Հինգշաբթի, Հոկտեմբերի 03, 2024
Հինգշաբթի, Հոկտեմբերի 03, 2024

Տեսա մեր հարևաններն էին ընդունարանում, եկել էին, որ ասեին՝ ամուսինս զոհվել է․ Ալլա Ենգիբարյանն ասում է՝ կյանքս ոնց որ կանգնած լինի

Սեպտեմբերի 01, 2024

«Կյանքս ոնց որ կանգնած լինի»,- արցունքների միջից ասում է 41-ամյա Ալլա Ենգիբարյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է ամուսնուն՝ Մարատ Սաղյանին։

43-ամյա Մարատ Սաղյանը, որը մինչ պատերազմը բեռնափոխադրումներ է իրականացրել, պատերազմի լուրն իմանալուն պես սեպտեմբերի 27-ին կամավորագրվել է և մեկնել առաջնագիծ։

Կինն ասում է՝ ամուսինը նաև Ապրիլյան պատերազմին էր կամավոր մեկնել, վիրավորում էր ստացել, ձեռքին այրվածքներ կային, ձեռքը չէր կարողանում աշխատացնել, բայց դա չխանգարեց իրեն, որ որոշումը փոխեր․ «Ասեցի՝ մի՛ գնա, բայց գնաց: Ասեց՝ չեմ կարա երեխեքին մենակ թողնեմ»,- հուզմունքով պատմում է նա։

Ալլան մասնագիտությամբ բժիշկ է, աշխատում է Ստեփանակերտի հիվանդանոցում։ Ասում է՝ մինչ պատերազմը երջանիկ ապրում էին ամուսնու և երկու անչափահաս որդիների` 11-ամյա Մաքսիմի և 8-ամյա Մասիսի հետ։ Պատերազմը ամբողջովին շրջել է նրանց կյանքը։

Ալլան սեպտեմբերի 29-ին է վերջին անգամ խոսել ամուսնու հետ, այդ զանգից հետո ամուսնու հետ այլևս կապ հաստատել չի կարողացել։

«Վերջին անգամ որ խոսեցինք, հարցրեցի՝ Մարա՛տ, տեղդ ո՞նց ա, ասեց՝ ոչինչ: Ասում եմ՝ ոչինչ լա՞վ, թե՞ ոչինչ վատ, ասեց՝ ոչինչ։ Ջաբրայիլում էր… Այդ օրվանից անհասանելի դարձավ»,- հուզվում է կինը։

Ալլան նշում է, որ արդեն կանխազգում էր, որ ինչ-որ բան է պատահել ամուսնու հետ, քանզի հնարավոր չէր, որ ամուսինը չզանգեր, ընտանիքի հետ կապ չհաստատեր։ 

«Որ չզանգեց, ես մտածում էի, որ Մարատը ողջ չի, որովհետև հնարավոր չի, որ Մարատը չզանգեր: Նա որ գնում էր Երևան, Ռուսաստան, օրը մի քանի անգամ զանգում էր։ Առավոտյան գնում էինք դպրոց՝ զանգում էր, կեսօրին հաց էինք ուտում՝ զանգում էր, հետո հարցնում էր՝ երեխաները եկե՞լ են, հետո երեկոյան էլ կզանգեր»։

Ամուսնու հետ կապ հաստատել չկարողանալուց հետո կինը սկսում է ամենուր փնտրել։ 

«Վիրավորներին, սաղին հարցնում էի, ոչինչ չգիտեին, մեր բժիշկներից սկորի պոմոշչի պոստեր որ գնում էին, իրենք էլ էին հարցնում, ասում էին՝ էնտեղ հնարավոր չի բան ջոկել»։

Ալլան հիվանդանոցում աշխատանքի է լինում, երբ հարևանները գալիս են ու հայտնում ամուսնու զոհվելու մասին․ «Հոկտեմբերի 3-ն էր, ընդունարանից զանգեցին, ասեցին՝ մեզ մոտ կգաք… Եկա, տեսա՝ մեր հարևաններն էին… եկել էին, որ ասեին՝ ամուսինս զոհվել է։ ԱԹՍ-ն էր խփել»,- հուզվում է Ալլան։

Կինն ասում է՝ համակերպվել կորստի ու ցավի հետ չեն կարողանում, երկու որդիները ևս ծանր են տարել հոր կորուստը։ 

Մայրը մինչև պատերազմի ավարտը չի ասել որդիներին, պատերազմի ավարտից հետո է միայն կարողացել ասել: «Սկզբում մեծ տղուս ասացի, էնքան լացեց, ասեցի՝ փոքրին չասես, մեղք ա։ Հետո էլ փոքրն եկել ա, ասում՝ ինչի՞ եք լացում, ու էդպես իրեն էլ ասացինք»,- դողացող ձայնով հիշում է Ալլան։

Ալլան ասում է՝ այժմ փորձում է երեխաների մոտ չարտասվել, ընդգծում է՝ վատ չզգան երեխաները․ «Առանց այն էլ վատ են զգում իրենց»։

Ալլան ապրում է ամուսնու մասին հուշերով ու հիշողություններով, ասում է՝ ամեն պահն ու վայրկյանն է կարոտում։ Ամուսինը հանգիստ բնավորություն ուներ, մշտապես բոլորին օգնության էր հասնում․ «Եթե ինչ-որ բան էր պետք իրեն էլ, մնացածին էլ, մնացածի համար կաներ առաջին հերթին, իրենը կմոռանար»,- ասում է կինը։

Ալլան պատերազմից հետո ու սահմանային լարվածության պարագայում ապագա չի պատկերացնում, անհանգստություն ու անորոշություն է միայն զգում․

«Որ ապագադ չգիտես ինչ ա լինելու, չես իմանում՝ վաղը ինչ ա լինելու, ո՞նց չանհանգստանաս»,- նշում է նա։

MediaLab.am