Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Վանք. դիմադրություն և կորուստ

Հոկտեմբերի 05, 2024

Սեպտեմբերի 22-ին, երեկոյան ժամը 19:00-ին Վանքի գումարտակի հրամանատար Հրայր Սարգսյանը զոհվածների մարմինները հանելու համար ավագ ենթասպա Նվեր Թումասյանին ուղարկեց ադրբեջանական կողմի հետ բանակցելու։ Գումարտակն ուներ տասը զոհ, նրանց աճյունները սեպտեմբերի 19-ի եւ 20-ի մարտերից հետո մնացել էին հակառակորդի վերահսկողության տակ անցած խրամատներում, ձորերում, անտառներում։ Բանակցող սպայի «ՈւԱԶ» մեքենան հասավ հակառակորդի գրաված դիրքերը, նա պետք է զինակիցների մարմինները հանելու թույլտվություն ստանար: Ադրբեջանցիները Թումասյանին ասացին, որ թույլ կտան միայն մի պայմանով՝ պետք է հանձնեն զենքերը և նահանջեն իրենց դիրքերից: Գումարտակի հրամանատարը ռադիոկապով փոխանցեց, որ դիրքերը չեն լքելու։ Հակառակորդը բանակցող սպային ճանապարհեց առանց մեքենայի: Նվեր Թումասյանը ոտքով, անտառի միջով կեսգիշերին հասավ յուրայիններին։

Մարտական գործողությունները Վանք գյուղի շրջակայքում 

Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամասի) 3-րդ գումարտակը տեղակայված էր Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Այն հայտնի էր որպես Վանքի գումարտակ։ Այս գումարտակին որպես աջակցություն տրված էին 2 հրետանային մարտկոց, հակատանկային և հետախուզական դասակներ։ 2022 թվականից գումարտակի հրամանատարը Հրայր Սարգսյանն էր։

Գումարտակը մարտական հերթապահություն էր իրականացնում Նարեշտարից Չարեքտար ընկած հատվածում՝ 801-813 մարտական դիրքերում։ 

Գումարտակը վերջին անգամ մարտական հերթապահության բարձրացավ սեպտեմբերի 16-ին։ 

«Սեպտեմբերի 19-ի կեսօրին հրամանատարական դիտակետում էի։ Նախաճաշել վերջացրել էինք և մեր գումարտակի հրամանատարը պատրաստվում էր դուրս գալ դիրքերով շրջայցի, երբ առաջին արկը պայթեց մեր դիմացի սարին»,- պատմում է գումարտակի կապի դասակի սպա Էլմիրա Գրիգորյանը։

Ժամը 12:30՝ արկերի առաջին պայթյունների հետ, սկսվել են ակտիվ մարտական գործողությունները։ 

«Առաջին արկերը պայթեցին հրամանատարական դիտակետի և 811 դիրքի մոտակայքում, որը նաև «Թախտին պոստ» էր կոչվում։ Հակառակորդը մեծ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածը գրավելու համար, քանի որ դա կարևոր նշանակություն ուներ Վանք գյուղ հասնելու ճանապարհին»,- պատմում է գումարտակի հրամանատար Հրայր Սարգսյանը։

Նարեշտար-Չարեքտար հատվածը, որտեղ տեղակայված էր գումարտակը, լեռնային էր և անտառապատ։ Այդ պատճառով հակառակորդը կարողացել էր, օգտագործելով տեղանքը, շրջանցել և որոշ դիրքերի մոտենալ թիկունքից։ 

Այս տեղանքում հատկապես կարևոր ստրատեգիական նշանակություն ունեին 811 և 812 մարտական դիրքերը։ Հենց այս դիրքերում էլ տեղի են ունեցել ամենաթեժ մարտերը։ Սկզբում հակառակորդին հաջողվել է գրավել 811 մարտական դիրքը։ Դիրքի անձնակազմը նահանջել է, միացել Վանքում տեղակայված հետախույզների խմբին։ Նրանք հակահարձակում են ձեռնարկել և կարողացել են վերադարձնել դիրքը։ Մեծաթիվ կորուստներ տալով՝ ադրբեջանցիները հետ են քաշվել։ Համալրվելով կենդանի ուժով, զրահամեքենաներով, տանկերով՝ նրանք նորից են հարձակվել 811 դիրքի վրա, գրավել այն և ամրացել։ 

Այլ էր իրավիճակը 812 մարտական դիրքում։ Այս դիրքի ավագը՝ լեյտենանտ Լեռնիկ Հաշումյանը, մարտական գործողությունների սկսվելուց կարճ ժամանակ անց վիրավորվել է։ Դիրքի անձնակազմը նահանջելու որոշում է կայացրել։ Ամբողջ անձնակազմից միայն Տիգրան Ավետիսյանն է հրաժարվել լքել դիրքը։ Տիգրանը մի քանի ժամ միայնակ դիմադրել է։ «812 դիրքից միայն մեկ գնդացրի կրակահերթի ձայն էր լսվում։ Երբ արդեն զինադադար էր հաստատվել և թույլ էին տվել մարմինները իջեցնել դիրքից, ես Տիգրանի մարմինը գտա խրամատից մի քանի մետր հեռավորության վրա, գնդացիրը՝ կողքին»,- պատմում է 8-րդ հրաձգային բրիգադի հետախուզության պետ Արմեն Բեգլարյանը։ 

«Ժամը 15:00-16:00-ն ընկած հատվածում հակառակորդին հաջողվել էր գրավել 801,802,811, 812 մարտական դիրքերը։ Այս դիրքերի գրավումից հետո, հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով գումարտակի ռեզերվային ուժին և Վանք գյուղից մեզ միացած աշխարհազորայիններին հրամայեցի զբաղեցնել նոր բնագիծ՝ հակառակորդի առաջխաղացումը դեպի Վանք գյուղ կասեցնելու համար»,- պատմում է Հրայր Սարգսյանը։ 

809 և 810 դիրքերի միջդիրքային տարածությունում բնագիծ է զբաղեցրել գումարտակին որպես աջակցություն տրված հակատանկային դասակը։ Նրանց խնդիրն էր կանգնեցնել հակառակորդի զինտեխնիկայի առաջխաղացումը դեպի Վանք գյուղ։ Երբ հակառակորդը գրավել է 811 մարտական դիրքը, նրանք տեղափոխվել են ավելի հետ գտնվող «Մոսին կապ» կոչվող տեղամաս։ Քանի որ այդ հատվածն անտառային է, տանկերն այդտեղով չէին կարող գալ, նրանք մարտի մեջ են մտել որպես հետևակային։ Մերձամարտի ընթացքում հաջողվել էր հակառակորդին զգալի կորուստներ պատճառել։

«Ժամը 17:00-ին արդեն հասկացանք, որ շրջափակման մեջ ենք։ Մեր դիրքերն անտառապատ և լեռնային տեղանքում էին ու կտրված էին իրարից։ Հակառակորդը, օգտվելով դրանից, շրջանցել էր մեզ։ Թիկունքից որպես աջակցություն եկող բոլոր մեքենաները խփվում էին հակառակորդի կողմից։ Անտառից մրգեր և հատապտուղներ էինք հավաքում, սալոր ու տանձի մնացորդներ։ Իսկ ջուր խմում էինք սարից հոսող առուներից»,- հիշում է գումարտակի հրամանատարը։

Սեպտեմբերի 20-ի առավոտյան բեկորային վիրավորում են ստացել հակատանկային դասակի մայոր Հովսեփ Հովսեփյանը և շարքային Էդուարդ Սարգսյանը։ Նրանց պետք էր հասցնել Վանք գյուղի հիվանդանոց։ Շտապօգնության մեքենա չկար: Որոշում են վիրավորներին տեղափոխել հակատանկային դասակի «ՈՒԱԶ»-ով, որը դիրքեր բարձրանալիս վարել էր Հովսեփ Հովսեփյանը։ Մեքենայի ղեկին հակատանկային դասակի զինվոր Վարդան Իսրայելյանն էր: 

Ժամը 8:30 մեքենան շարժվում է դեպի Վանք։ Բացի վիրավորներից, մեքենայում էր նաև Տիգրանը, որն օգնել էր վիրավորներին տեղավորել մեքենայում։ 

Ճանապարհից վերցնում են նաև Վանքի գումարտակի պայմանագրային զինծառայող Բաղդան Բաղրամյանին և ենթասպա Սասուն Գևորգյանին։ Նարեշտարից Վանք ճանապարհին՝ Վանքից 7 կիլոմետր հեռավորության վրա, «Ղազախալի» կոչվող տեղամասում թիկունք ներթափանցած ադրբեջանական զինված խումբը գնդակոծում է մեքենան։ «ՈւԱԶ»-ը գլորվում է ձորը։ Մեքենայում գտնվող 6 հոգուց 5-ը մահանում է։ Ողջ է մնում միայն Տիգրան Մարգարյանը։

Կողմերի միջև զինադադար հայտարարվեց սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին: Սակայն գումարտակը շրջափակման մեջ մնաց մինչև սեպտեմբերի 24-ը։ 

Գումարտակը շրջափակումից դուրս եկավ միայն սեպտեմբերի 24-ի կեսգիշերին։ Զորամասի հրամանատարի հրամանը ստանալուց հետո Հրայր Սարգսյանը ռուս խաղաղապահների միջնորդությամբ կազմակերպել է զորքի դուսբերումը։

Նարեշտար-Չարեքթար հատվածում գումարտակը ունեցել է տասը զոհ և 3 անհետ կորած։

Վանք գյուղի տարհանումը

Մարտական գործողություններին զուգահեռ ադրբեջանական կողմը սկսեց հրետակոծել նաև Վանք գյուղը։ Առաջին արկերը գյուղում պայթեցին ժամը 13:00-ի մոտայաքում։ «Ժամը 12:50 էր, գյուղապետարանից գնացի տուն, որ ճաշեմ։ Տասը րոպե չանցած` պայթունների ձայներ լսեցի։ Հասկացա, որ պատերազմ է սկսվել»,- պատմում է Վանքի գյուղապետ Անդրեյ Սարգսյանը։ 

Արկերից մեկն ընկավ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի տան վրա։ Արկի պայթյունից զոհվեց երկու խաղաղ բնակիչ՝ 16-ամյա Սերգեյ Հովոյանը և 64-ամյա Մելսիկ Բաղդասարյանը։

«Այդ օրը տղաս դիրքերում էր։ Երբ սկսվեց հրետակոծությունը, զանգեց ամուսնուս ու ասաց, որ վերցնի մեր փողոցի բոլոր երեխաներին և տանի ապաստարան»,- հիշում է Մելսիկ Բաղդասարյանի կինը՝ Սուսաննան։ Մելսիկը բոլորին տեղափոխել է ապաստարան, հետո գնացել է տեր Հովհաննեսի տուն՝ նրանց նույնպես տարհանելու։Երկար ժամանակ է անցել, սակայն նա չկար: Սուսաննան գնացել է ամուսնուն փնտրելու։ 

«Մտա տեր Հովհաննեսի տան բակ, հասկացա, որ մոտակայքում արկ է պայթել։ Մեր գյուղացիներից մեկը՝ Սասունը, դուրս եկավ ինձ ընդառաջ ու ասաց, որ ամուսինս մահացել է»,- հիշում է Սուսաննա Բաղդասարյանը։

Սասուն Առաքելյանի հետ Սուսաննան ամուսնու մարմինը տեղափոխել է տուն։ «Սասունն օգնեց, փոխեցինք ամուսնուս արյունոտված շորերը։ Հետո ինքը ասեց, որ գնում է դիրքեր ու երբ վերադառնա, կօգնի, որ թաղումը կազմակերպենք»,- պատմում է Սուսաննան։ Սասունն այդ օրը բարձրացել է Նարեշտարի դիրքեր, և դրանից հետո նրան այլևս չեն տեսել։ Նա մինչ օրս համարվում է անհետ կորած։

Մելսիկի մարմինը հողին հանձնեցին սեպտեմբերի 25-ին։ Նրա որդին՝ Հայկը, դիրքերից վերադառնալուց հետո գնացել էր գյուղ և հուղարկավորել հորը իրենց տան բակում։  

44-օրյա պատերազմից հետո Վանք գյուղը հայտնվեց առաջնագծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Գյուղի բնակչությունից ձևավորված աշխարհազորը Վանքի գումարտակի հետ մարտական հերթապահություն էր իրականացնում Նարեշտարում։ 

Մարտերի սկսվելուց հետո գյուղի աշխարհազորը գնացել է Նարեշտար և միացել գումարտակի անձնակազմին։ Գյուղացիներից մի քանիսն էլ, որոնց հարազատները Խաչենի դիրքերում էին, գնացել էին այդ ուղղությամբ։ Խաչենի կամրջի մոտ ԱԹՍ-ի հարվածից զոհվեց 11 հոգի։ Նրանցից երեքը՝ Նարեկ Սարգսյանը, Ռոման Ավետիսյանը և Յուրա Հակոբյանը, Վանք գյուղից էին։ Այս հատվածում վիրավորվեց Մանվել Ահարոնյանը։ Նա գնում էր որդուն օգնության։ Մանվելը ծանր վիրավորում էր ստացել և սկզբում մտածել էին, թե նա նույնպես մահացած է։ «Երբ անգիտակից պառկած եմ եղել, եկել է զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը՝ Քյոխը։ Նա ստուգել է զարկերակս ու հասկացել, որ ողջ եմ»,- ասում է Մանվել Ահարոնյանը։ 

Մանվելին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց և վիրահատել։ Հետո տեղափոխել են Երևան։ Հիմա նա կնոջ և երկու որդիների հետ ապրում է Վանաձորում։ 

Գյուղապետ Անդրեյ Սարգսյանը այդ օրերին դիրքերում չի եղել։ Նա սեպտեմբերի 20-ից սկսել է կազմակերպել գյուղի տարհանումը։ «Ամսի 20-ի առավոտյան իմացանք, որ հակառակորդը հասել է Հաթերքի ձոր։ Հասկացա, որ հնարավորիս շուտ պետք է կազմակերպել բնակչության տարհանումը։ Ով մեքենա ուներ, իր մեքենայով, ով չուներ՝ իրենց համար ավտոբուս գտանք ու բոլորին տեղափոխեցինք Ստեփանակերտ»,- պատմում է Անդրեյ Սարգսյանը։ 

Վանք գյուղից սեպեմբերի 19-20-ին զոհվել է 12 մարդ։ Նրանցից 10-ը զինվորական էին, 2-ը՝ քաղաքացիական անձինք։ 

«Նարեկ Սարգսյանը, Յուրա Հակոբյանը ու Ռոման Ավետիսյանը զոհվեցին Խաչենի կամրջի մոտ, Ալեքսեյ Նագայցևը զոհվեց «Թախտին պոստ» կոչվող տեղանքում, Վագիֆ Սահակյանը ու Ռոման Ահարոնյանը՝ Նարեշտարի դիրքերում, Խաչիկ Լալայանը զոհվեց դիպուկահարի կրակոցից «Ղազախալի» կոչվող տեղամասում, Բաղդան Բաղրամյանը և Սասուն Գևորգյանը վիրավորներին տեղափոխող մեքենայում էին, որի վրա ադրբեջանցիները հարձակվեցին «Ղազախալիում», Արցախ Պողոսյանը զոհվեց Կիչանում»,- ասում է Անդրեյ Սարգսյանը՝ քարտեզի վրա ցույց տալով համագյուղացիների զոհվելու վայրերը։  

Մանրամասները՝ տեսանյութում

hetq.am