Արման Արսենի Ղազարյանը ծնվել է 2001թ.-ի սեպտեմբերի 22-ին, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում:
Տղան սովորել չէր սիրում, բայց հակառակ դրան՝ 9 տարեկանից հունահռոմեական ըմբշամարտի էր հաճախում: Արմանը 14 տարեկանից հաճախել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ։ Ուսումը պետք է շարունակեր բանակից վերադառնալուց հետո:
2019թ.-ի դեկտեմբերի 20-ին զորակոչվել է բանակ: Ծառայությունից չէր բողոքում: Բանակում շատ հարգված էր բոլորի կողմից՝ անգամ հրամանատարների։ Ծառայում էր Մատաղիսում ու այնտեղ հայտնի էր «Բառեց Արման» կեղծանվամբ։
Կրտսեր սերժանտը տիրապետել է 7 զինատեսակի, ճանաչվել է «Լավագույն դիրքի ավագ», ստացել՝ «Լավագույն զինվոր մարզիկ» շքանշան. «Արմանի պատվոգրերն ու շքանշանները կռվից հետո մնացել են Մատաղիսի զորամասում՝ իր զորամասային հագուստին ամրացված»։
Արմանը շատ մաքրասեր էր, տուն մտնելիս՝ պետք է ամեն բան իր տեղում լիներ: Բանակից ուղարկած ամեն նկարի մեջ երևում էր իր մաքրությունը ու կոկիկությունը։ Անգամ 3 զինվորական համազգեստ է ունեցել. մեկը զորամասի համար, մեկը դիրք բարձրանալու համար, իսկ մյուսը՝ զինվորական արձակուրդի համար:
Արմանը չէր հանդուրժում, երբ մի փոքր թույլ տղաներին նեղացնում էին, նա միշտ պաշտպանում էր նրանց։ Նա երբեք չէ հանդուրժում սուտն ու կեղծավորությունը։
Արմանը միշտ ծնողներին ասում էր, որ քույրկին պետք է ամեն ինչով ապահովեն, որ լավ զգա իրեն:
Արմանը ձեռքին դաջվածք ուներ՝ Մարիամ Աստվածածնի պատկերով: Բարեկամի կինը մի օր հարցրել է, թե ինչ նշանակություն ունի այդ դաջվածքը, իսկ Արմանը ասել է. «Մայրս է՝ Մարիամ Աստվածածինը, իսկ տակի աղավնին քույրիկս է»։
Անին եղբոր համար օծանելիք էր գնել ու ուղարկել զորամաս ու ծառայակից ընկերները պատմում են, որ Արմանը սրվակը միշտ պահում էր սրտի գրպանում ու երբ մի անգամ շփոթվել, աջ գրպանն է դրել, միանգամից ասել է. «Վա՜յ, քույրիկիս նվերն ա, պիտի սրտիս մոտ պահեմ»:
Սեպտեմբերի 22-ին Արմանի ծննդյան օրն էր։ Այդ առիթով մատաղ է արել զինակից ընկերների հետ, իսկ սեպտեմբերի 25-ին բարձրացել է դիրքեր՝ մարտական հերթապահության. Վերջին անգամ ծնողների հետ խոսել է սեպտեմբերի 26-ին։ Հայրիկին ասել է, որ քրոջն ու մայրիկին լավ նայի, իսկ սեպտեմբերի 27-ին եղբոր դիրքի ուղղությամբ թշնամին ակտիվ գրոհ է սկսել տանկերով ու ԱԹՍ-ներով:
Ծանր դիմադրությունից հետո Արման Ղազարյանը անհավասար մարտերում՝ 6 ժամ անձնվիրաբար պայքարել ու նույն օրը ժամը 12:30-ին անմահացել է: