Շաբաթ, Դեկտեմբերի 21, 2024
Շաբաթ, Դեկտեմբերի 21, 2024

ԱԹՍ-ն խփել ա, բեկորային վնասվածք ա ստացել․ ամուսնու զոհվելուց հետո Սևինջն ասում է՝ ամեն ինչ գլորվեց անդունդը

Դեկտեմբերի 14, 2024

«Միանգամից սաղ գլորվեց անդունդը»,- հուզմունքով ասում է չորս երեխաների մայր 37-ամյա Սևինջ Ավագյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է ամուսնուն՝ Դերենիկ Ավագյանին։

39-ամյա Դերենիկը պատերազմի լուրն իմանալուն պես որոշել է մեկնել առաջնագիծ. «Ասեց՝ եթե գնում են, իմ երեխայի համար կռիվ են տալիս, ես էլ եմ պարտավոր գնալ։ Սեպտեմբերի 28-ի առավոտ՝ լուսաբացին ժամը 5-ին, գնացել են Ջաբրայիլ»։

Դերենիկը հեռախոսը թողել է տանը ու գնացել, կինն ասում է՝ այդ օրվանից հետո ամուսնու հետ կապ չի հաստատել։

«Վերջին անգամ լուսաբացին ենք տեսել»,- հուզվելով հիշում է կինը և նշում, որ օրեր անց իմացել են, որ ամուսինը վիրավորվել է, և սկսել են նրան փնտրել հիվանդանոցներում։

«Քաղաքում ինչքան ման եկանք, հիվանդանոցում չգտանք։ Մի ընկեր ուներ, հոսպիտալում էր աշխատում՝ դիահերձարանում։ Զանգեցի, ասեցի՝ ինչ վիճակում էլ տեսած լինես՝ կենդանի թե մեռած, ինձ զանգի, ասա։ Ամսի 7-ի զանգեցի, ասեցի՝ լուր չկա՞, ասեց՝ մի ժամից կզանգեմ: Զանգեց, ասեց՝ իրան ճարել ենք, մշակել եմ՝ արի տար»,- կսկիծով պատմում է կինը։ 

Սևինջն ասում է, թե մտքով էլ չէր անցնի, որ իրենց ընտանիքին նման ողբերգություն կպատահի։ Ընդգծում է՝ ամուսինը դժվար վիճակներից այնպես է դուրս եկել, որ չէին կարող պատկերացնել, որ այսպիսի բան կարող է լինել:

«Մտածում էինք, որ վիրավոր էլ լինի՝ դուրս կգա… Էդպես էլ եղել ա, վիրավորվել ա, իրան հետ են ուղարկել, բայց իրան վիրակապել ա, առաջ գնացել… ԱԹՍ-ն խփել ա, բեկորային վնասվածք ա ստացել։ Մեջքը չկար, գլուխը չկար»,- հուզմունքով ասում է կինը։

Մինչև պատերազմը Սևինջը Դերենիկի և չորս երեխաների հետ բնակվել է Քաշաթաղի շրջանում։ Տունն ու ապրուստը թողնելով Բերձորում՝ այժմ ապաստան է գտել Չարենցավան քաղաքում։ Ասում է՝ մեկ շաբաթ առաջ է կարողացել ամուսնու արտաշիրիմումը կազմակերպել։ Քաշաթաղից տեղափոխել է Չարենցավան, որ մոտ լինեն։

«Շատ դժվարությամբ, ահավոր ձևով բերեցինք: Հայաստանի կառավարությունը թույլ չտվեց, Փաշինյանին նամակ էի գրել, որ արտաշիրիմման թույլտվություն տա, թույլ չտվեց, ասեց՝ 10 տարի պիտի սպասեք: Ասեցի՝ բա ո՞նց կլինի, հողերը իրանց ձեռքն ա, ես չեմ կարողանում գերեզման գնալ, ասեց՝ 3 տարի, ասեցի՝ էդպես էլ չի լինի, ասեց՝ ոչ մի բանով չենք կարա օգնենք։ Արցախի նախագահի ու շրջանի ղեկավարի օգնությամբ ու ռուսների միջամտությամբ ինձ փաստաթղթերով թույլտվություն տվեցին, որ կարողանամ արտաշիրիմում անել: Փառք Աստծո, եկավ-հասավ ընտանիքին»,- պատմում է կինը։

Մշտապես բարձր տրամադրությամբ, բոլորին օգնող ու հասնող՝ այսպիսին էր ամուսինը: Կինն ասում է՝ որքան էլ անելանելի վիճակ լիներ, Դերենիկը միշտ հույս էր տալիս ու տրամադրություն բարձրացնում։

Սևինջն ամուսնու կորստյան հետ համակերպվել չի կարողանում, օրն անցնում է անհուն կարոտով, ամուսնու մասին հիշողություններով։ Ասում է՝ ամուսնու խոսքերն են ականջին, երբ կնոջը հորդորում էր ցանկացած պարագայում ուժեղ մնալ:

«Ինձ միշտ ասում էր՝ չկոտրվես, եթե ես չլինեմ էլ, եթե օր գա՝ չլինեմ, ուժ կունենաս, առաջ կքայլես: Բայց շատ դժվար ա, ամեն վայրկյան իրա կարիքն ենք զգում։ Տղա ունեմ, դիաբետիկ ա, շատ վատ տարավ, թուլանում էր»,- կրկին հուզվում է Սևինջը։

Ասում է՝ իր համար ապագա չկա, միակ ցանկությունն է, որ երեխաներին իրենց նպատակին հասցնի․ «Դրանից հետո մեծ ցանկություն ունեմ՝ գնամ իմ ամուսնու մոտ, որովհետև առանց իրա իմ համար շատ դժվար ա»։

MediaLab.am