Երեքշաբթի, Ապրիլի 23, 2024
Երեքշաբթի, Ապրիլի 23, 2024

Ֆրանսիան կոչ է անում ԼՂ-ում առաջ շարժված ուժերին հետ քաշվել նախկին դիրքեր

Մարտի 26, 2022

Ֆրանսիան մտահոգ է ադրբեջանական զորքերի կողմից Լեռնային Ղարաբաղում առաջխաղացման մասին տեղեկությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է արել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Ֆրանսիան ցավում է Լեռնային Ղարաբաղում գրանցված միջադեպերի, մասնավորապես զինված միջադեպերի ու Փառուխի և Խրամորթի շրջաններում զորքերի առաջխաղացման առնչությամբ: Այն կոչ է անում ուժերին, որոնք, ինչպես ասվում է, առաջ են շարժվել, հետ քաշվել նախկին դիրքեր՝ համաձայն կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման խաթարումների կապակցությամբ՝ պահանջելով վերականգնել տեղի բնակչության մշտական գազամատակարարումը: Նշվել է, որ այս հարցը բարձրացվել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հեռախոսազրույցներում:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։ ՀՀ ԱԳՆ-ից փաստի առնչությամբ հայտնել են, որ Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի` դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։

Այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։