Ինքն իմ խաղաղության աղավնին էր․ խաղաղապահ Կարեն Ասատրյանը զոհվել է Քարվաճառում
Կարեն Ասատրյանը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման ծառայող է եղել։
Կինը՝ Նարինե Ասատրյանը Iravaban.net–ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց, որ իր ամուսինը մասնակցել է նաև 2016թ․-ի ապրիլյան քառօրյա պատերազմին։
«Ապրիլյանից հետո իր ծառայությանը նայեց, որ ինքը պարտավոր է։ 44-օրյա պատերազմի ժամանակ մի քանի օրով արձակուրդ եկավ, համոզում էի, որ չգնա, ասաց՝ չգնալով չի լինի, պիտի գնամ, այս կռիվը պիտի տանք, սա հրաման է, ես իրավունք չունեմ։ Շատ լուրջ էր վերաբերում ծառայությանը։ Գաղտնապահ էր, պահի տակ զգում էի, որ ինքը մտածում է, որ կարող է էլ հետ չգա, զգում էի, որ ինձ համոզում է, որ ամեն ինչ լավ է լինելու, ես էլ վստահ էի, որ ինքը հետ է գալու։ Մի վայրկյան չէի մտածում, որ այս դժվախտությունն իմ դուռը կթակի։ Իր պատասխանատվությունը շատ մեծ էր,-ընդգծում է Նարինեն։
Նրա խոսքով՝ իր ամուսինը խաղաղապահ առաքելությամբ եղել է Կոսովոյում, Աֆղանստանում։ Վերջինը ավելի երկար է տևել կորոնավիրուսի պատճառով։
«Վերջինը ութ ամիս տևեց։ Ես սովոր էի առանց իրեն ապրելուն, շատ-շատ եմ մենակ եղել, բայց իր անընդհատ զանգելը, իր նամակները չի թողել, որ ես զգամ, որ ինքն իմ կողքին չի։ Հիմա այս մենակությունն անտանելի է։ Ինքն ինձ ուժ էր տալիս։ Ասում էր՝ Նար, քո հետ եմ, քա մեջքին կանգնած եմ, չնեղվես։ Հիմա չունեմ ես այդ մեջքը։ Էս իրավիճակ չի, որ ապրում ենք ու ստիպված ենք ապել։ Սա ուղղակի գոյատևել է»,-ասում է նա։
Կարեն Ասատրյանն իր կռիվը տվել է օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանում։ Զոհվել է նոյեմբերի երեքին։
«Ինքն իմ խաղաղության աղավնին էր։ Շատ լավ ամուսին էր, շատ լավ հայր։ Ես իրեն թիկունք տալով, ինքն ինձ թև տալով ապրում էինք։ Ասացի՝ հիմա ինձ ում ես հանձնում, որ գնում ես, ասաց՝ գնալու եմ ու գամ, ինչ է եղել, կռիվ է, պիտի տանք, գանք»,-պատմում է Նարինեն։
Մանրամասները՝ տեսանյութում։