Ուրբաթ, Ապրիլի 19, 2024
Ուրբաթ, Ապրիլի 19, 2024

Մարտերը Շուշի-Լիսագոր ճանապարհին․ 24 հոգանոց դասակից 10-ը զոհվել է

Ապրիլի 08, 2022

Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շուշիի մատույցներում հայկական ուժերին օգնության մեկնող՝ «Շուշիի արագ արձագանքման» անվանումը ստացած դասակի կամավորականները հայտնվում են շրջափակման մեջ։ Մի քանի ժամ տևած մարտերից հետո 24 հոգանոց անձնակազմից 10-ը զոհվում են, 9-ը` վիրավորվում։ Մյուսները վիրավորների հետ վերադառնում են Շուշի։ Նոյեմբերի 4-ի առավոտյան արդեն հակառակորդն իր վերահսկողության տակ է վերցնում Շուշի-Լիսագոր՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը։

Դասակի գործողությունների վերաբերյալ «Հետք»-ը զրուցել է դասակի կազմում ջոկի հրամանատար Սպարտակ Ծատուրյանի հետ։ Այդ օրվա մարտերի մասին մանրամասներ են պատմել ճանապարհի նույն հատվածում մարտերին մասնակցած աշխարհազորայինները։ Մի դրվագի վերաբերյալ էլ պարզաբանում ենք ստացել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից:

2020 թ.-ի հոկտեմբերին Հայաստանի տարբեր բնակավայրերից մի խումբ կամավորներ ներկայանում են իրենց տարածքային զինոկոմիսարիատներ, որպեսզի մասնակցեն պատերազմին։ Կամավորները Արմավիրում 3 օր նախապատրաստական դասընթացների են մասնակցել և 90 հոգանոց խմբով հոկտեմբերի 27-ին մեկնել են Արցախ։ Կամավորներից կազմված վաշտի հրամանատարը և տեղակալը նշանակվել էին ՀՀ ՊՆ-ի կողմից։ Դասակի հրամանատարներն արդեն կամավորներից էին՝ Տիգրան Մնացականյան, Գևորգ Պետրոսյան, Ալեքսանդր Եդիգարյան և ապահովման դասակի հրամանատար՝ Սպարտակ Ծատուրյան։

Հոկտեմբերի 27-ի առավոտյան վաշտը հասնում է Շուշի՝ տեղեկություն չունենալով, որ հակառակորդն արդեն Շուշիից ուղիղ գծով 8 կմ հեռավորության վրա գտնվող Ավետարանոց գյուղում է։ Անձնակազմը տեղակայվում է Շուշի քաղաքի հարավարևմտյան մասում գտնվող Ռեալական ուսումնարանի կիսաքանդ շենքում (միայն պատերն են կանգուն)։ Զենք-զինամթերքը, հանդերձանքը տեղավորում են շենքի կիսանկուղում։ 3 օր ուսումնարանի տարածքում հերթապահություն են իրականացնում։ Շուշին այդ օրերին հրետակոծվում էր (ոչ ինտենսիվ)։ Նույնիսկ վաշտի հրամանատարի առկայության պայմաններում, ինչպես պատմում է Սպարտակ Ծատուրյանը, դասակի հրամանատարներն են քննարկում հետագա անելիքները և որոշում դուրս գալ ուսումնարանի տարածքից, որպեսզի նախ կիսաքանդ շենքի հնարավոր հրետակոծությունից չտուժեն և հետո՝ գտնեն բարձրաստիճան զինվորականի, որ իրենց մարտական առաջադրանք տա։

Հոկտեմբերի 30-ին ողջ անձնակազմը՝ զենք-զինամթերքով, դուրս է գալիս ուսումնարանից, ապա՝ Շուշիից և շարժվում դեպի Լիսագոր։ Ճանապարհի վրա գտնվող էլեկտրակայանից շատ չհեռացած՝ հանդիպում են Շուշիի շրջանի դատախազ Ալեքսանդր Գրիգորյանին (հետագայում պարզվում է, որ նա Շուշիի աշխարհազորի հրամանատարն էր)։ Նրան են ներկայացրել ուսումնարանի տարածքում մնալու ռիսկերը, որից հետո որոշվում է վերադառնալ Շուշի։ Դատախազի ցուցումով վաշտը տեղակայվում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի շենքի բունկերում, որից հետո հանձնարարություն ստանում՝ դիրքավորվելու «Ջդրդուզ» տեղամասի հյուսիսային հատվածում (Շուշի քաղաքի արևելյան մասում)։ Հենց այդտեղից էլ պետք է իրականացնեին Շուշիի պաշտպանությունը։ Անձնակազմը խրամատներ է փորում, հերթապահություն սկսում իրականացնել։ Վաշտի դիտարկման տարածքը Հունոտի կիրճն էր։ Մինչև նոյեմբերի 3-ը տղաները նույն տարածքում և՛ ամրաշինական աշխատանքներ են կատարել, և՛ հերթապահել։

Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը դասակի հրամանատարներից Գևորգ Պետրոսյանը գնում է Շուշիում տեղակայված աշխարհազորի շտաբ։ Այդ ժամանակ շտաբում են եղել ՀՀ քննչական կոմիտեի ներկայիս նախագահ Արգիշտի Քյարամյանը (պատերազմի ընթացքում ազատվել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից, ապա կամավոր մեկնել Արցախ), ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, դատախազ Ալեքսանդր Գրիգորյանը և այլք։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը Քյարամյանին ուղղված մեր գրավոր հարցման ի պատասխան հայտնել է, որ Արգիշտի Քյարամյանը պատերազմի ժամանակ որպես կամավոր մեկնել է Շուշի։

«Շուշիում ձևավորված է եղել աշխարհազորի գումարտակ․ այն ունեցել է ղեկավար կազմ, որն էլ զբաղվել է գումարտակի տեղակայման և մարտական խնդիրներ կատարելու հարցով»,- նշել է Վարդան Թադևոսյանն ու հավելել, որ Քյարամյանը Գևորգ Պետրոսյանին նկատել է խորհրդակցություններից մեկի մեկնարկից առաջ, սակայն նրա հետ առանձնազրույց է ունեցել խորհրդակցությունից հետո։ Այդ խոսակցության ժամանակ, բացի անձնական բնույթի զրույցից, Քյարամյանն ու Պետրոսյանը քննարկել են նաև պատերազմի հետ կապված հարցեր։ Ըստ ՔԿ նախագահի մամուլի խոսնակի՝ Արգիշտի Քյարամյանը և Գևորգ Պետրոսյանը քաղաքացիական կյանքում եղել են ընկերներ, համակուրսեցիներ։

Գևորգ Պետրոսյանը, Շուշիի շտաբից վերադառնալով վաշտի տեղակայման վայր, հայտնում է շտաբի հանձնարարության մասին։ «Ես քնած էի, արթնացրին, բա՝ Գևորգը կանչում է, մոտեցա, ասեց՝ Սպո ջան, արագ արձագանքման ջոկատ պետք է կազմվի»,- իր և Գևորգ Պետրոսյանի խոսակցությունը վերհիշեց Սպարտակ Ծատուրյանը։ Մեր հարցին՝ դա շտաբի՞ հանձնարարությունն էր, նա պատասխանեց՝ հա, շտաբի հանձնարարությունն էր։

Ջոկատը կամավորության սկզբունքով է ձևավորվում, քանի որ պետք է մարտի մեջ մտներ այն տեղերում, որտեղ հակառակորդ կնկատվեր։ Գևորգ Պետրոսյանը, դիմելով անձնակազմին, հարցրել է, թե ովքեր կմիանան։ 90 հոգուց 25-ը ցանկություն է հայտնել նոր ստեղծվող ջոկատին միանալ։ Առանձնացված անձնակազմը բարձրացել է Տեխնոլոգիական համալսարանի դասասենյակները, բաժանվել ջոկերի, ընտրվել են հրամանատարները։ Առաջին ջոկի հրամանատար նշանակվել է Սպարտակ Ծատուրյանը, երկրորդ ջոկը հրամանատար չի ունեցել, Գևորգ Պետրոսյանը դարձել է և՛ դասակի, և՛ այդ ջոկի հրամանատար, իսկ երրորդ ջոկի հրամանատարը նշանակվել է Արա Միսակյանը։ 25 հոգանոց դասակի անդամներից մեկն առողջական խնդիր է ունեցել, այդ պատճառով նրան չեն ընդգրկել դասակի կազմում։

Նոյեմբերի 3-ի ժամը 23:30-ին նորաստեղծ դասակը Շուշիի աշխարհազորի շտաբից խնդիր կատարելու հրաման է ստանում՝ տեղեկանալով, որ «Ջդրդուզի» մոտակայքում լարվածություն կա։ Դասակը գիշերով բունկերից գնում և դիրքավորվում է նախկինում իրենց փորած խրամատներում։ Տղաները զինված էին «AК» ինքնաձիգներով և «РПК» գնդացիրներով, հանդերձավորված՝ սաղավարտներով։ Չունեին գիշերային դիտման սարքեր։ «Ջդրդուզում» 2-3 ժամ դիրքավորված մնալու ժամանակ, բացի հրետակոծությունից, այլ իրադարձություն տեղի չի ունենում։

«Գևորգի կողքն էինք, ասեց՝ վսյո, արդեն հարձակում է տեղի ունեցել, եթե չեմ սխալվում՝ «Բերդ 12», «Բերդ 13» դիրքերի վրա, զոհեր ունեն, վիրավորներ ունեն արդեն, պոստը տալիս են։ Մենք գնում ենք այնտեղ»,- նշեց Սպարտակ Ծատուրյանը։ 24 հոգանոց դասակից ոչ մեկ տեղանքին ծանոթ չի եղել, նույնիսկ չեն էլ իմացել, թե հակառակորդը որ ուղղությամբ է առաջացել։ Ռադիոկապով փորձել են կապվել «Բերդ 12» դիրքի անձնակազմի հետ, սակայն արձագանք չի եղել։

Դասակը 4 մեքենայով պետք է «Ջդրդուզից» տեղափոխվեր Շուշի-Լիսագոր ճանապարհ՝ հարձակման ենթարկված դիրք։ «ՈւԱԶ» մարդատար («Буханка») ավտոմեքենայի դիմացը՝ վարորդի կողքին, նստում է Գևորգ Պետրոսյանը, մյուսները՝ հետևում, թեթև մարդատար մեքենայի վարորդի կողքին նստել է Սպարտակ Ծատուրյանը, իսկ հետևի նստատեղերին՝ դասակից 3 հոգի։ Մինչ մյուս երկու մեքենայի ժամանելը Գևորգ Պետրոսյանի մեքենան՝ առջևից, Սպարտակ Ծատուրյանինը՝ հետևից, լույսերն անջատված դուրս են գալիս «Ջդրդուզի» տարածքից, ապա՝ Շուշիից։

Շուշի քաղաքի և Քարին Տակ գյուղի խաչմերուկն անցնելով՝ երկու մեքենաները շարժվում են էլեկտրակայանի ուղղությամբ (գտնվում է ճանապարհի անմիջական հարևանությամբ)։ Մյուս երկու մեքենաները մոտ 10 րոպե տարբերությամբ դուրս են գալիս Շուշիից։

Շուշիի մուտքից մոտ 1.5 կմ դեպի Լիսագոր առաջին ոլորանը պտտվելուց հետո Սպարտակ Ծատուրյանը տեսնում է, որ Գևորգ Պետրոսյանի մեքենայի վրա կրակահերթ է արձակվում։ Մեքենան դուրս է գալիս ճանապարհից, հարվածում ճանապարհի եզրի ժայռաքարերին, կանգնում։ Նույն պահին կրակահերթի տակ է հայտնվում մյուս մեքենան, որի վարորդի կողքին Սպարտակ Ծատուրյանն էր։

«Շուշիից դուրս եկանք, պադստանցիան անցանք, կռուգ կար, թեքվեցինք, ու ես տեսա, որ Գևորգենց ավտոյի վրա սկսեցին սալյուտի նման կպնել գնդակները։ Էդ պահին տրաքեց մեր մեքենայի դիմապակին։ Գևորգենց ավտոն գնաց մի քանի մետր, խփեց քարին ու կանգնեց։ Ես մի պահ զգացի, որ ինձ ոչ մի բան չի եղել, չի կպել ինձ, ինձ գցեցի ավտոյից։ Հետո մոտեցա, մեր ավտոյի հետևի դուռը բացեցի, տղերքից մեկը՝ Գոգան, ընկավ վրես։ Իջացրի, քաշեցի ավտոյի հետևը, խեղդվում էր։ Հավանաբար, որ խփեցին պարբրիսին, երևի կպավ իրան։ Դոշին էր խփել, թե ինչ․․․ ու սկսեցի Գոգային հարցնել՝ որտե՞ղդ է, որտե՞ղդ է, չէր կարողանում խոսար։ Այդ ժամանակ սկսվեց ինտենսիվ կրակը թե՛ մեր ավտոյի վրա, թե՛ Գևորենց։ Տղերքին տվեցի՝ ի զե՛ն, ու սկսեցինք կրակ պահել։ Մութ էր ոչ մի բան չէր երևում։ Գևորգենց ավտոյի կողմից երկու հոգի՝ Արամը, մեկ էլ չեմ հիշում ով․․․ Արամը վիրավոր, ոտքը թոփալով մոտեցավ, ասեց՝ տղերք, ոտիցս վիրավոր եմ։ Հրահանգ տվեցի, որ ես կրակ եմ պահում, բոլորդ հետ շարժվեք։ Տղերքը սկսում են հետ շարժվել, ու պարզվում է, որ կալցոյի մեջ ենք։ Այսինքն՝ իրենք եկել են ձորի միջով, ճանպարհի վրա, բարձրացել են վերև ու մեզ գցեցին շրջափակման մեջ»,- նշեց Սպարտակ Ծատուրյանը։

Ճանապարհի այդ հատվածի մի կողմում ձոր է՝ դեպի Նաբիլար, մյուս կողմում՝ ժայռապատ բլուր, վերևում՝ բլուրի հակառակ կողմում, «Իսայի աղբյուրը» (Իսաբուլաղ, դեպի հարավ արևմուտք)։ Կրակահերթի տակ հայտնված մեքենաներից ողջ մնացածները և ոչ ծանր վիրավորում ստացածները հետ են գնում դեպի էլեկտրակայան։ Այդ ժամանակ Սպարտակ Ծատուրյանը փորձում է ճանապարհի կողքով (ձորի եզրով) առաջանալ, որ մեքենաների մոտից ծանր վիրավորներին օգնի, սակայն անդադար կրակահերթի պատճառով չի կարողանում մոտենալ մեքենաներին։ Ըստ Սպարտակ Ծատուրյանի՝ մի քանի ժամ ինքը մնում է ճանապարհի ներքևի հատվածում, որտեղ խրամատ չկար, կրակ է վարում, սակայն հասկանալով, որ անհնար է մոտենալ մեքենաներին՝ որոշում է դուրս գալ այդ հատվածից ու նահանջել։

Էլեկտրակայանի հարևանությամբ փորված խրամատի մոտ նրանց կապիտանի կոչմամբ զինվորական է մոտենում, որի ով լինելը մինչ օրս տղաները չգիտեն, պահանջում է խրամատում դիրքավորվել։ Այդպես էլ անում են, ապա կրակ վարում Նաբիլարի ձորի ուղղությամբ։ Նույն կապիտանին ռադիոկապով հայտնում են, որ 200-250 հոգի ճանապարհն անցել, բարձրացել է դեպի «Իսայի աղբյուր»։ Շատ չանցած՝ տեսնում են, որ խրամատում միայն իրենք են, ո՛չ կապիտանը կա, ո՛չ նրա զինվորները։ Տղաները դուրս են գալիս խրամատից ու տեսնում դասակի մյուս տղաներին, որոնք ավելի հետ էին դիրքավորվել։ Նրանք նույն դասակի՝ երկրորդ և երրորդ մեքենաների անձնակազմի տղաներն էին, որոնք 10 րոպե տարբերությամբ դուրս էին եկել Շուշիից, սակայն էլեկտրակայանն անցնելուց հետո տեսել էին, որ առջևից ընթացող երկու մեքենաները խոցված կանգնել են և չեն առաջանում։

Շուշիից շտապօգնության «ՈւԱԶ» տեսակի մեքենա է գալիս, որպեսզի մոտենա խոցված մեքենաներին, սակայն չի կարողանում, պտտվում հետ է գնում։ Շատ չանցած՝ շտապօգնության մեկ այլ «ՈւԱԶ» է գալիս, որը նույնպես չի կարողանում առաջ շարժվել, բայց վիրավորներին և ողջ մնացածներին փորձում է հետ տանել։ Դասակի վիրավորներն ու ողջ մնացածների մի մասը նստում են մեքենան։ Շարժվելու պահին հակառակորդը խոցում է շտապօգնության մեքենան, մեքենայում եղածներից միայն Գոռն է փրկվում, մյուսներն այրվող մեքենայում զոհվում են, իսկ տղաներից Արան չի հասցնում նստել մեքենան և ողջ է մնում։ Ողջ մնացածներն անելանելի իրավիճակից դուրս գալու համար որոշում են հետ գնալ Շուշի։ Նոյեմբերի 4-ին՝ լույսը գրեթե բացված, հակառակորդը խոցում է էլեկտրակայանը։ Դրանից հետո տղաները ոտքով հասնում են «Իսայի աղբյուրի» մուտքի մոտ, որտեղ կանգնած էին հայկական ուժերի «ԲՏՌ» զրահամեքենան ու տանկը։

Դասակի տղաներից մի քանիսը կարողացել էին ավելի վաղ հասնել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի այն բունկերը, որտեղ գիշերում էին վերջին օրերին, այնտեղ գտնվող զինակիցներին հայտնել պատահածի մասին: Բունկերից մի քանի հոգի շարժվում է «Իսայի աղբյուրի» մուտքի մոտ, հանդիպում դասակի վիրավորներին, նրանց հետ վերադառնում բունկեր։ Մինչ այդ, սակայն, վիրավորներից ոմանք արդեն Ստեփանակերտ էին գնացել։

Շրջափակման մեջ հայտնված դասակից զոհվել են Գևորգ Պետրոսյանը, Նարեկ Ռևազյանը, Էմին Կարապետյանը, Արթուր Մանասարյանը, Գուրգեն Սարգսյանը, Գեորգի Մանուչարյանը, Հմայակ Բեգլարյանը, Աժդահակ Կիրակոսյանը, Հայկ Չախալյանը, Ռաֆիկ Գասպարյանը։

Կազմաքանդված դասակի անձնակազմի մի մասն արդեն վաշտի կազմում մինչև նոյեմբերի 6-ը շարունակում է բունկերում մնալ, սակայն զոհեր տալու փաստն անկումային տրամադրություն էր հաղորդել զորքին։

Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը

Նոյեմբերի 6-ին Սպարտակ Ծատուրյանը և իրենց վաշտի տղաներից Հովհաննես Ղանդիլյանը որոշում են գնալ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ։ Հանդիպելով Հարությունյանին Ստեփանակերտի նրա նստավայրում՝ ներկայացնում են եղելությունը։

«Բա ի՜նչ մի խառնվել եք իրար, սաղ օրը անտառներն եք եղել: Ասի՝ ո՞վ ա անտառն եղել, մեծ մարդ ես: Վատն էն ա, որ դու չգիտես՝ քո զորքը որտեղ ա եղել: Մենք, ասի, ոչ մի անգամ անտառում չենք եղել: Բա ի՜նչ մի խառնվել եք իրար՝ մի ստից բան ա եղել: Մի ստիցը ո՞րն ա, 10 զոհ ենք տվել 24 հոգուց»,- Արայիկ Հարությունյանի հետ զրույցն այսպես ներկայացրեց Սպարտակ Ծատուրյանը՝ հավելելով, որ Արցախի նախագահը նաև հավաստիացրել է իրենց, որ դասակի զոհերի մարմինները նոյեմբերի 4-ին դուրս է բերվել ճանապարհից: Սակայն հետագայում է պարզվել, որ զոհվածների մի մասի մարմինները դուրս են բերվել նոյեմբերի 11-ին։

Տղաները Հարությունյանից պահանջել են, որ հրամանատար տրամադրեն իրենց արդեն վաշտին, որ նաև տղաների տրամադրությունները փոխվի, և հետո կարողանան Շուշիի պաշտպանությանը մասնակցել։ Իսկ ՊՆ-ի կողմից նախկինում նշանակված վաշտի հրամանատարը, ըստ Սպարտակ Ծատուրյանի, «Ջդրդուզի» հատվածում ականի հարվածից բեկորային վնասվածք էր ստացել։

Արայիկ Հարությունյանը տղաներին ասել է, որ մեքենաներ կուղարկի, վաշտից ով մնացել է, կտեղափոխեն Ասկերան, որպեսզի մի քանի օր հանգստանան, ապա կհամալրվեն այլ անձանցով և կմիանան Շուշիի պաշտպանությանը։

Վաշտի անձնակազմից 25 հոգի Ասկերան տեղափոխվելու փոխարեն ցանկացել է վերադառնալ Հայաստան։ Մյուսները տեղափոխվել են Ասկերան և միացել այնտեղ գտնվող՝ տարբեր տեղերից բերված խմբերին։ Ասկերանում հավաքվել է ընդհանուր մոտ 300 հոգի (տարբեր ստորաբաժանումներից)։ Մինչև նոյեմբերի 9-ը այս մարդիկ մնացել են Ասկերանում, որից հետո նրանց տեղեկացրել են, որ կարող են գնալ տուն պատերազմն ավարտվել է։