Ֆրունզե Ռուբենի Արշակյանը ծնվել է 1996 թվականի մարտի 16-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Սովորել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում։ Ապա ուսումը շարունակել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում։ Շատ ընդունակ ու պարտաճանաչ էր։ Բարձրագույն կրթություն ստացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, մասնագիտությամբ ճարտարապետ ֊դիզայներ էր։ Շատ նպատակասլաց ու աշխատասեր էր։
Ցանկանում էր ուսումնասիրել տեղի ճարտարապետությունը, խորանալ դիզայնի ասպարեզում, ստուդիան աշխատեցնել։ Նրա մեծ նպատակը ստուդիան էր, աշխատակիցներ ունենալը, ճանաչված լինելը։ Դժվարությամբ, սակայն իր համառ ու կամային բնավորության շնորհիվ, միշտ հասնում էր իր նպատակներին։ Զբաղվում էր ինտերիեր, էքստերիեր դիզայնով, ուներ իր սեփական խանութ ֊սրահը Աբովյանում։
Ծառայությունը անցկացրել է Ջրականում, որպես շատ հայրենասեր, կարգապահ ու շատ օրինակելի զինծառայող։
Մասնակցել է 2016֊ի Քառօրյա պատերազմին, վերադարձել հաղթանակած «Վազգեն Սարգսյանի» անվան մեդալով։ 2020֊ի դաժան պատերազմին, նա արդեն մեկ անգամ անցել էր պատերազմի թեժ բովով, վճռեց կրկին մասնակցել, օգնության հասնել զինվորներին ու իր գիտելիքները, փորձը ծառայեցնել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։
Կամավորագրվել է հենց պատերազմի հաջորդ օրը ու միանգամից մեկնել առաջնագիծ։ Հերոսաբար մարտնչել է պատերազմի թեժ կետերից մեկում Հադրութում, օգնել վիրավոր ընկերներին ու անմահացել հոկտեմբերի 10֊ին, հանուն հայրենիքի փրկության։
Ցուցաբերած արիության ու խիզախության համար արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։
Աբովյանի թիվ 2 դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է Ֆրունզեի անվամբ։
Պատերազմից հետո Ֆրունզեի ծնողները ուժ են գտել ու նորից զավակ լույս աշխարհ բերել, նրան տվել են Հենրի անունը։ Նա մի փոքր կսփոփի ծնողներին։ Փոքրիկը մեծանալով կիմանա, թե ինչպիսի հերոս եղբայր է ունեցել։
Ձեզ բացակա չենք դնի․ Ֆրունզե Ռուբենի Արշակյան
