Շաբաթ, Ապրիլի 27, 2024
Շաբաթ, Ապրիլի 27, 2024
Էդուարդ Չիչյան

Էդուարդ Չիչյան

2001-06-22 - 2020-10-10

Ծնվել է 2001թ հունիսի 22-ին՝ առավոտյան ժամը 4։00-ին, Երևանում՝«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը։ Հինգ  տարեկանում՝ 2006 թվականին, Էդուարդն ընդունվում և մինչև 2014 թվականը սովորումէ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում:

2017 թվականի ամռանը Էդուարդը «Կրթություն Պրահայում» ծրագրի շրջանակներում Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում մասնակցեց ագլերենի կատարելագործման մի ծրագրի, որի ընթացքում աչքիընկավ պատասխանատվության բարձր զգացումով, տարիքով իրենից փոքրերի նկատմամբ առանձնահատուկ հոգատարությամբ և անգլերենն արագ յուրացնելու կարողությամբ: Ծրագրի ավարտին նրան շնորհվեց հավաստագիր:

2018 թվականի ամռանը Էդուարդը նույն ծրագրի շրջանակներում մասնակցեց անգլերենի մեկ այլ դասընթացի, որն այս անգամ տեղի էր ունենում Միացյալ Արաբական Էմիրությունների Աբու-Դաբի քաղաքում:

Դպրոցն ավարտելուց հետո Էդուարդը հանձնեց ընդունելության քննությունները և հաջողությամբ ընդունվեց ու հրամանագրվեց Հայ-Ռուսական համալսարանի «Կառավարում» ֆակուլտետում։ Դրան անմիջապես հաջորդեց պարտադիր զորակոչը, և Էդուարդը, հավատարիմ մնալով հայրենիքի պաշտպանության համար ծառայելու իր պարտքին, զորակոչվեցՀՀ ՊՆ բանակ։ Առաջին վեց ամիսը ծառայում էրՀՀ ՊՆ Լուսակերտի ուսումնական զորամասում, որտեղ սովորեց և գերազանց տիրապետում էր ԲՄ-21 Գրադ տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգին:

ՀՀ ՊՆ Լուսակերտի ուսումնական զորամասում ծառայությունն ավարտելուց հետո Էդուարդը ծառայության  անցավ  ՀՀ ՊՆ Կապանի զորամասում։

Էդուարդն պատերազմի օրերին գտնվում էր Արցախի հարավում` Մեխակավանում (Ջաբրայիլ), որտեղ մասնակցում էր հերթական զինավարժություններին։

Պատերազմի առաջին օրվանից Էդուարդը ամենաթեժ կետերում մասնակցել է կատաղի մարտերին` բարձր մակարդակով կատարելով իր առջև դրված մարտական խնդիրները, ինչի մասին են վկայում իր մարտական ընկերների և հրամանատարների վկայությունները։ «Առյուծի պես էր կռվում»,- փաստում է հրամանատարը: Նույնիսկ թշնամու կողմից անհավասար պայքարում իրեն կցագրված զենքի ոչնչացումից հետո, շարունակեց պայքարը` օգնելով իր զինակիցներին` զենքի և զինամթերքի մատակարարման, լիցքավորման և սպասարկման հարցերում:

Պատերազմի ընթացքում Էդուարդն ընդամենը մի քանի անգամ է հասցնում տուն զանգահարել: Նրա պատրաստակամությունը, քաջությունն ու ոգևորությունը հիացնում էր:

27-ը սեպտեմբերի.
- Էդո ջան, ի՞նչ վիճակա։
- Կռվում ենք, մա՛մ։
- ...
- Մա՞մ, մա՛մ ջան, մի՛ լացի, դու չպիտի լացես։ Դու պիտի հպարտանաս, որ դու կռված տղա ունես: Մի մեքենա դրանց վրա դատարկել եմ ու հլը շատ եմ դատարկելու:
30-ը սեպտեմբերի.
-Մա՛մ ջան, «ստեղ սաղ տոչնիա». սնունդ կա, զենք կա։ Հեսա, որ վերջանա, գալու եմ տուն: Կարոտել եմ: Էնքա՜ն պատմելու բան ունեմ։ Հիմա չեմ կարա, կգամ, կպատմեմ:
2-ը հոկտեմբերի.
- Մա՛մս, ծնունդդ շնորհավոր, առողջ լինես, միշտ`ուրախ ու տենց պինդ։ Կներես` երկար չեմ կարա խոսամ։ Կզանգեմ`հենց հարմարացնեմ։

            Էդուարդի զինակից ընկեր Արմանը, ում հետ նա վերջին 5 օրերին գտնվում էր նույն թաքստոցում, պատմում է. «Այսպիսի պատերազմ չէինք տեսել նույնիսկ ամենածանր և դաժան պատերազմական կինոնկարում: Այնտեղ չկար մեկը, ով հավատար, որ տուն է վերադառնալու: Շատ ծանր բաներ ենք տեսել, ու բոլորս գիտեինք, որ մեր զոհվելու հերթն էլ է գալու»: Փաստորեն, չհավատալով սեփական  խոսքերին, Էդուարդը կարողացել է մորը հանգստացնել և լավատեսական ու ոգևորիչ տրամադրությամբ խոսել՝ նրա բնական անհանգստությունը փարատելու համար: 

Էդուարդի բարձր պատասխանատվության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ նա մինչև վերջին շունչն իր մոտ է պահել իրեն կցագրված, բայց արդեն ոչնչացված գրադ համակարգիբանալին՝ անձամբ զեկուցելու և հանձնելու նպատակով: Մարտական ընկերների հավաստամամբ, երբ զորամասը նոր ՀԿՌՀ(Գրադ) է ստանում, բայց վերջինս Էդուարդին չի տրամադրվում, նա նեղվում է, որ ինքը չի կիրառելու այն և չի շարունակելու իր մասնագիտացման շրջանակներում ապահովել հայրենիքի պաշտպանությունը: Նա հավատարիմ էր իր առաքելությանը, պատրաստ էրշարունակելու պայքարը և նախընտրում էր գտնվել ամենավտանգավոր և թեժ կետերում՝ թշնամու անմիջական հարվածի տակ:

2020 թվականի հոկտեմբերի 9-ից լույս 10-իգիշերը՝ պատերազմի 14-րդ օրը, Էդուարդը, իր մի քանի զինակից ընկերների հետ համատեղգիշերային հերթապահություն էր իրականացնում՝ ապահովելով այդ պահին թաքստոցներում գտնվող իր մյուս ընկերների հանգիստը։ Առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում թշնամու անօդաչու սարքի հարվածը նրա համար դառնում է ճակատագրական։

2020 թվականի հոկտեմբերի 10-ին լույսը չի բացվում Էդուարդի համար: Նա զոհվում է և անմահանում հանուն հայրենիքի պաշտպանության` 19 տարեկան հասակում` թողնելով կիսատ իր բոլոր երազանքներն ու ծրագրերը և անամոք խոր վերքեր առաջացնում իր ծնողների, հարազատների, ընկերների և ուսուցիչների սրտերում։

Էդուարդ Չիչյան

Էդուարդ Չիչյան

2001-06-22 - 2020-10-10
Ծնվել է 2001թ հունիսի 22-ին՝ առավոտյան ժամը 4։00-ին, Երևանում՝«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը։ Հինգ տարեկանում՝ 2006 թվականին, Էդուարդն ընդունվում և մինչև 2014 թվականը սովորումէ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: