Ինքը ճիշտ էր, զինվորին ռազմի դաշտ չոր աչքերով են ճանապարհում․ Արցախում զոհված հերոս Կիմը երեկ կդառնար ընդամենը 27 տարեկան
«Բախտը մեկն է զինվորի, կամ մահ, կամ ազատություն»․ հենց այս խոսքերն էլ որպես կարգախոս ընտրած կամավոր Կիմ Խաչատրյանը զոհվեց հանուն հայրենիքի 2020 թվականի հոկտեմբերի 30-ին։
Երեկ լրացավ Արցախի «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Կիմ Խաչատրյանի 27 ամյակը։ Կիմը ծնվել է Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում։ Շատ էր սիրում հայրենի գյուղը։ Ընկերները պատմում են, որ հաճախ էր պնդում, որ այցելեն Արենի։ Հատուկ սեր ուներ սեփական ծննդավայրի հանդեպ, բայց Արցախի նկատմամբ իր զգացումները տարբերվում էին, ինչպես ընկերներն են պնդում՝ այդ սերն ուրիշ էր, երկնային էր։
Կիմը կամավորագրվեց պատերազմի հենց առաջին օրվանից։ Հանգամանքների բերումով ռազմաճակատ մեկնեց հոկտեմբերի 12-ին։ Այդ երկու շաբաթների ընթացքում Կիմը մի առիթով գրել էր՝ «ամաչում եմ քաղաքացիական հագուստով շրջեմ, երբ ընկերներս ռազմի դաշտում են»։
Ընկերներից մեկը լավ է հիշում՝ Կիմը պատերազմ մեկնելուց առաջ չզգուշացրեց, որ գնում է։
«Ասել էի՝ Կիմ հենց գնալու լինես կասես, խնդրում եմ, ուզում եմ հաջողություն մաղթեմ ձեզ, ուզում եմ ճանապարհեմ Արցախ»,-պատմում է Կիմի ընկերը։
Դրան ի պատասխան Կիմն ասել էր, որ չի զգուշացնելու։
«Քանի որ ինձ համար դժվար էր պատկերացնելն ու գիտակցելը, որ հերիք չէ պատերազմ է իմ հայրենիքում և դեռ մահի բերանն են գնալու իմ ընտանիքի անդամները, իսկ Կիմն ու բոլոր այն տղաները, ովքեր գնացին նրա հետ իմ ընտանիքն են, ուստի հուզմունքս չէի կարողանում զսպել։ Շատ էի լացում, ոնց որ զգայի, որ պետք չի գնան, մի բան այն չէ այս պատերազմում։ Երկու անգամ Կիմին մերժեցին, չտարան Արցախ։ Դա այն պարագայում, երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր և ասել էին, որ հաստատ մեկնելու են։ Դե մենք էլ հոգեբանորեն պատրաստվում էինք, որ ահա հիմա կգնան, ու ես սկսում էի լաց լինել։ Հիշում եմ՝ ինչպես էր բարկանում, ասում էր՝ էլի սկսեցի՞ր, մի լացի, զինվորին մարտի դաշտ չոր աչքերով են ճանապարհում։ Չլսեցի, շարունակեցի լաց լինել։ Ու այդպես երկու անգամ չտարան։ Հետո վստահ էի, որ եթե այս երկու անգամը չտարան ուրեմն էլ պետք էլ չի, որ տանեն, ուրեմն արդեն ամեն ինչ լավ է, ուրեմն իրոք հաղթում ենք ու մեզ էլ պետք չեն կամավորներ։ Ես վստահ էի ու Կիմին էլ էի վստահեցնում, որ այդպես է։ Դե իհարկե խենթ հայրենասերը բարկանում էր, ասում էր՝ սուս էլի, դու էնքան ես լացում, որ մեզ չեն տանում, քեզ էլ չեմ ասելու, որ գնում ենք։ Ու չասեց։ Երբ մեր ընկերներից մեկը ասել էր, թե Կիմ արի իրեն ասենք, թող գա, գիտես ոնց է ուզում ձեզ ճանապարհի, անհանգստանում է, Կիմը պատասխանել էր՝ «չէ, թող չգա, հենց դրա համար էլ իրեն չեմ ասում, թող չլացի, չեմ ուզում լացի»։ Ինձ չասաց, որ գնում է։ Միայն ավտոբուսի շարժվելուց հետո զանգեց մեր ընկերն ու ասաց՝ չթողեց քեզ զգուշացնեմ, կներես»,-պատմեց Կիմի ընկերուհիներից մեկը։
Աղջիկն ասում է, որ շատ էր նեղվել, գրել էր Կիմին, բայց այդպես էլ չի պատասխանել նա։ Հետո ողջ պատերազմի ընթացքում մի քանի անգամ է խոսել հետը, այն էլ հազիվ։
«Մտածում էի՝ ինչի ինձ չի զանգում, ախր մնացածին զանգում է։ Հիմա ենթադրում եմ, որ հոգնել էր իմ լացից։ Ինքը ճիշտ էր, զինվորին ռազմի դաշտ չոր աչքերով են ճանապարհում»,-ասաց նա։
Հիմա, երբ իրենց հերոս ընկերոջ տարեդարձն է, ընկերները շտապել են նրա հայրենի գյուղ, բայց ոչ միայն Կիմի տարեդարձին։ Եկել են, որ իրենց վերքի ամոքիչը գտնեն, եկել են, որ իրենց հարազատի կարոտն առնեն փոքրիկ Կիմից, ում անվանել են հորեղբոր անունով։ Թեև Կիմը պատերազմի դաշտից զանգել և հորդորել էր, որ երեխայի անունն Արցախ դնեն։
Հռիփսիմեն, ով առաջիններից է իմացել Կիմի զոհվելու մասին, ասում է, որ երբ իմացել էր եղբայրը փոքրիկ է ունենալու, միշտ հարցրել է իրեն, թե ինչն պետք է անի իր եղբոր կինը, որ երեխան առողջ ծնվի։
«Հարցնում էր, ինչ անի եղբոր կինը, ինչ օգտակար բաներ կան։ Ես էլ ասում էի»,-ասաց Հռիփսիմեն։
Կիմը սովորում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, երազում էր իր գյուղում ատամնաբուժարան հիմնել։ Ավաղ քաջի երազանքը անկատար մնաց։
Հպարտ, հայրենասեր, գեղեցկադեմ, բարի ժպիտով․ բոլորն այսպես են հիշում ու նկարագրում Կիմ Խաչատրյանին։
Պատերազմ մեկնելու նախորդ օրը Կիմը գրել էր․
Բախտը մեկն է զինվորի`
Կամ մահ,կամ ազատություն
Վառոդդ պահիր միշտ պատրաստ ու չոր,
Նշանահատիկդ միշտ ճշտված պահիր,
Որ գնդակն անցնի ճիշտ սրտի միջով,
Եվ նրան հանձնի անաչառ մահին:
Կռվի մեջ չկա գթության խնդիր,
Եվ ոչ էլ խղճի գերակայություն,
Խղճիդ հետ երբեք դաշինք մի կնքիր
Այլապես խիղճդ կդառնա քեզ թույն:
Թշնամուցդ ավելի եղիր անողոք,
Լուծիր հնացող ցավը վրեժի,
Թող քեզ չհուզեն կական ու բողոք,
Երբ քո խնդիրը մահն է հրեշի:
Թող որ թշնամիդ անիծի զարկդ,
Ոսոխիդ մայրը թող քեզ նզովի,
Բազուկդ սակայն կօրհնի քո ազգը,
Եվ քաջությունդ երգով կգովի: