Շաբաթ, Դեկտեմբերի 21, 2024
Շաբաթ, Դեկտեմբերի 21, 2024

Պատերազմի դրվագներ: Պողոս Դավոյան

Դեկտեմբերի 14, 2024

Պողոս Դավոյանն ընդամենը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը: Տասնութամյա տղան Լոռու մարզի Նովոսելցովո գյուղից է: Զինվորական ծառայությունն անցնում էր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում:

«Քսանվեց օր Հադրութում եմ եղել, այդտեղ եմ մասնակցել մարտերին: Հետո գնացել ենք Մարտունի, չորս օր հանգստացել ենք, ու մեզ տարել են Շուշի: Տասներեք օր էլ Շուշիում եմ կռվել»,-պատմում է Պողոսը:

Երիտասարդի համար շատ դժվար է հիշել պատերազմի դաժանությունները, այն ամենն, ինչին ականատես է եղել: Շուշիում շրջափակման մեջ էլ է ընկել, բայց հաջողել է դուրս գալ ու փրկվել: «Շուշիում շատ ծանր մարտեր էին ընթանում: Աչքիս առաջ ընկնում էին հերոս ընկերներս»,-հիշում է նա:

Պողոսի ու զինակից ընկերների համար առավել ծանր է եղել այն, որ մարտական դիրքում ստիպված են եղել միայնակ կռվել. առանց հրամանատարի են մնացել:

Նոյեմբերի յոթին Պողոսը ձեռքից վիրավորում է ստացել, շատ ծանր վիճակում տեղափոխել են Երեւան: Երեք բարդ վիրահատություն է տարել՝ ութ, չորս եւ երկու ժամ տեւողությամբ: Առաջին վիրահատությունն արել են Ֆրանսիայից ժամանած բժիշկները: Ֆրանսիացի բժիշկները Պողոսին եւս մեկ անգամ կվիրահատեն հունվարին:

Նա այժմ տանն է: «Պատերազմը հոգեպես ու ֆիզիկապես ծանր հետք է թողել տղայի վրա: Վերջին վիրահատությունից դեռ շատ քիչ ժամանակ է անցել, սպասում ենք, որ արագ ապաքինվի ու դուրս գա պատերազմի թողած ազդեցությունից»,-ասում է Պողոսի զարմուհին՝ Սյուզի Դավոյանը:

Երբ խնդրում եմ Պողոսին իր կարծիքը հայտնել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի մասին, ասում է՝ դա անխուսափելի էր: «Վիճակը շատ ծանր էր, անելանելի էր արդեն: Կարծում եմ՝ համաձայնագիրը ստորագրելուց բացի ուրիշ տարբերակ չէր մնացել»։

aliqmedia.am