Զինվորի ժպիտը
Եթե դուք դիտել եք WarGonzo-ի տեսանյութը Շուշիի մատույցներից 44-օրյա պատերազմի ժամանակ, ապա չեք կարող նկատած չլինել Արամի ժպիտը: Ռուսական ալիքները այդ տեսանյութը անվանեցին Ժպտացող զինվորը: Զենքերը կրակում էին, ռումբերն ընկնում են ոռնոցով, իսկ հայ զինվորը ժպտում էր լայնաշուրթ: Թուրքական «բայրաքթարների», հատուկ պատրաստություն անցած վարձկանների ու ադրբեջանական անհատնում ոհմակի դեմ նրա ժպիտն ասում էր՝ մենք չենք վախենում մահից, Շուշիի համար կռվելու ենք մինչեւ արյան վերջին կաթիլն ու հաղթելու ենք:
-Արամս իր ժպիտը թողեց Շուշիում,- ասում է զինվորի մայրը՝ Թագուհին։- Նա զոհվեց նոյեմբերի 7-ին՝ հրադադարից մեկ օր առաջ ու մինչև վերջին պահը հավատում էր հաղթանակին: Տղայիս ժպիտը գերության մեջ է, տղայիս վերջին շունչը, նրա կյանքի վերջին ժամերը: Շուշին իմ սրբավայրն է, բայց ես հեռու եմ նրանից: Ու ապրում եմ Շուշին ազատ տեսնելու երազանքով, որ կարողանամ որդուս վերջին շունչը որոնել օդի մեջ, հողին ձուլված նրա արյունը, նրա անկատար երազանքները: Նրա ժպիտը…
Հայրը խնդրեց՝ Արա՛մ ջան, Շուշի չմտնես, Շուշիում սպանդ է: Անգամ մի թիզ հող թուրքին չենք տալու՝ պատասխանեց տղաս: Մեր միակ որդին էր: Բժշկական համալսարանի երրորդ կուրսը ավարտել, գնացել էր բանակ:.. Մեղքս ինչ թաքցնեմ՝ հայրը Թիֆլիսում ընկերներ ուներ, որոշել էին Արամիս Վրաստանում գրանցել, արդեն բոլոր թղթերը պատրաստ էին, մնում էր՝ ինքը գնար ու ստորագրեր: Կտրականապես հրաժարվեց, ասաց՝ ես անպայման ծառայելու եմ հայկական բանակում: Այդ խոսքերը հազար անգամ լսել էի: Դեռ փոքր տղա էր՝ ասում էի՝ ես քեզ չեմ թողնելու բանակ գնաս. իմ միակ տղան ես, ասում էր՝ ես անպայման ծառայելու եմ: Երբ զորակոչի ժամանակ Հադրութ ընկավ, սկսեցի լաց լինել, ասաց՝ մա՛մ, եթե Հայաստան էլ ընկնեի, միևնույն է, կամավոր Արցախ էի գնալու:
Ես չեմ կարողանում աչքս կտրել Արամի լուսանկարից: Զինվորի ժպիտը այնքան վարակիչ է: Ինչպե՞ս է կարողանում այդպես լիաթոք ժպտալ, երբ մահը պտտվում է կողքին՝ մտածում եմ:
-Ի՞նչ էր երազում Արամը,- հարցնում եմ: Մայրը երկար լռում է, ասես ուզում է բռնել պատմության ծայրը:
-Մի անգամ (3 տարեկան էր) մուրճն առած՝ կանգնել էր հեռուստացույցի մոտ, որ հեռուստացույցը ջարդի ու էդ նեղ արկղից հանի միջի մարդկանց: Սիրով ու բարությամբ լցված հոգի էր Արամս: Նա իր էությամբ պաշտպան էր: Մարդու պաշտպան, թույլի պաշտպան, հայրենիքի պաշտպան: Ֆուտբոլի թիմում էլ պաշտպան էր. տասը տարի սովորեց Ֆուտբոլի ակադեմիայում: Հետո բժշկությունն ընտրեց:
…Իր ծննդավայր Թալինի Կաթնաղբյուր գյուղում պապի հետ խնամում էր ծառերը, թփերն ու ծաղիկները: Պապը տեսավ, թե Արամս ոնց է սիրում հայրական օջախը, իր տունը Արամիս նվիրեց: Մի անգամ, երբ մենք արդեն Երևանում էինք ապրում, Արամիս առաջարկեցին վաճառել տունը: Ինչ գին ուզենաս, կտանք՝ ասացին: Գի՞ն՝ զարմացավ Արամս, պապական տունը գին չունի, էս տունը ինձ համար անգին է:
…Երբ առաջին դասարան գնաց, ինձ կանչեցին դպրոց ու ասացին, որ պիտի Արամիս թռցնեն 2-րդ դասարան, որովհետև առաջին դասարանում անելիք չունի, ամեն ինչ գիտի: Մինչև վերջ սովորեց գերազանց գնահատականներով, դպրոցից Կարմիր վկայականով գնաց բժշկական քոլեջ, իսկ քոլեջից բարձր առաջադիմության համար միանգամից բժշկական համալսարանի երկրորդ կուրս տեղափոխվեց։
Ո՞նց է դիմանում էս մեծ կորստին՝ մտածում եմ ու փախցնում հայացքս, որ մայրը չկարդա մտքերս:
-Համալսարանում սովորելուն զուգահեռ «ՍԱՍ» սուպերմարկետում էր աշխատում, սրահի պատասխանատու էր: Ես ու հայրը խնդրում էինք, որ դասերով զբաղվի, իրեն չծանրաբեռնի աշխատանքով, բայց Արամս անդրդվելի էր: Մրցույթով գործի տեղավորվեց, 30 հոգու միջից Արամիս ընտրեցին, կարճ ժամանակ անց լավագույն աշխատողի կոչման արժանացավ ու մեդալ ստացավ: Որտեղ էլ լիներ, ինչ էլ աներ, Արամս լավագույնն էր: Ե՛վ ընդունակ էր, և՛ աշխատասեր: Հիշում եմ՝ երկրորդ, թե երրորդ դասարանում էր սովորում, այնքան պնդեց, որ հայրը թույլ տվեց ներկել մեր տան պատերը: Ինչ էլ աներ, անթերի էր անում: Շատ ընկերներ ուներ ու հեղինակություն էր նրանց համար: Բռնություն չէր սիրում, ասում էր՝ բա խոսքն ինչի՞ համար է, կբացատրենք, կհասկանան: Խաղաղարար էր: Բոլոր վեճերը Արամս էր հարթում, գիտեին, որ նա հունից դուրս չի գա, չի բռնկվի, մինչև վերջ տեղ կհասցնի իր խոսքը:
Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես է ապրել Արամն իր կյանքի վերջին 44 օրերը: Հազար անգամ մտքիս մեջ վերաձևակերպում եմ հարցը:
-Պատերազմի դաշտում…կյանքի վերջին օրերը,- կմկմում եմ:
-Արամի բոլոր մտերիմ ընկերները զոհվել են: Միայն Արմենն է ողջ: Արմենն ընկերոջ հետ վիրավոր մնացել է չեզոք գոտում, թշնամու կրակի տակ: Արամս ասել է՝ պիտի գնամ, բերեմ տղաներին: Զինակից ընկերները զգուշացրել են, որ թշնամին կարող է նկատել: Բայց Արամս ասել է՝ տղաներին կրակի տակ չեմ թողնի: Սողալով անցել է ամբողջ ճանապարհը, հասել վիրավոր ընկերներին, հետո սողալով նրանց հանել է կրակի գոտուց: Արմենը Արցախից եկել, գնացել էր Կաթնաղբյուր՝ այցելելու որդուս (տղաս հիմա իր պապերի կողքին է): Հետո եկավ մեր տուն: Հրամանատարներից մեկն էլ ասել էր ամուսնուս՝ գիտե՞ք՝ թշնամու քանի տանկ է շարքից հանել Արամը…
Տղաս երկար ժամանակ ընկերների հետ շրջափակման մեջ է մնացել: Վերջին մարտի ժամանակ վիրավորվել է ուսից, բայց չի դադարեցրել մարտը, շարունակել է կրակել թշնամու վրա: Հետո գնդակը խոցել է կոնքոսկրը…
Հետո մայրը ցույց է տալիս որդու մեդալները:
-Այսօր մայիսի 8-ն է` Շուշիի ազատագրության օրը,- ես էլ չգիտեմ՝ ինչու եմ ասում:
-Եթե մի անգամ ազատագրել ենք Շուշին, էլի կազատագրենք: Շնորհավո՛ր տոնդ,- ասում է մայրը:
-Շնորհավո՛ր տոնդ,- բնազդաբար կրկնում եմ ես: Իսկ լուսանկարում զինվորի ժպիտը տարածվում է դեմքով մեկ: