Անդրանիկ Սուրենի Աղաջանյան․ ծնվել է 1991թ․սեպտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Կոռնիձորի Ա․ Բալասանյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2008թ․ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ամուսնացած էր՝ ուներ երկու դուստր։
2012թ․ ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո ծառայության է անցել Ջրականում։ Անդրանիկը շտապում էր՝ նրան շատ երկար էր թվում լեյտենանտից գեներալ ճանապարհը։ Ընտանիք կազմելու հարցում էլ էր շտապում՝ պիտի ինստիտուտն ավարտելուն պես ամուսնանար, որ ծառայողական առաջին նշանակման վայր տեղափոխվեր կնոջ հետ։
Լուրջ եւ մարդասեր սպա էր կապիտան Աղաջանյանը։ Մայրը հիշում է, թե ինչպես էր մի զինվոր լաց եղել ու ասել․ «Ես Աղաջանյանի զինվորն եմ եղել, հայր չունեմ, նա ինձ համար հայր է եղել»։
2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ․․․ Անդրանիկ Աղաջանյանը Ջրականից դուրս է բերում ընտանիքը՝ տեղավորում առաջնագծից հեռու մի գյուղում, զանգահարում տուն, ծնողներին խնդրում գնալ եւ դուրս հանել կնոջն ու երեխաներին, ինքը վերադառնում է Ջրական։
Հոկտեմբերի 3-ին զանգահարում է տուն՝ ասում, որ ինքը Կարմիր Շուկայում է՝ վիրավորներ է բերել, հետո մի զինվոր պիտի պատմեր, որ կապիտան Աղաջանյանն էլ է վիրավոր եղել, բայց զենքը՝ որպես հենակ հողի մեջ խրելով, մնացել է իր զինվորների կողքին։
Վերջին անգամ զանգահարել է տուն հոկտեմբերի 5-ին, ասել, որ ծանր մարտեր են, որ ինքը կռիվ է տալիս, հորդորել էր կնոջն ու ծնողներին՝ իր աղջկան՝ Միլային, դպրոց տանել, քանի որ պատերազմը հաստատ երկար է տեւելու։
Հերոս հրամանատարի ու յոթ զինվորի մարմինները հայտնաբերվեցին որոնողական աշխատանքների արդյունքում․․․
«Զոռով եմ գտել, իմ տղային, մի դրոշ են ինձ տվել ու մի յաշիկ․ տղաս ամբողջ Ջրականի կամադիրն է եղել»
Անդրանիկ Աղաջանյան․ հայոց հողի եւս մի նվիրյալի մասին, որ նահատակվեց
Փախչելու շատ շանսեր ուներ, բայց հայրենիքին նվիրված էր․ զոհված սպայի մայր