Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

<<Արցախի հերոս>> Ալեքսանդր Հարությունյան

Մայիսի 22, 2022

Նկարից մեզ անկեղծորեն ժպտացող տղամարդուն Արցախում բոլորը գիտեն: Նա անվախ մարտիկ, ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվող, մշտապես լավատես, 44-օրյա պատերազմի օրերին <<Արցախի հերոս>> կոչմանն արժանացած Ալեքսանդր Իվանի Հարությունյանն է: Իր անունն Ալեքսանդր Հարությունյանը վաստակել է անչափահաս տարիքում Արցախյան ազատագրական շարժմանը զինվորագրվելով, բազմաթիվ հաջողված գործողություններ ծրագրելով ու առաջնորդելով, տարիների արդար աշխատանքով, իր մարդամոտ ու արդարամիտ տեսակով:

Ալեքսանդր Հարությունյանը ծնվել է 1974 թ. փետրվարի 28-ին Ստեփանակերտում, սովորել է համար 3 դպրոցում: Դեռևս դպրոցական էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը, սակայն չկարողացավ կողքից հանգիստ նայել ծավալվող գործողություններին ու շուտով դարձավ 4-րդ կամավորական վաշտի ամենաերիտասարդ զինվորներից մեկը:

Մասնակցել է Արցախյան երեք պատերազմներին, ընդ որում առաջին պատերազմի ժամանակ ընդամենը 16 տարեկան էր: Մայրը՝ Նաիրա Հարությունյանը, <<Ապառաժ>>-ի հետ զրույցում նշում է, որ որդին անընդհատ հարցուփորձ էր անում շարժման մասին, հարցնում՝ ինչո՞ւ եք միտինգի գնում: <<Ասում էի՝ չենք ուզում թուրքերի հետ ապրել>>: Մարտական գործողությունների սկսվելուց հետո բակի ընկերների հետ հասնում է Ջամիլու:

<<Բարձրահասակ էր և որպեսզի անդամագրվի ջոկատներին, խաբել է, թե 19 տարեկան է: Հայրը 3 օր փնտրելուց հետո Հայկավանի դիրքերում է գտել նրան, զոռով բերել  տուն, հետո ուղարկել գյուղը՝ ծնողներիս մոտ: Երբ 16 տարեկանը լրացավ, եկավ, թե էլ ձեզ չեմ լսելու, գնում եմ կռիվ, տանը մնամ՝ թուրքերը գան կոտորե՞ն: Հոր հետ վիճել, տնից հեռացել, գիշերը հարևանի տանն է մնացել, իսկ հաջորդ առավոտ երկու ընկերների հետ գնացել է>>,- պատմում է մայրը: Նա հիշում է, որ սկզբում ազգային հերոս Յուրի Պողոսյանի մոտ է գնում և ասում, որ ուզում է կռվին միանալ: Տարիքի պատճառով Յուրին չի ուզում ընդունել և հանձնարարություն է տալիս՝ պայմանով, որ եթե կատարի, կանդամագրվի: Ալեքսանդրին Խոջալու է ուղարկում, վերջինս կատարում է հանձնարարականը և ընդունվում մարտական շարքեր: Առաջին մարտը Ջանհասանում էր: <<Վերադարձին պատմում է՝ մամա՛, չգիտես՝ ինչ կռիվ է, բոլոր թուրքերին կոտորել ենք: Հետո Շուշիի ազատագրմանն է մասնակցում: Կարելի է ասել՝ առաջին մեծ մարտն այնտեղ էր: Մայիսի 9-ին տուն է հասնում սննդային թունավորում ստացած: Բոլոր հարևանները ուրախացած դուրս են գալիս և դիմավորում նրան>>»,- վերհիշում է տիկին Նաիրան:

Դրանից հետո մասնակցում է այլ մարտական գործողությունների <<Ցոր>>-ի կազմում: <<Սաշկոն>> (ինչպես նրան անվանում են ընկերները) մասնակցում է Արցախի բոլոր շրջանների ազատագրական մարտերին և իրեն դրսևորում որպես անվախ զինվոր, հմուտ զինվորական ու ստրատեգ: Իր կատարած սխրանքների համար նա առաջիններից մեկն էր, որ 1994թ. մայիսի 28-ին արժանացավ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևը հանդիսացող <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանի: Պատերազմից հետո Ալեքսանդրն Արցախի զինված ուժերում ծառայեց մինչև 2003 թվականը, որից հետո առողջական վիճակից ելնելով՝ որպես 2-րդ կարգի հաշմանդամ զորացրվեց: Պատերազմի ժամանակ լսողության հետ կապված խնդիր ձեռք բերեց, բայց դա ոչ մի կերպ չխանգարեց նրա հետագա ռազմական գործունեությանը:

Արցախի Ազատամարտիկների միության վարչության անդամ, Ստեփանակերտի տարածքային միավորման նախագահ Ալեքսանդր Հարությունյանը ստացել է իրավաբանական կրթություն, որոշ ժամանակ աշխատել է Ասկերանի շրջանի ջրային կոմիտեում, սակայն Արցախյան առաջին պատերազմի ընթացքում սիրահարվելով զինվորական համազգեստին՝ մինչև կյանքի վերջը հավատարիմ է մնացել նրան:

<<Շատ էր սիրում ռազմական գործը, հագից զինվորական շորերը չէր հանում, ողջ օրը հրաձգության կամ այլ գործողությունների մեջ էր: 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ 15-ամյա որդուն էլ է հետը տարել: Պատերազմը 4 օր է տևել, բայց նրանք Թալիշում դեռ երկար ժամանակ ինժեներական աշխատանքներ էին կատարում: Նույնիսկ մյուս որդու ծննդյան օրը՝  հունիսի 29-ին, դեռ չէին վերադարձել ու ծնունդը նշել են մի քանի օր ուշացումով: Իվկան 7 օր պոստ է կանգնել, բայց մեզ չի ասել, որ չվախենանք: Շատ էր ուզում, որ որդին էլ զինվորական գործը շարունակեր>>,- ասում է տիկին Նաիրան:

Մարտական ընկերներից Մհեր Աբրահամյանն էլ փաստում է, որ ընկերոջ մոտ բացակայում էր վախ ասվածը՝ անկախ նրանից՝ թշնամու դեմ կռվում է կամ այլ տեղ. <<Երկար տարիներ ի վեր մի ընտանիքի նման էինք և հասցրել ենք իրար լավ ճանաչել: Նրա համար անելանելի իրավիճակ չկար: Միշտ լավատեսորեն տրամադրված, ժպիտը դեմքին, միշտ ամեն ինչի պատրաստ էր>>:

Նրանց առաջին համատեղ մարտական գործողությունը 2014թ. էր, երբ սահմանին սրացումներ կային: <<Կռվի ժամանակ շատ հանգիստ, սառնասիրտ էր, ինչպես միշտ: Երբ ասեին, օրինակ թշնամին 200 հոգով մեր դեմ է գալիս, շատերը <<մանդրաժ>> կընկնեին, ինքը ասում էր՝ հա լավ, մի րոպե ու արագ-արագ պլանավորում, թե ինչ պիտի անեն: Բոլորին դուխ էր տալիս, կատակում, հատկապես մարտի դաշտում>>,- նշում է ընկերը:

Նա ասում է, որ Ապրիլյան պատերազմից հետո Ազատամարտիկների միությանը կից գումարտակ է կազմավորվում ու բոլորի համար պարզ էր, որ հրամանատարը Ալեքսանդր Հարությունյանը պիտի լինի, ինքն էլ դասակի հրամանատար էր:

44-օրյա պատերազմի օրերին էլ իսկույն նետվում է մարտի դաշտ: Մայրը պատվիրել էր ընթացքում զանգել: Վերջին անգամ հոկտեմբերի 8-ի գիշերն է զանգել: Տիկին Նաիրան խոսել է որդու և թոռան հետ. միասին էին: Երկու օր հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերն է տեղի է ունենում չարաբաստիկ դեպքը: <<Հադրութից հարավ ընկած <<9 կիլոմետր>> կոչվող տարածքում էին: Այդ պահին իրենց մոտով անցել էր զինվոր որդու մեքենան: Երկու րոպե անց Բայրաքթարը հարվածել է, որդին, հեռվից հրդեհը տեսնելով., հետ է վերադարձել, բայց չեն թողել մոտենալ վառվող մեքենային: Գիշերվա ժամը 2-ին է դեպքը եղել, ժամը 5-ին թուրքերը ինտերնետով արդեն հայտնել են, որ հայ հերոսներից մեկը չկա: Դեպքից հետո գործընկերներից մեկն ասում է՝ <<վերջ, եթե Սաշկոն չկա, ուրեմն կռիվը պարտվել ենք, էլ հույս չկա, որ կհաղթենք>> >>,- նշում է Նաիրա Հարությունյանը: Ի դեպ, այդ օրը զոհվում է «Արցախի հերոս» կոչմանն արժանացած ևս մեկ հայորդի՝ Արմեն Կնյազյանը, ծանր վիրավորվում ու ընկերոջ մահվան բոթը ստանալուց հետո հիվանդանոցում մահանում է Ալեքսանդր Հարությունյանի մտերիմ ընկերներից Արթուրը:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Ալեքսանդր Հարությունյանը պարգևատրվել է նաև <<Արիության համար>>, <<Շուշիի ազատագրման համար>>, <<Մարտական ծառայություն>>, <<Վազգեն Սարգսյան>>, <<Անդրանիկ Օզանյան>> մեդալներով: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2020թ. հոկտեմբերին արժանացել է Արցախի Հանրապետության հերոսի բարձրագույն կոչման և պարգևատրվել <<Ոսկե արծիվ>> շքանշանով:

Ընկերներն ու հարազատները մի բառով են բնորոշում Ալեքսանդրին՝ <<դուխով>> ու դրանով կարծես ամեն ինչ ասված է: Իշխող ու առաջնորդող բնավորություն ուներ, բայց հենց այնպես մարդու չէր վիրավորի, միայն հիմնավոր պատճառների դեպքում:

Մայրը ապրում է հանուն Ալեքսանդրի երկու որդիների: Նա չի ուզում իր որդուն առանձնացնել մյուս կռվողներից,  չնայած ճանաչողներն առանձնացնում են:

Նրա ընկերներից Ռիտա Բադալյանի խոսքով՝ Ալեքսանդրի հայրենասիրական ոգին ի ծնե էր: Հարևան շենքում մեծացած Ալեքսանդրը՝ Սաշկոն, նրա համար հերոսի խորհրդանիշ է: <<Եթե այս պահին այդպիսի դուխով գոնե տասը տղաներ լինեին Արցախում, երևի այս վիճակում չէինք լինի: Որպես հայ ազգի ներկայացուցիչ՝ միշտ տարբերվում էր բոլորից: Նա մասնակցել է բոլոր պատերազմներին. 44-օրյա պատերազմի օրերին Սաշկոն Արթուրի հետ լինում էր դիրքերում, հետ գալիս նորից Ազատամարտիկների միության շենքը՝ տեսնելու, թե ինչ անեն, որ մարդիկ չընկճվեն, ինչպես օգնեն առաջնագծում գտնվող տղաներին>>,- հիշում է Ռիտան:

Մարտական առաջադրանքի մեկնելուց առաջ էլ վերջին հանձնարարականն է տալիս՝ <<զանգիր բոլոր ծանոթներիդ, ասա՝ լավ է լինելու, մի խնդիր կա, դա էլ կատարենք, ավելի լավ է լինելու>>,- դա նրանց վերջին հանդիպումն էր:

Խոսելով Ալեքսանդր Հարությունյանի մարդկային մասին՝ Ռիտա Բադալյանը նշում է, որ նա նվիրված ու սրտաբաց ընկեր էր, հետը կարող էիր կիսվել, սրտիդ գաղտնիքների  մասին ազատ զրուցել՝ վստահ լինելով, որ զրույցը մնում է իրար մեջ: <<Եթե օգնության կարիք կար, անպայման անում էր: Հիմա չեմ կարողանում մտնել այն շենքը, որից դուրս չէի գալիս: Դատարկություն է: Տարիներ առաջ՝ 1994թ., մի երևույթի եմ ականատես եղել. ջահել տղան, ընկերոջ գերեզմանին չոքած, ինչ-որ բան է պատմում: Այդ պատկերը մտքիս մեջ տպավորվել է, և նույն ապրումները հիմա մենք ենք ունենում, երբ գնում ենք նրա, Արթուրի, մյուսների գերեզմաններին այցելության: Այնտեղ զգում ենք, որ հայրենիքի տերն ենք, անհաղթ ենք>>,- ասում է մարտական ընկերը՝ ավելացնելով, որ նոր է հասկացել, թե ինչ էր կատարվում այդ տղայի սրտի խորքում:

Մյուս ընկերը՝ Մհեր Աբրահամյանն էլ շեշտում է, որ յուրահատուկ մարդ էր, որոնք հազար տարին մեկ են ծնվում. <<Մեր ունեցած այնպիսի զինատեսակ չկար, որին ինքը գերազանց չտիրապետեր: Սուր աչք ուներ ու շատ ուժեղ լսողություն: Ու մեր գումատակի բոլոր անդամներին ուզում էր ծանոթացնել առկա զինատեսակներին: Միայն տանկը չենք հասցրել պարապել>>: Նաև անձնակազմի մտերմության մասին էր մտածում, նույնիսկ խաղաղ ժամանակ գիշերակացով տարբեր վայրեր էին գնում, որ իրար հետ շփվեն, մտերմանան: Այս հանգամանքը մեծ նշանակություն ունի մարտական գործողությունների ժամանակ՝ իրար վստահելու, միմյանց օգնելու առումով, որը Ալեքսանդրը շատ լավ հասկանում էր:

Վերջին պատերազմի ժամանակ ինչ-որ կաշկանդվածություն կար նրա մոտ՝ զուտ պայմանավորած նրանով, որ զինվոր որդի ուներ ու մտքի մի ծայրով նրա հետ էր: Սկզբից Աղդամի մոտ էին, հետո գումարտակը կիսվել է, մի մասը օգնության է շտապել Եղնիկների զորամասին, մյուսը մնացել որպես պատեստազոր, հենց այդտեղ էլ ընկերները բաժանվել են: Խոսելով Ալեքսանդրի մարդկային որակների մասին՝ Մհերը նշում է, որ նա իր վերջին պատառն էլ կտար ընկերոջը, հայրենիքին. <<Շատ սրտացավ էր զոհված ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ: Եթե մեկը որևէ հարցով դիմում էր, ինքն ամեն ինչ մի կողմ էր դնում ու նրա հարցերով էր զբաղվում: Նա իր անձնական խնդիրներով պաշտոնական այրերին չէր դիմում, բայց այդ դեպքերում անընդհատ զանգում էր, մինչև հարցը կլուծվի>:

Նրա կարծիքով՝ հիմա պետք է միասնական լինել, ամեն մեկս յուրովի ինչ-որ բանից մեզ զրկենք ու մտածենք ուժեղանալու մասին, այլ տարբերակ չկա: <<Հայրենասիրության մասին խոսելիս առաջինն իր ժպտացող պատկերն է աչքիս առաջ հայտնվում: Ինքն ինձ համար հերոսի իդեալական կերպար է: Նա իր ընտանիքի ամենակարևոր հարցը ցանկացած պահի պատրաստ էր մի կողմ դնելու, եթե հայրենիքի հարց կար: Յուրահատուկ մարդ էր: Մենք միասին աշխատել ենք. Ասկերանի ջրայինում իր տեղակալն էի: Միասին տարբեր գյուղեր էինք գնում, ու հանկարծ նրանից մոտ 30 տարով մեծ ինչ-որ մեկը գալիս էր, ակնածանքով բարևում,  որպիսությունը հարցնում, որովհետև իրեն այնպես էր դրսևորել պատերազմի ժամանակ, որ նույնիսկ մեծահասակները մեծ եղբոր նման էին ընդունում նրան: Նա ամենապատասխանատու, ամենաբարդ տեղերում վստահություն էր ներշնչում, մարդիկ էլ գիտեին, որ եթե Սաշիկի հետ են, ուրեմն ողջ-առողջ կվերադառնան: Միշտ էլ առաջինն էր նետվում մարտի: Եթե հրամանատարը կանգնի ու ասի՝ դե գնացեք, էն բարձունքը վերցրեք, ինքը իսկական հրամանատար չի դառնա, ոչ էլ այդ բարձունքը կվերցնեն: Հրամանատարը, հատկապես իր նման ՝ անունով, պատվով, ուժով, թասիբով, զենքի իմացությամբ, մի ուրիշ մոտիվացիա էր>>,- ասում է մարտական ընկերը:

Ռիտա Բադալյանն էլ, անդրադառնալով պատերազմական օրերին, նշում է, որ երբեք չի մտածել, որ պարտվում ենք: Ալեքսանդր Հարությունյանը կյանքի վերջին օրերին շատ տխուր էր: Ասում էր՝ ինչ-որ բան է կատարվում, բայց չեմ հասկանում, թե ինչ: <<Մինչև վերջին օրը քաղաքում էի ու մինչև նոյեմբերի 9-ը չենք պատկերացրել, որ պարտվածի կարգավիճակում կհայտնվենք, քանի որ դիրքեր պահող տղաները հետ չեն նահանջել, մեզ ուղղակի դավաճանել են: Շուշին, Հադրութը, Քարվաճառը նվիրատվությամբ տալը ղեկավար անձնակազմի դավաճանական քայլն էր: <<Բանակ չենք ունեցել, թույլ էինք>> ասողները թշնամի են: Ստեղծման պահից մինչև հիմա բանակում եմ և գիտեմ՝ ինչպես է ստեղծվել բանակը, ինչ բանակ ունենք>>,- նշում է նա:

Իսկ ներկա իրավիճակն էլ ժամանակավոր երևույթ է համարում: <<Հիմա պետք է համախմբվել ու պայքարել: Եթե 1994թ., 2016թ. մենք համոզված էինք, որ մեր պայքարը միայն դրսի թշնամու դեմ է, հիմա չգիտենք՝ ներսի թշնամուց ոնց ազատվել: Մեր պատմության մեջ Ավոյի, Բեկորի, իսկական հերոս տղաների մահը թիկունքից է եղել: Հետո պարզվելու է, որ Սաշկոյի մեքենայի վրա ուղիղ հարվածը էլի ինչ-որ կարգադրություն է եղել: Եթե նման տղաները ողջ լինեին, հիմա այս վիճակում չէինք լինի>>,-համոզված է Ռիտան:  Նա վստահ է, որ ի վերջո հասնելու ենք մեր նպատակին, մեր սրտի միակ կսկիծը հայրենիքի համար զոհվածներն են մնալու: Դա մեզ երբեք հանգիստ չի տալու, ուրեմն պիտի աննկուն պայքար մղել արդարության ու արժանապատվության համար: