Մելիքսեթ Արոսյան. Նա իր արյամբ ստորագրեց բոլորիս անվտանգ, խաղաղ երկնքի տակ ապրելու ամեն մի պահը
Լեյտենանտ Մելիքսեթ Սարգսի Արոսյանը ծնվել է 1992թ.-ին՝ Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղում: Մելիքսեթը մեծացել է մանկավարժների ընտանիքում. «Հայրիկս դպրոցում զինղեկ էր, մայրիկս՝ դասվար: Մեր ծնողները մեզ փոքրուց դաստիարակել են ազնիվ, արդար ու հայրենասեր ու եղբայրս՝ տեսնելով հայրիկիս աշխատանքը, թե ինչպես էր նվիրված իր գործին, նույնպես որոշեց ընտրել հենց այդ մասնագիտությունը»,- պատմում է Մելիքսեթի քույրը՝ Շողիկ Արոսյանը ու հավելում, որ եղբայրն արդեն մեկ տարի էր, ինչ գյուղի դպրոցում աշխատում էր որպես զինղեկ, քանզի ավարտել էր Շիրակի պետական համալսարանի ՆԶՊ և ֆիզդաստիարակության ֆակուլտետը։
Մելիքսեթն արժանացել էր սպայի կոչման. «Եղբայրս ծառայել է Արարատի զորամասում, եղել է հետախույզ-դիպուկահար: Այնքան լավ էր ծառայում, որ նկարը մեծադիր պաստառով փակցված էր զորամասում և Երևան-Արցախ մայրուղու ցուցատախտակին»,-ասում է Շողիկն ու արագ-արագ թվարկում իր լեյտենանտ եղբոր՝ ծառայության ընթացքում ստացած պարգևատրումները. «Քաջարի մարտիկ», «Լավագույն մարզիկ», «Բանակի գերազանցիկ»:
Քրոջ խոսքով Մելիքսեթը շատ բարի էր, ընկերասեր, ազատ ժամանակ սիրում էր զբաղվել որսորդությամբ, ձկնորսությամբ, դահուկային սպորտով. «Շատ էր սիրում կենդանիներ և ուներ տարբեր տեսակի որսորդական շներ, որոնց մեծ սիրով և հոգատարությամբ էր խնամում։ Այնքան բարի էր, որ ոչ մեկին ոչ մի անգամ չէր նեղացրել՝ բոլորին հասնող, օգնող էր։ Մեծ շրջապատ ու անուն ուներ։ Փոքր տարիքից իր մեջ նկատվում էր հայրենասիրությունը»:
Որսորդական շների հանդեպ ունեցած սերը Մելիքսեթի և իր մտերիմ ընկերոջ՝ Վարդան Բալոյանի ծանոթության առիթն է եղել: Վարդանն ասում է, որ շունը հավատարմության խորհրդանիշ է հանդիսանում ու շան հետ կապված մի հասարակ պատմությամբ, ինքը Մելիքսեթի մեջ գտել է այն մարդուն, որին համարում էր ընկերոջ իդեալ. «Մելիքսեթն ուներ բնավորության այն բոլոր գծերը, որոնք մարդուն ձգում են դեպի իրեն: Օրինակ ինձ նրա մեջ դուր էր գալիս հարգանքը ծնողների, ընկերների ու առհասարակ մարդկանց հանդեպ, սերը՝ հայրենիքի, բնության, կենդանիների, զենքի ու զինվորական գործի հանդեպ: Այս ամենը մենք տեսանք նաև նրա հայրենիին անձնուրաց նվիրումով: Ցավով եմ ասում այս ամենը, բայց հպարտությամբ եմ լցվում, որ առիթ եմ ունեցել շփվել ու ընկերանալ նման հերոսի հետ»:
Շողիկը հիշում է, որ եղբայրը բարձրանում էր իրենց տան տանիքին ու երգում «Ելի՛ր, դաշնակ Դրո» երգը. «Հորաքույրներս ապրում են Ռուսաստանի Դաշնությունում և եղբորս բազմիցս առաջարկել էին բնակվել իրենց մոտ, սակայն եղբայրս շատ էր սիրում իր հայրենի գյուղն ու Հայաստանը»:
Մելիքսեթի գործընկերուհի Կարինե Ավետիսյանն ասում է, որ իրենք երկար ժամանակ չեն շփվել, բայց լեյտենանտն իր կյանքում եզակի մարդ էր. «Մելոն կարճ ժամանակում իմ ամենամոտ ընկերն էր դարձել, նա ինձ համար մեծ եղբայր, կոլեգա, ընկեր, խորհրդատու էր։ Ես մեծ շրջապատ ու ընկերություն ունեմ տարբեր բնագավառներից, բայց Մելոն այն եզակի մարդկանցից էր, ում վրա կարող էի հույս դնել: Ես գիտեի որ անհնարինը հնարավոր կդարձներ իր ընկերների, իմ ու ընտանիքի համար, ցավոք այս դարում քչերն են դա գնահատում»:
Մելիքսեթը Կարինեի հետ ցանկացած հարց քննարկում էր, հետո ընդհանուր որոշման էին գալիս, թե ինչ պետք է անեն. «Ասում էր Կարին, քեզ ամբողջ Գյումրին եմ ցույց տալու ու ոնց որ թարս լիներ՝ ամեն անգամ մի բան լինում էր. ձիու հետ ավտովթար եղավ, ձին սատկեց ու ինքը վնասվեց, մինչև արդեն պիտի Գյումրի գայի՝ պատերազմը սկսվեց: Ախր շա՜տ աշխատասեր էր, ընտանիքին ու ընկերությանը նվիրված, մեծատառով մարդ էր: Դպրոցի երեխեքին բա ո՜նց էր սիրում»։
Մելիքսեթը, որպես պահեստազորի անդամ գտնվել է Վանաձորի N զորամասում, այնտեղ էլ նշանակվել է ջոկատի հրամանատար և մեկնել Ջեբրայիլ (Մեխակավան) ու մասնակցել Արցախյան երկրորդ պատերազմի թեժ մարտերին։
Մարտական ընկերները պատմում են, որ Մելիքսեթը շատ մոտ է եղել թշնամուն ու իր դիվերսիոն հետախուզական խմբով՝ հմուտ դիպուկահարությամբ հետ է շպրտել հակառակորդին, ոչնչացրել է նրանցից շատերին, կենաց-մահու պայքար է մղել, առգրավվել է 7 ավտոմեքենա, զենք-զինամթերք ու երբ վիրավորվել է, նրան փորձել են հասցնել հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է։
«Դեռ երկար ենք խոսելու, քանզի Մելիքսեթն իր կատարած գործերով ցույց տվեց բոլորիս, որ կյանքում ոչինչ առավել կարևոր չէ, քան իր մաքուր անունը, որը պսակվեց փառքով: Հավերժ փառք հերոս ընկերոջս ու այս դաժան պատերազմում ընկած բոլոր հայորդիներին: Նրանց շնորհիվ մենք ու մեր երեխաները շարունակելու ենք ապրել հզոր Հայաստանում և շարունակելու ենք նրանց սուրբ գործը: Մենք ողջ աշխարհին պատմելու ենք, որ մեր կյանքում եղել են հերոս Մելիքսեթներ»,-ասում է Վարդանը, իսկ Շողիկը՝ որպես խոսքի ավարտ, հավելում է, որ եղբայրը պատվով կատարեց իր վեհ առաքելությունը՝ պաշտպանեց հայրենիքը. «Նա ընկավ հերոսի մահով: Նա իր արյամբ ստորագրեց բոլորիս անվտանգ, խաղաղ երկնքի տակ ապրելու ամեն մի պահը ու մենք պարտական ենք մեր բոլոր հերոսներին»։