Անդրանիկ Արամի Վարդանյանը ծնվել է 2002 թ նոյեմբերի 10- ին մայրաքաղաք Երեւանում, Վարդանյանների ընտանիքում: Ընտանիքի միակ արու զավակը, ունի երկու քույր։
Ուսումն ստացել է Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցում։ Մանկուց սիրել է երգել, մի քանի տարի դպրոցի զուգահեռ հաճախել է երգի խմբակ: Միշտ երգել է հայրենասիրական և ազգագրական երգեր, ոգեշնչվել հենց այդ երգերից: Սիրել է սպորտը, սիրած սպորտաձևը եղել է ֆուտբոլը, դպրոցին զուգահեռ մի քանի տարի հաճախել է նաև ֆուտբոլի:
Բազմակողմանի զարգացած էր, բնավորությամբ շատ ուժեղ էր, բարի, ազնիվ: Անսահման ծնողասեր եւ ընկերասեր էր: Ծնողների կողմից շատ սպասված և սիրված զավակ է եղել:
Սիրած զբաղմունքը մեքենա վարելն էր: Շատ էր սիրում մեքենաների հետ կապված ամեն ինչ, նույնիսկ բանակ գնալուց առաջ սովորեց և ստացավ վարորդական իրավունք, որպեսզի բանակում կարողանար վարել։ Շատ նպատակասլաց էր ցանկանում էր սեփական ուժերով մեքենա և բնակարան ձեռք բերել։
2021 թվականի փետրվարի 8-ին զորակոչվեց հայոց բանակ : Դպրոցից հետո չհասցրեց բարձրագույն ընդունվել, մտադիր էր բանակից վերադառնալուց հետո ընդունվել Ագրարային համալսարանի գինեգործության բաժինը։ Ցանկանում էր գինետուն բացել։
Նախնական ծառայության է անցել Վայքի զորամասում, 1 տարի ծառայելուց հետո տեղափոխվել է քաղաք Ջերմուկի զորամաս։ Միշտ ասել է «Բանակը տղու համար է, բայց լավ տեղ չէ...»
Շատ կամակոր զինվոր է եղել , միշտ չի ընդունել վերադասների կոպիտ պահվածքը զնվորների նկատմամբ ու միշտ կոնֆլիկտներ է ունեցել վերադասների հետ զինվորների ու իր նկատմամբ ոչ տեղին նկատողությունների համար։
2022 թվականի սեպտեմբերի 13-ին կեսգիշերից սկսվեցին կրակոցները։ Նույնիսկ մինչև վերջ չի ցանկացել զանգել տուն ու անհանգստացնել ծնողներին։ Վերջում հասկանալով պահի լրջությունը զանգել է հայրիկին ու հույս է տվել, որ ամեն բան լավ է լինելու թող տնեցիները չանհանգստանան։ Դիրքում բոլորը մտերիմ ընկերներ էին, հատուկ էին հավաքվել այդ դիրքում, որ բոլորով միասին լինեն ու երդվել էին չլքել դիրքը ինչ էլ որ պատահի։ Այդպես էլ եղավ, տղաներից ոչ ոք չվերադարձավ, որ գոնե պատմի այդ գիշերվա հերոսական սխրանքի մասին։ Բայց Ջերմուկում բոլորը գիտեն 113-րդ դիրքի տղաներին և ամեն անցորդին պատմում են նրանց քաջագործության մասին։