Անմահ հերոս Գևորգ Կուլիջանյան
Գևորգ Սամվելի Կուլիջանյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 23-ին Մարտակերտի Հոռաթաղ գյուղում։ Նա 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներից մեկն է։ Գևորգը երկկողմանի ծնողազուրկ էր, ապրում էր մորաքրոջ և տատիկի հետ՝ Էջմիածնի Ծաղկունք գյուղում։
Ուսուցչուհիներն ու ընկերները պատմում են, որ շատ ընկերասեր ու բարի տղա էր, պատրաստակամ բոլորին օգնելու։ Մորաքույրը, ով Գևորգի համար մայր է եղել, պատմում է՝. «Նրա մեջ հայրենասիրությունը դեռ մանկուց է եղել, Գևս միշտ ասում էր, որ տղան պետք է գնա և պատվով ծառայի հայրենիքին։ Ծառայությունից հետո մտադիր էր գալ ու նշանադրվեր, սիրած աղջիկ ուներ, շտապում էր ամուսնանալ և մեծ ընտանիք կազմել»։
Պատմում են՝ Գևորգը շատ էր սիրում կենդանիներին, մի շուն ունեին, որին նա էր պահել, մեծացրել։ Գևորգի զոհվելուց հետո՝ շունն ընկերների հետ 2 անգամ գնաց գերեզմանոց, իսկ երրորդ անգամ գնաց ու էլ չեկավ։
Մայրը նրան դեռ մանկուց հայրենասիրական ոգով է մեծացրել, մորաքույրը պատմում է, որ նրան հաճախ էր հագցնում զինվորական հագուստ և միշտ կրկնում էր՝ Գևորգն իր զինվորն է։ Գևորգը շատ բնագավառներում է փորձել ուժերը, հաճախել է շախմատի, բայց քանի որ ակտիվ կյանք էր սիրում, սկսել էր զբաղվել սպորտով։ Սպորտում բազում հաջողությունների է հասել՝ հիմնականում զբաղեցրել 1-ին կամ 2-րդ հորիզոնականները։ Մինչ ծառայության մեկնելը նա արդեն երկրապահ կամավորների միության կողմից արժանացել էր կրտսեր սերժանտի կոչման։ Ծառայության անցել է 2020 թվականի հուլիսի 9-ին Արցախի Մարտունիի շրջանի զորամասերից մեկում, հետո տեղափոխվել Հայկազով։ Նա մի քանի ամսվա ծառայող էր, երբ սկավեց պատերազմը: Հարազատներին հանգստացնում էր, թե ամեն բան կարգին է, որ իրենք նորակոչիկ են ու չեն մասնակցում պատերազմին։ Բայց Գևորգը հրետանավոր էր։
«Պատերազմի ընթացքում մեկ անգամ ենք խոսել, երկուսս էլ գտնվում էինք ծառայության մեջ, ասաց, որ մեզ լավ նայենք, տնեցիքի հետ խոսենք, ու իրար փոխանցեցինք, որ եթե մեզանից մեկին ինչ-որ բան պատահի մյուսը զոհվածի կամ վիրավորի ընտանիքին ուշադիր լինի»,-պատմում է Ալիկը՝ մանկության ընկերը, ով հիմա գտնվում է ծառայության մեջ, դա եղել է նրանց վերջին խոսակցությունը։
Մյուս ընկերը՝ Վիրաբը, նույնպես շատ հիշողություններ ունի Գևորգի հետ կապված, նրանք միասին շատ նպատակներ ունեին, որոնք ցավոք մնացին անկատար։ Վիրաբի խոսքով Գևորգը ընկերության մեջ առաջնորդի դերում է եղել։
Գևորգի կնքահայրը՝ Սիմոնը, պատմում է, որ Գևորգը շատ համեստ, խելացի ու աշխատասեր տղա էր, նրան բոլորը շատ էին սիրում. «Գևորգը մեծին հարգող, յուրահատուկ, կիրթ ու հասկացող տղա էր։ Մինչև կնքահայր դառնալը ինձ ձյաձյա էր ասում, ես ասեցի, որ ինձ այդպես չդիմի, դրանից հետո խուսափում էր ինչ-որ ձև դիմելուց, արդեն կնունքից հոտո «քավոր ջան» էր դիմում։ Զինկոմիսարիատ ես եմ տարել, շատ էր շտապում, ասեցի՝ Գևորգ ջան, դեռ երկու ժամ կա, ասեց՝ չէ, քավոր ջան, չեմ ուզում ուշանանք»։
Գևորգը դպրոցում լավ է սովորել, ամենաշատը սիրել է կենսաբանությունը, որը դասավանդում էր իր սիրելի դասղեկը, հետո՝ ռուսաց լեզուն։
«Գևորգը դասարանին նվիրված, խելացի ու ժպտերես տղա էր։ Նա իմ դասերին միշտ գալիս էր առաջին նստարանին էր նստում, մնացած ժամանակ՝ վերջում էր, ասում էր, որ առաջին նստարանին եմ նստում շատ են դաս հարցնում։ Իմ դասերին շատ քիչ դեպքեր են եղել, որ պատրաստ չի եղել, այդ ժամանակ էլ որ ժպտում էր, մոռանում էի, որ անպատրաստ է»,-պատմում է դասղեկ տիկին Նազարյանը:
Ռուսաց լեզվի ուսուցչուհին՝ տիկին Հովհաննիսյանը ևս շատ էր սիրում Գևորգին, նա պատմում է, որ Գևորգը միշտ պատրաստ էր լինում դասերին, և շատ էր սիրում ռուսերենը։ Գևորգի դասընկերուհին՝ Գոհարը, հիշում է, որ Գևորգը միայն հազվադեպ մաթեմատիկայի դասերից էր փախչում, մնացածին սիրով էր մասնակցում, խաղաղասեր ու բարի տղա էր։ Նոյեմբերի 2-ին Գևորգը անմահացավ Շուշիի համար մղվող համառ մարտերում`հրետանու արկից: Գևորգի զոհվելուց հետո «Հավերժների պուրակում»՝ 305 համարի տակ, Գևորգի անունով հավերժ դալար ծառն է տնկված։ Գևորգ Կուլիջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։