Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

«Որ գամ, շատ բան եմ պատմելու»․ Արտաշես Բաղդասարյան

Մարտի 15, 2022

«Արտաշեսին վերջին անգամ տեսել եմ հոկտեմբերի 17-ին Դրմբոնում, երբ իրենց զորքը առաջնագծից եկել էր զորամաս պատրաստվելու, իսկ ես այդ ուղղությամբ պահեստազորի տղաներ էի տարել։ Ընդամենը մի 10 րոպե կարողացանք իրար տեսնել, ոչ մի վատ կանխազգացում չուներ, ասում էր՝ լավ է, իր հետ ոչինչ չի կարող պատահել»,- պատմում է պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արտաշես Բաղդասարյանի եղբայրը՝ Հարությունը։

Արտաշեսը ծնվել է 2000թ․ Ստեփանակերտում։ Նախքան ծառայության մեկնելը՝ ընդունվել էր Արցախի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի սպասարկման բաժինը, հասցրել էր սովորել ընդամենը մեկ կիսամյակ։ 

Պատերազմի սկսվելու ժամանակ Արտաշեսի ծառայության ավարտին մի քանի ամիս էր մնում՝ 2021-ի հունվարին պետք է զորացրվեր։ Նա ծառայությունը սկսել էր «Եղնիկներ» զորամասում, այնուհետև ֆիզիկական լավ պատրաստվածության շնորհիվ տեղափոխվել էր Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակ։

«Արտաշեսը երկար ժամանակ զբաղվում էր ֆուտբոլով և կարատեով, սպորտը շատ էր սիրում ու հետագայում էլ այդ ուղղությամբ էր ուզում շարունակել։ Հենց իր ֆիզիկականի համար էլ տեղափոխեցին այդ գումարտակ»,- ասում է Հարությունը։

Պատերազմի առաջին օրը՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին, ՊԲ դեսանտագրոհային գումարտակը պաշտպանության է անցնում Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս և Աղդաբան ուղղություններում։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 22-ին, գումարտակը առաջադրանք է ստանում մեկնել Մարտունու շրջանի Շեխեր գյուղ, որտեղ հոկտեմբերի 22-ից մինչև 27-ը ընթանում էին ծանր մարտեր։ 

Վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննեսյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում իրենք եղել են ամենաթեժ տեղերում, այնտեղ, որտեղ ուրիշներն արդեն զոհվել էին։ 

«Մենք ամեն օր՝ գիշեր-ցերեկ, ինտենսիվ մարտերի մեջ էինք։ Ես մինչև հիմա ապշում եմ, թե էդ տղաները ոնց կարողացան դիմանալ այդ ճնշմանը»,- ասում է հրամանատարը։

Շեխերում կապը լավը չէր, Արտաշեսը վերջին անգամ եղբոր հետ խոսել է հոկտեմբերի 21-ին, ասել է, որ ամեն ինչ լավ է, մի քանի օրից կգա։ Հարությունը եղբոր ձայնի մեջ ոչ մի անհանգստություն չի զգացել․

«Ինքը երբեք վատի մասին ո՛չ մտածում էր, ո՛չ էլ խոսում։ Միայն ասում էր, որ գամ, շատ բան եմ պատմելու, էդպես էլ չպատմեց։ Ամսի 21-ից հետո ես իրեն ինչքան զանգեցի, էլ չկարողացա կապվել, անհասանելի էր։ Արտաշը բոլորիս համար երեխա էր, ո՞վ կմտածեր, որ նման բան կլինի»,- պատմում է Հարությունը՝ երեք եղբայրներից ավագը։

Շեխերում մարտերը ծանր էին։ Հայկական զորքի դեմ տարբեր կողմերից ուղարկվում էին ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներ։ Գյուղում տեղակայվելու երրորդ օրն էր՝ հոտեմբերի 23-ի կեսօրին, երբ թշնամու հերթական արկից զոհվում են Արտաշես Բաղդասարյանը և ծառայակից Սեյրան Սիմոնյանը, ևս մի քանիսը վիրավորվում են։ Արտաշեսին հենց նույն օրը շտապօգնության մեքենայով տեղափոխում են Ստեփանակերտ։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին, թեև մայրաքաղաք Ստեփանակերտը պարբերաբար հրթիռակոծվում էր, Արտաշեսին հուղարկավորում են ընտանեկան գերեզմանոցում։ Որոշ ժամանակ հետո ընտանիքը որոշում է արտաշիրիմում անել և իրենց որդուն հուղարկավորել Եռաբլուրում։ 

Արտաշես Բաղդասարյանը 2020թ․-ի դեկտեմբերի 25-ին հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության Մարտական ծառայության մեդալով։