Շաբաթ, Մայիսի 04, 2024
Շաբաթ, Մայիսի 04, 2024

Կարենը զոհվեց խրամատում, մանկության ընկերոջ ձեռքից բռնած, փորձում էին իրար օգնել

Հունվարի 14, 2024

Հայրը՝ Էրիկ Մարտիրոսյանը MediaHub-ի հետ զրույցում արցունքները չի կարողանում զսպել, ասում է՝ ամենադժվար բանն այն է, որ հերոս որդու մասին խոսելիս, ամենաուժեղ պահին թուլանում է․ «Կարենը մեր ուժն էր, մեր հենարանը, հիմա նրա կորստով, արժեզրկվեց անգամ ապրելը»:

Կարեն Մարտիրոսյանը Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղից էր։ Կարենը մեկն է այն հարյուրավոր երիտասարդներից, ով կյանքը դրեց հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, կռվեց մինչև վերջին շունչը, որ ապրի հայրենիքը։ 

Ընդամենը 24 տարեկան էր Կարենը։ 44-օրյա պատերազմին հոր հետ կամավորագրվելով Եղնիկներում, զինադադարից հետո, որոշել էր ծառայությունը հայրենիքին շարունակել պայմանագրային հիմունքներով, հերթափոխում էր Հաթերքի դիրքերում։ 

«Պարապած, կոփված տղա էր Կարենը, սովորական հայ տղա, որ գուցե շատերից ավելին էր սիրում հայրենիքը։ Հաճույքով էր բարձրանում դիրքեր, իսկ հանգստյան օրերին մեզ էր օգնում»,- ասում է հայրը, ափսոսանքով նշում, որ հիմա անցյալով է խոսում որդու մասին։ 

Ինքնամփոփ, ինչ-որ տեղ ամաչկոտ տղան շնորհիվ իր ֆիզիկական կարողությունների, նաև ճարպիկ էր։ Դա է թերևս պատճառը, որ 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերին, երբ լուրեր տարածվեցին նույն դիրքի անձնակազմի զոհվելու մասին, ծնողները սկզբում չհավատացին։ «Այդ օրը նա զանգեց ինձ, հարցրեց բոլորից։ Փոխարենը մենք մտածեինք իր մասին, նա էր անհանգստանում մեր մասին, անընդհատ խնդրում էր, որ ուշադիր լինենք։

Հաջորդ օրն առավոտյան գյուղը տարհանվում է, իսկ թեժ մարտերն այդ ուղղությամբ շարունակվում էին»,- վերհիշում է Էրիկը։ Ստեփանակերտ տարհանվելուց հետո, նույն օրը կեսօրին հաստատվում է զինադադարը, իսկ հայրը սկսում է որդու որոնումները։

«Զանգելն այդ օրերին բացարձակ հնարավոր չէր, որևէ մեկի մասին տեղեկություն իմանալու համար գնում էինք հոսպիտալներ, հիվանդանոցներ, օրերով եղել եմ մորգում, բայց անարդյունք»։

Հետո եկավ սեպտեմբերի 23-ը։ Մարտակերտից շատ դիակներ են տեղափոխել Ստեփանակերտ։ Մեր համագյուղացիներից մեկը՝ Մերուժանը, գնաց ու ճանաչեց և՛ իր եղբորը՝ Վարդանին, և՛ Էրիկի որդուն՝ Կարենին։ Նրանք ընկերներ էին, նույն դիրքում են կռվել ու միասին էլ զոհվել։ 

«Հետո իմացանք, որ ռուս խաղաղապահների հետ դիերը դիրքերից իջեցնելիս մարտական հենակետում Կարենն ու Վարդանը զոհվել են իրար ձեռքից բռնած, հավանաբար, փորձում էին իրար օգնել, բայց վնասվածքները շատ են եղել, տղերքը չեն դիմացել»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում