Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Մի էջ՝ Շուշիի առանձնակի գումարտակի մարտական ուղուց

Սեպտեմբերի 01, 2024

1994թ. հունվարն էր: ԼՂՀ բանակի հետախուզության ձեռք բերած տվյալների համաձայն` հակառակորդի հրամանատարությունը 1993թ. աշնանը հարավային ճակատում կրած պարտությունից հետո մարտական մեծ ուժեր է կենտրոնացնում արցախյան ռազմաճակատի բոլոր ուղղություններում, այդ թվում նաև` Աղջաբեդի և Ժդանովսկի շրջաններում, որտեղից նախատեսում էր հզոր հարվածներով ճեղքել Արցախի պաշտպանների դիրքերը հարավային (Հորադիզ քաղաք-կայարան), հարավարևելյան (Ֆիզուլու շրջան, Հորադիզից հյուսիս-արևելք՝ դեպի Շուքյուրբեյլի-Ալխանլի հատվածը) ու արևելյան (Մարտունու շրջանի հարակից ուղղությունը) ճակատներում և գրավելով Մարտունու ու Ֆիզուլու շրջանները՝ դուրս գալ դեպի Հադրութ և Ստեփանակերտ, իսկ հաջողության դեպքում՝ գուցե նաև Զանգեզուր ու Նախիջևան…

Ադրբեջանական հրամանատարությունը հասցնում է քանակական գերակշռություն ստեղծել ռազմաճակատի բոլոր հատվածներում: Զգալի էր նաև ծանր զինատեսակների, հրասայլերի ու զրահամեքենաների գերազանցությունը: Միայն հարավարևելյան ռազմաճակատի ուղղությամբ (Ալխանլիից մինչև Հորադիզ) ադրբեջանական բանակի հրամանատարությունը կենտրոնացնում է երեք հետևակային բրիգադ, որոնց, բացի երեք հրասայլային գումարտակներից, հարձակումների ընթացքում պիտի աջակցեին մեծ քանակությամբ հրանոթներ, հրասանդեր ու «Գրադ» կայանքներ: Հակառակորդի վերոհիշյալ ուժերին հարավարևելյան ճակատում դիմագրավելու էին Հադրութի գնդի երեք գումարտակ և Շուշիի առանձնակի գումարտակը: Ուժերն անհավասար էին:

Ռազմաճակատի պաշտպանության բնագծում Շուշիի առանձնակի գումարտակից ձախ` Ալխանլի գյուղի մոտակայքում, դիրքեր է գրավում Արթուր Աղաբեկյանի գլխավորած գնդի Ռիժիկի (գումարտակները կոչվում են հրամանատարների անունով – Հ.Գ.), իսկ աջ կողմում՝ Վահեի, ապա Վահանի գումարտակները:

Շուշիի առանձնակի գումարտակի պաշտպանական բնագծում հիմնական ուժերը` քանաքեռավանցի Վիտոյի (Վիկտոր Դավթյան) գլխավորած վաշտն ու Շեկյան Էռնեստի կրակային դասակը չորս հիմնական հենակետերում տեղաբաշխված էին հետևյալ դասավորությամբ. 1-ին և 2-րդ հենակետերում դիրքավորվում են արարատցի Խաչիկ Զաքարյանի և քանաքեռավանցի Տիգրան Հարությունյանի, իսկ 3-րդ և 4-րդ հենակետերում՝ Էռնեստի և բուժականցի Մուրադի (Զաքարյան Մուրադ, զոհվել է 1994 թ. փետրվարի 23-ին Ֆիզուլիի ճակատում) գլխավորած դասակները:

2-րդ հենակետի տեղամասում դեպի 1-ին հենակետը նայող խրամատներում (2-րդ հենակետը կիսալուսնաձև տեսք է ունեցել – Հ.Գ.) դիրքավորվել էին թալինցիների դասակի արեգցի Աղասու գլխավորած վեց ազատամարտիկից (կարմրաշենցիներ Գևորգ, Հրաչ, բազմաբերդցի Հարութ, արեգցի Սամվել և թալինցի Ալբերտ) կազմված ջոկատը:

Գումարտակի երկրորդ վաշտից մի դասակ գումարտակի սպայակույտի (շտաբ) պետ Մարգարյան Ռոմիկի (ներկայիս ՀՀ բանակի գնդապետ, Երևանի Շահումյանի շրջանի զինկոմիսար) և նույն վաշտի հրամանատար հրազդանցի Աբոյի (Ալավերդյան Ալբերտ, զոհվել է 1994 թ. հունվարի 10-ին Ֆիզուլիի ճակատում) հրամանատարությամբ կարևոր առաջադրանքով հունվարի սկզբին մեկնում են Շահումյանի հայդուկներին օգնելու: Նույն վաշտի մյուս մասը` Ղազարյան Մուկուչի գլխավորած թալինցիների դասակը, գտնվում էր ռեզերվում: Բացի վերոհիշյալ ուժերից, Պետոյի (Պետրոս Ղևոնդյան) տնօրինության տակ էր Հովիկի (Տիրան Խաչատրյան, ներկայիս ՀՀ բանակի գնդապետ) հրասանդորդների դասակը, պռոշյանցի երիտասարդ ազատամարտիկների ջոկատը, Ափոյան Անդրանիկի գլխավորած հրազդանցիների դասակը և մեկ Տ-72 հրասայլ:

♦♦♦

Շուշիի առանձնակի գումարտակը ուներ որոշակի առանձնահատկություններ:

Նախ` գումարտակը Հայաստանի տարբեր շրջանների ազատամարտիկներից բացառապես կամավորական սկզբունքով կազմված միակ զորամասն է:

Երկրորդ` գումարտակի հիմնական միջուկը կազմում են մարտական հարուստ կենսագրություն ունեցող նվիրյալ ազատամարտիկներ, որոնք Արցախի ազատագրական պայքարի առաջին իսկ օրից գտնվելով մարտադաշտում՝ արդեն բազմիցս ապացուցել էին «կյանքի գնով…» հայրենիքին ծառայելու իրենց սրբազան երդման անհողդողդությունն ու անաղարտությունը:

Երրորդ` գումարտակի հրամանատարական կազմի, ինչպես նաև անձնակազմի ճնշող մեծամասնությունը ՀՅԴ անդամներ են կամ համակիրներ, այսինքն` բոլորը, առանց բացառության, միևնույն գաղափարի՝ Հայ Դատի, այն է՝ Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի շուրջ համախմբված երդվյալների կուռ մարտական մի ամբողջություն էին, որոնց խորին համոզմամբ պատմական ներկա ժամանակահատվածում, Պետոյի դիպուկ գնահատմամբ՝ «Արցախը հայ ազգի կյանքի և գոյատևման խնդիր է…»:

Չորրորդ` ազատամարտիկների այդ հրաշալի փաղանգը մարտի էր առաջնորդում Պետոն, որի հրամանատարական բազմաշնորհ կարողությունների, մարդկային անբասիր հատկանիշների նկատմամբ խորին հավատ ու մեծ հարգանք ունի գումարտակի ողջ անձնակազմը:

1994 թ. հունվարի 5-ին ադրբեջանական զորքերը զանգվածային հարձակումներ են ձեռնարկում ռազմաճակատի գրեթե բոլոր ուղղություններում, և գրոհի ենթարկված արցախյան զորամասերն առաջին օրերին հայտնվում են ծանրագույն իրավիճակում:

Արթուր Աղաբեկյանը, անդրադառնալով այդ օրերին ծավալվող մարտական գործողություններին, նշում է. «Մի քանի օր ադրբեջանցիները հարձակումներ էին գործում, կարողացանք հետ շպրտել: Դրանից հետո թուրքերն օգտագործեցին նոր մարտավարություն: Սահմանի մոտով մեր թիկունքն անցավ մի վաշտ: Առավոտյան, մի քանի կռիվներից հետո, պարզվեց, որ թիկունքից ադրբեջանցիներն աշխատում են փակել դեպի Վահանի և Վահեի դիրքերը տանող ճանապարհը: Խուճապ առաջացավ զորքի մեջ: Զորքերը ստիպված նահանջեցին մինչև Շուքյուրբեյլի: Պարսկաստանի սահմանի հատվածը մնացել էր անպաշտպան: Այդ մի քանի կիլոմետրը չէր հսկվում, և թուրքերը հեշտ կարողացան վաշտն անցկացնել մեր թիկունք»:

Հրամանատարի խոսքում կարևորվում է մի ուշագրավ խոստովանություն: Պարզվում է, որ ռազմաճակատի համար սպառնալիք է ստեղծել «անպաշտպան տարածքից» գումարտակների թիկունք անցած ադրբեջանական զորամասը: Ճիշտ և ճիշտ այդ նույն օրը համանման երևույթ է կրկնվել նաև հարավում` Հորադիզի շրջանում: Ռազմաճակատի այդ հատվածում ևս ադրբեջանցիներին հաջողվել է դարձյալ «անպաշտպան տարածքից» Հորադիզը պաշտպանող զորամասի թիկունք անցկացնել իրենց զորավաշտերը, և արդյունքում հայկական զորքերը խուճապի են մատնվել ու առանց որևէ դիմադրության և կրակոցի թշնամուն հանձնել ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող քաղաք-կայարանը: Շուշիի առանձնակի գումարտակը հայտնվում է օրհասական իրավիճակում: Ադրբեջանցիները, հսկայական ռազմական ուժ կենտրոնացնելով և օգտվելով գումարտակների նահանջից, կարող էին արդեն հեշտությամբ առաջանալ բաց տարածքով և աջ թևից շրջանցելով գումարտակի պաշտպանական հենակետերը` վերցնել շրջափակման մեջ:

Քանի որ արդեն ռազմաճակատի գրեթե բոլոր ուժերն են բռնում նահանջի ուղին, ուստի հրամանատարական կենտրոնում այն կարծիքն է տիրում, թե անխուսափելիորեն նույն ճակատագիրն է բաժին ընկել նաև Շուշիի գումարտակին: Եվ կարելի է հասկանալ ռազմաճակատի հրամանատարի անկեղծ ուրախությունն ու զարմանքը, երբ Պետոն ռադիոկապով հայտնում է. «Թեկուզ քրտինք էլ թափենք, թեկուզ արյուն էլ թափենք, միևնույն է, ես մեր դիրքերը կպահեմ, բայց ձեր մասին մտածեք: Եթե ադրբեջանցիներն այդպես շարժվեն, ապա կգան ու կհասնեն Հադրութ»:

Պաշտպանական երկրորդ դիրքեր գոյություն չունեին, ի՞նչ ճակատագրի կարժանանային ռազմաճակատի ուժերը, և ինչպիսի՞ ընթացք կունենային մարտադաշտում ծավալվող իրադարձությունները, եթե Շուշիի գումարտակը շրջափակման սպառնալիքից խուսափելու նպատակով իր հարևանների նման նույնպես փորձեր նահանջել: Վրա է հասնում այն ճակատագրական պահը, երբ գումարտակը առաջնորդող Պետոն իր զինակիցներով պիտի կատարեր, հիրավի, պատմական նշանակություն ունեցող քայլ: Այժմ արդեն մեծապես նրա գլխավորած զորավաշտերի հաստատակամությունից ու դիմադրողական կարողությունից էր կախված ռազմաճակատում ծավալվող մարտական գործողությունների ճակատագիրը: Պետոն տրամադրվում է մինչև վերջին փամփուշտը դիրքերը պահել ու թշնամու գրոհներին ջախջախիչ հակահարված տալ: Նույն ոգով ու հաստատակամությամբ էին համակված գումարտակի բոլոր մարտիկները, որոնք անվերապահորեն հավատում էին իրենց հրամանատարին, նրա ընդունած վճիռների ճշմարտացիությանը:

♦♦♦

Հունվարի 5-ի առավոտյան, երբ լույսը դեռ չէր բացվել, ադրբեջանցիների հետևակը հրասայլերի աջակցությամբ գրոհում է Պետոյի գումարտակի դիրքերը՝ 3-րդ և 4-րդ հենակետերի ուղղությամբ: Քանի որ աջ թևն արդեն լրիվ բաց էր, ուստի ադրբեջանցի հրամանատարությունը ձգտում է մեծաքանակ ուժերի հարվածներով հաղթահարել պաշտպանության այդ հատվածում դիրքավորված բուժականցի Մուրադի գլխավորած մարտիկների ու Էռնեստի կրակային դասակի դիմադրությունը և շարժվելով ռազմաճակատի խորքը՝ ղարաբաղյան ուժերի նկատմամբ ձեռք բերել դիրքային վճռական առավելություն: Հապաղելու ժամանակ այլևս չկար: Անհրաժեշտ էր եղած ուժերով փակել աջ կողմում առաջացած ճեղքվածքը և արագ տեղաշարժերով ու անսպասելի հարվածներով խափանել ադրբեջանցիների` գումարտակը շրջափակելու փորձերը: Պետոյի հրամանով ռեզերվում գտնվող ուժերը՝ Մուկուչի, Անդոյի դասակներն ու Հովիկի գլխավորած պռոշյանցիների և հրասանդորդների միացյալ ջոկատն արագորեն շարժվում են գումարտակի աջ թեւը՝ դիմագրավելու առաջացող թշնամուն:

Երեսուն զինվորներով հրասայլը մեծ արագությամբ սլանում է օգնության: Թալինցիների դասակը պետք է անցներ ավելի քան յոթ կիլոմետր և պահեստային ուժերի համագործակցությամբ դիրքեր գրավեր արդեն նահանջի ուղին բռնած Վահեի գումարտակի պաշտպանական բնագծում:

Գումարտակի հրամանատար Վահան Բադաթյանի պատմածից պարզվում է, որ հակառակորդի պաշտպանական հենակետերի վրա եւ ճակատից և հատկապես թիկունքից միաժամանակյա հարվածներն իրենց համար կատարյալ անակնկալ են եղել: Հայտնվելով պաշարման մեջ` գումարտակն ստիպված նահանջել է մոտավորապես ութ կիլոմետր և անընդմեջ կռիվներ մղելով՝ ճեղքել իրենց թիկունք անցած թշնամու զորաջոկատների շղթան ու դժվարությամբ դուրս եկել շրջափակումից՝ դիրքեր գրավելով Ֆիզուլիի շրջանի Շուքյուրբեյլի գյուղի մոտակայքում:

Փաստորեն, ստեղծված իրավիճակում, նաև Վահանի զորավաշտերի նահանջից հետո, Պետոյի գումարտակը հարկադրված արդեն պիտի զբաղեցներ քառապատիկ ավելի մեծ տարածք, որի հուսալի պաշտպանության համար գումարտակի ունեցած սահմանափակ ուժերն ու միջոցները բացարձակ անբավարար էին: Ուրիշ ելք չկար:

hayzinvor.am