Անմահ հերոս Բենիամին Նալբանդյան
Բենիամին Գառնիկի Նալբանդյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 8-ին՝ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նախնական կրթություն ստացել է Երևանի թիվ 74 դպրոցում։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևանի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 հիմնական դպրոց։ Այնուհետև ընդունվել է Սլավոնական համալսարանի քոլեջ` հաշվապահություն մասնագիտությամբ։ Ավարտել է կարմիր դիպլոմով։ 2018 թվականին ընդունվել է Սլավոնական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։
Բենիամինը չորս տարեկանից այցելում էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Դեռ փոքր էր, երբ որևէ տոնախմբության կամ տնային նեղ հավաքների ժամանակ՝ նրան կենաց ասելու հնարավորություն էին տալիս, առանց վարանելու բաժակ էր բարձրացնում սահմանը պահող զինվորների համար ու զոհվածների հիշատակին։
Բենիամինի մոտ ընկերներից Սեդան՝ ում հետ ծանոթացել են Վանաձորում և միասին երիտասարդական միության անդամներ են եղել, պատմում է, որ Բենիամինը ազնիվ, անչափ հայրենասեր, ընկերասեր, մարդասեր ու իր տարիքի համեմատ շատ խելացի էր. «Շատ ու շատ զվարճալի հիշողություններ ունեմ իր հետ կապված։ Երբ մենք միասին ինչ-որ քաղցրավենիք էինք ուտում, ես միշտ թափում էի Բենոյի վրա, ու մի անգամ էլ, երբ ինձ տարավ իրենց տուն՝ ընտանիքի անդամների հետ ծանոթացնելու, ընտանիքի անդամներին հորդորեց, որ ինձ մոտ չնստեն, եթե ուզում են մաքուր հագուստով մնան։ Բենոն գրքասեր էր և շատ-շատ էր գրքեր ընթերցում, հատկապես՝ շատ էր սիրում Հարի Փոթերի գիրքը և ֆիլմը։ Ինքը շատ էր սիրում շրջել Հայաստանով մեկ ու առանձնահատուկ վերաբերմունք ուներ Արցախի հանդեպ։ Արցախը իր համար տարերք էր և մենք հաճախ հանդիպում էինք, մտածում, թե ի՞նչ լավ բան կարելի է անել Արցախի համար»,- պատմում է Սեդան։
Մոր խոսքով՝ Բենիամինը ծառայությունից ոչինչ չէր պատմում, շատ համեստ ու ծանրակշիռ էր. «Ամեն անգամ այն հարցին, թե ինչպե՞ս է անցնում ծառայությունը, ասում էր, որ ամեն ինչ շատ հրաշալի է ու հանդարտ։ Զոհվելուց հետո ենք իմացել, թե ինչ դժվարությունների միջով է անցել։ Այդժամ լսել ենք Բենիամինի քաջությունների, շքանշանների ու պատվոգրերի մասին։ Բենիամինը ապրում էր բոլորի հոգսերով ու խնդիրներով, բայց երբեք չէր խոսում սեփական խնդիրների մասին։ Նա իսկապես հայրենասեր էր, գիտեր հայրենի հողի արժեքը։ Փոքր տարիքից սկսել էր զբաղվել հայոց պատմությամբ։ Արդեն մեծ տարիքում՝ ուսումնասիրում էր այն ամենը, ինչը կապված էր պատմության հետ։ Կարդում էր Րաֆֆու «Խենթը», համաշխարհային արխիվներ»,-ասում է մայրը` Կարինեն։
Առաջին կուրսն ավարտելուց հետո` 2019 թվականի հուլիսի 9-ին, Բենիամինը զորակոչվել է հայկական բանակ։ Վեցամսյա ծառայությունն անցել է Լուսակերտի ուսումնական զորամասերից մեկում, ստացել է սերժանտի կոչում։ 2020 թվականի հունվարի 9-ից հիմնական ծառայությունը շարունակել է Արցախում։
«2020 թվականի սեպտեմբերի 26-ին Բենիամինը զանգեց ինձ ու ասաց, որ երկար ժամանակով գնում են դաշտային աշխատանքների, այն ինչ՝ դա չարաբաստիկ պատերազմ էր»,-ցավով խոսում է մայրը։
«Բենոյի հետ ծանոթացել ենք ծառայության ընթացքում, միշտ միասին էինք, ինչ անում էինք, անում էինք երկուսով։ Բենոն կյանքը տեսնում էր վառ ու պայծառ գույներով։ Շատ կամեցող ու ընկերասեր էր ու ինչ-որ փաթեթ ստանալու դեպքում՝ կիսում էր ընկերների մեջ ու երբեմն ինքը սոված էր մնում։ Բոլորի հետ էր շատ ազատ ու չափազանց մտերիմ էր, ոչինչ չէր խնայում։ Պատերազմի օրերին հրամանատարները հարցրին մեզ, թե ո՞վ կգնա առաջնագիծ ու Բենիամինը կամավոր խումբ ստեղծեց, ես էլ դարձա այդ խմբի անդամ» ,-պատմում է մարտական ընկերներից Դավիթը։
Բենիամին Գառնիկի Նալբանդյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ԱԹՍ-ի հարվածից։ Հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Բենիամինը եղել է «Գրադ» մարտական մեքենայի հրամանատար և 44-օրյա պատերազմի առաջին օրվանից մինչև հոկտեմբերի 25-ը մասնակցել է բոլոր մարտական գործողություններին։ Վերջին անգամ ծնողները խոսել են հոկտեմբերի 24-ին, ասել է, որ ամեն ինչ լավ է, բայց դրանից երեք օր առաջ իրենց մեքենային են խփել, ինքը հրաշքով կենդանի է մնացել։ Նա մոտ 15-20 վիրավոր ընկերների հանել է մարտի դաշտից։
«Ընկերներով անվանական գինի էինք հատկացրել Բենիամինին, որի վրա գրել էինք նրա զորակոչվելու օրը, վերադարձի օրը, Բենիամինն էլ ստորագրել էր, որ զորացրվելուց հետո բացեինք ու նշեինք Բենոյի վերադարձը։ Ցավոք այդ գինին ընկերներով խմեցինք Բենոյի քույրերի ու եղբայրների հետ` նրա շիրիմին»,-պատմում է ընկերներից մեկը։ Բրուտոս` այսպես էին ընկերները դիմում Բենիամինին։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։