Նա ոչ թե զենք պիտի վերցներ, այլ զենք սարքեր. Վիկտոր Համբարձումյանի եղբոր թոռը՝ հետախույզ, հրետանավոր Ռուբենը
Ռուբենը ոչ թե զենք պիտի բռներ, այլ պիտի սարքեր, որ Հայաստանը հաղթանակներ ունենար։ «Նա ոչ հասցրեց զենք սարքել, ոչ էլ տեսավ իր այնքան սիրելի երկրի հաղթանակները»։
44-օրյա պատերազմում զոհված կանաչ աչքերով Ռուբենը, որը աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի եղբոր թոռն էր, փոքրուց սիրահարված էր ոչ թե աղջկա, այլ աստղերին։
Մարտունիում է ծառայելիս եղել, Համբարձումյանների ընտանիքին անծանոթ շատ մարդիկ են նրանց ասել՝ եթե Ռուբենի ճշգրիտ հաշվարկները չլինեին, Մարտունու զորամասը հօդս ցնդած կլիներ։
«Պատերազմի ընթացքում Ռուբենի հաշվարկած թիրախների կորդինատներով, բացարձակ ճշգրտությամբ, ոչնչացվել է թշնամու ահռելի թվով զրահատեխնիկա։ Նա մասնակցել է Մարտունու թեժ մարտերին։ Հոկտեմբերի 2-ին վիրավորվել է տղաս՝ ստանալով կանտուզիա, և մի քանի օր բուժվելուց հետո՝ դեռ չապաքինված, նորից անցել է ծառայության։ Ռուբենս զոհվել է Մարտիունիում՝ հոկտեմբերի 22-ին»։
Ամրակազմ, թիկնեղ տղան, որ շատ էր սիրում թվերի ու աստղերի աշխարհը, նաև քաղցրավենիք, ծնվել է Երևանում։ Դեռ փոքր տարիքից պարզ երևում էին Ռուբենի բացառիկ ունակությունները։ Մայրն ասում է՝ ռոմանտիկ չէր, բայց հաճախ էր երկնքին նայում։
«Ռուբենս սովորել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։ Բացառիկ խելքի տեր էր։ Ինչից հարցնեիր, գիտեր, սիրելի թեմաներն էլ կապված էին թվերի հետ։ Շատ հանգիստ երեխա էր, քչախոս ու քչով էլ բավարարվող։ Երբեք ոչ մի նեղություն տված չկա՝ ոչ փոքր տարիքում, ոչ ծառայության ընթացքում»,- պատմում է մայրը՝ Աննան։
Կրտսեր Համբարձումյանն ընդունվել էր ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, նաև Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարան։ Որոշել էր՝ մինչև չծառայի, չի մեկնի Մոսկվա։
«2019թ․ հուլիսի 26-ին էր զորակոչվել բանակ Ռուբենս։ Նա դարձել էր ավագ հետախույզ, ապա՝ հրետանավոր։ Ծառայության 6-րդ ամսում սերժանտական դասընթացների էր մասնակցել։ Լավ ծառայության համար սեպտեմբերի 12-ին տղաս ստացել էր սերժանտի կոչում և պարգևատրվել «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Մաթեմատիկայի և հաշվարկային գերազանց հմտությունների շնորհիվ դարձել էր N հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի շտաբի պետի հաշվարկող»,- պատմում է Աննա մայրիկը։
Ուսուցիչները պատմում են, որ Ռուբենը միշտ հպարտանում էր իր ազգանունով, իրենք էլ տղայի՝ Վիկտոր Համբարձումյանի եղբոր թոռը լինելով։
Ռուբենը քաղցրացնում էր ընտանիքի կյանքը, որ հիմա, տիկին Աննայի խոսքերով, անգույն ու անհամ է դարձել։
«Այն երկնքին, որին սիրահարված էր Ռուբենս, հիմա դժվարությամբ եմ նայում։ Հոգիս դատարկված է, բայց փայլուն աստղերը մի բան հուշում են՝ որդիս կա»։