Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Խաչիկը տուն էր կառուցում, որ հետո ամուսնանար

Մայիսի 23, 2022

<<Խաչիկ Սահակի Գալստյան. ծնվել է 1989 թ. ապրիլի 2-ին Արմավիրի մարզի Ծիածան համայնքում։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմին մասնակցեց նաև Խաչիկը` կարևորելով իր մասնակցությունը հայրենիքի պաշտպանությանը...>>,- սրանք արցախյան երկրորդ պատերազմում զոհված Խաչիկի մորաքրոջ տղայի` Արմեն Մարտիրոսյանի նամակից մի հատված է` ուղղված Araratnews.am-ի խմբագրությանը:

Ծիածան գյուղի տղամարդիկ` ահել-ջահել, պատերազմ են գնացել` իրենց տան սահմանը պաշտպանելու: Գյուղացու համար աշնան կարևոր շրջանում, երբ բերքահավաք էր, երբ բոլորը զբաղված էին բաղ ու բաղչով, տղամարդիկ ձեռքի գերանդին փոխարինեցին զենքով, թիկունքում թողնելով իրենց տները` մեկնեցին Արցախ։ Նրանցից մեկն էլ Խաչիկն էր:

Արմենի ցանկությունն է, որ գալիք սերունդներն էլ իմանան իր եղբոր մասին:

<<Խաչիկը երեք եղբայրներից միջնեկն է: Մեծ եղբայրը զինվորական է, փոքրն ամուսնացած է, երեխաներ ունի: Եղբայրներով մի բռունցք էին, միասնական: Այնքան միասնական, որ երեքով շարունակում էին հայրական տանը բնակվել:

...Խաչիկը կամավոր ռազմաճակատ գնաց: Հոկտեմբերի 4-ն էր, առանց հարազատներին տեղյակ պահելու կամավորագրվել էր, միայն գնալուց ժամեր առաջ էր տեղյակ պահել, թե գնում է:  Ջաբրայիլում է եղել: Զոհվել է առաջին հումանիտար հրադադարի օրը` հոկտեմբերի 10-ին, հայտարարելուց երկու ժամ հետո` ինքնաթիռի ռմբակոծությունից>>,- ծանր հոգոց է քաշում Արմենը, ափսոսանքով պատմում, որ Խաչիկը ոսկի տղա էր, մեծ սրտի տեր, ազնիվ, բարի, չափազանց համեստ ու մարդասեր։ <<Ինձ թվում է, որ ինքը պատերազմ գնալուց մտածել է, որ ճիշտ կլինի, որ հենց ինքն ընտանիքից կամավորագրվի: Դե փոքր եղբայրը ընտանիք ունի, մեծ եղբայրն էլ իր զինվորական գործերով է, բա ո՞վ գնա, եթե ոչ ինքը: Բա որ հանկարծ փոքր եղբորը կանչեն` նա փոքր երեխաներ ունի: Ես այդպես եմ մտածում` իր տեսակն իմանալով: Հաստատ ինքը չէր սպասի>>:

Արմենը պատմում է, որ Խաչիկը դպրոցն ավարտելուց հետո մասնագիտություն չէր ստացել: Ապրում էր գյուղում, գյուղի հոգսով ու անելիքներով, այգեգործությամբ էր զբաղվում: Նպատակներ շատ ուներ` տուն էր կառուցում, որ հետո ամուսնանար:

<<Ես էլ եմ կամավորագրվելուց հետո իմացել, որ պատերազմ է գնում: Զանգեցի: Գորիս էին հասել: Ասեցի Խաչ, ինչ կա: Ասեց` գնում եմ: Ասեցի, բայց այդպես ճի՞շտ էր, ասեց` հա: Ու էլ ավել-պակաս ոչ մի բան չխոսեցինք: Մեր վերջին խոսակցությունը սա է եղել>>,- մտաբերում է մորաքրոջ տղան:

Մայրն ու ընտանիքի մյուս անդամները ոչ մի կերպ չեն համակերպվում Խաչիկի բացակայության հետ: Ամեն վայրկյան սպասում են, չեն հավատում, որ ռազմի դաշտում ընկել է Խաչիկը: Սպասում են, որ մի օր հետ է գալու. <<Խաչիկը մի քանի տարի արտագնա աշխատանքի է գնացել, եւ ընտանիքի անդամները այդ հոգեբանությամբ են դեռ ապրում, որ խոպանից մի օր հետ կգա: Բայց երբ իրականություն են վերադառնում, արդեն ցավն անտանելի է դառնում: Հատկապես մորքրոջս համար շատ դժվար է...>>:

Խաչիկին ճանաչողները բոլորն էլ ափսոսում են, որ նա չկա, երիտասարդի ամբողջ կյանքը դեռ առջևում էր:

Մորաքրոջ տղան հիշում է` Խաչիկը երբեք բանակից, հայրենիքի պաշտպանությունից չէր խոսում: Նա գործով է ցույց տվել, թե ինչքան է սիրում Հայրենիքը։ Իր ամենաթանկը տվեց այս հողին. «Խաչիկը հայրենիքը իր կյանքից շատ սիրեց: Նա, գիտակցելով, որ հավանական է՝  պատերազմից հետ չգա, գնաց ու նահատակվեց: Եվ իր քայը հերոսություն է>>:

Խաչիկի մայրը` տիկին Ալվարդը, և մյուս հերոս տղաների մայրերը պետք է ապրեն, ապրեն հանուն իրենց որդիների, հանուն նրանց հիշատակը վառ պահելու: Պետք է իրենց մեջ ուժ գտնեն, որպեսզի դիմանան: Եվ ամբողջովին կիսում եմ Արմենի կարծիքը` մենք պարտավոր ենք մեծարել, հիշել, պատմել մեր տղերքի մասին, քանզի նրանք գնացին հանուն բոլորիս ապրելու, հանուն մեր խաղաղ լուսաբացների, հանուն մեր երեխաների ապագայի...