բա որ մի բան լինի քեզ, այդ «պարսիկին» մի օր իսկապես կսպանես: Իրոք, այդ ներկայացման ընթացքում ես խելագարի պես էի խաղում դերս, կարծես իրականում ազատագրում էի Երևանը: Ամեն ներկայացումից հետո վերադառնում էի տուն մի տեսակ հաղթանակած, քաղաքս ու հայրենիքս փրկած: Ամուսինս կես կատակ-կես լուրջ ասում էր` քսաներորդ դարն է այժմ, դու էլ դերասանուհի Գոհարինե Տրդատյանն ես, մի՛ մոռացիր: Այդ ժամանակ ես հասկացա, թե ինչ հետաքրքիր բան է գենը: Այսինքն` ես ենթագիտակցորեն պայքարում էի հայրենիքիս ազատության համար պապիցս անցած գեների շնորհիվ: Փոքր տարիքում ես հեքիաթներ շատ էի սիրում, մայրս ինձ մի հեքիաթ էր պատմում, որ քաղաքը, երկիրը շատ վատ վիճակում են, փոքրիկ Գոհարիկը ոսկե ինքնաթիռով գալիս է և փրկում է բոլորին: Ու ես մինչև հիմա փողոցում նայում եմ, թե ում է պետք փրկել, օգնել: Ես երիտասարդներին ասում եմ` եթե ուզում եք, որ ձեզ հասկանան, նայեք ձեր պապերին, ձեր գեները մի հատ լավ պեղեք` մայրն ու հայրը ովքեր են, պապիկն ով է, տատիկն ով է: Երիտասարդներ կան, որ իրենց տեղը կյանքում շատ դժվար են գտնում, նրանք պետք է հասկանան սեփական գենը` որտեղից ես գալիս, ինչ ունես քո ներսում ու ինչի ես պատրաստ:
Արժեքավոր իրեր տանը չունեինք, ու հանկարծ մի օր Գոհար տատիկս` Գարեգին Նժդեհի կինը, արծաթե բաժակ է տալիս ինձ ու ասում` պապիդ բաժակն է, սրանով հաճախ էր խմում, քեզ եմ նվիրում, որովհետև շատ ես նման նրան: Վրան մի փոքր փոս ընկած տեղ կար, այնքան էր զայրացած սեղմել, որ փոս էր գցել: Տատս պատմում էր, որ երբ տուն էր գալիս, նստում էր հաց ուտելու, առաջին պատառից հետո հաճախ նեղսրտած ափսեն մի կողմ էր հրում և ասում` հիմա ինչքան հայ մարդ է աղքատության մեջ ապրում, մի կտոր հացի կարոտ, ես ինչպես հիմա այս հացը ուտեմ:
Միշտ մտածում էի, գոնե մեկ անգամ նրան տեսնեի, ձեռքը սեղմեի, գրկախառնվեի և այդ մասին շատ եմ արտահայտվել: Մեր ծանոթներից մեկը մի օր մեր տուն հրավիրեց զինվորական ընկերներից փոխգնդապետ Միքայել Միրզոյանին: Ասաց` Միքայելը ուզում է քեզ մի կարևոր բան պատմել, որը նրան պատմել է ՊԱԿ-ի մի նախկին գեներալ: Պարզվում է` այն տարիներին, երբ Նժդեհին տեղափոխել են Երևանի բանտ, նա խնդրել է իրեն տանել մեր տան մոտ, ցույց տալ աղջկան, թոռներին: Նժդեհին մեքենայով բերել են երեկոյան, երբ փողոցում համարյա մարդ չի եղել: Լույսը վառած են եղել, և նա հեռվից տեսել է բոլորիս: Ավելին, ես օրվա մեծ մասը փողոցում եմ անցկացրել, այդ ժամանակ էլ դրսում եմ եղել, զինվորականներից մեկը ինձ գրկել է և դրել պապիկիս գիրկը: Նա երկար նայել է ինձ, համբուրել է, իջեցրել գրկից, և իրենք գնացել են: Այդ ժամանակ ես 5-6 տարեկան եմ եղել և բնականաբար ոչինչ չեմ հիշում: Սակայն միայն այն միտքը, որ պապս ինձ գրկել է, ինձ հանգստություն պարգևեց: Նույն օրերին նրան ցուցադրել են Երևանը, նա մի բուռ հող է վերցրել և իր հետ տարել: Նժդեհը բանաստեղծություն ունի մի ծերունու մասին, ով անչափ սիրում է իր հայրենի հողը, ամեն օր խոնարհվում է հողի առջև: Մի օր զինվորները այդ ծերունուց վերցնում են իր հայրենի հողը, և նա մահանում է… Նժդեհի հետ էլ այդպես եղավ: