Ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գնդապետ, Քառօրյա և 44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ (փոխնախարար), Արցախի հերոս Հովհաննես Սոսիկի Ավագյանը ծնվել է 1973 թ. նոյեմբերի 30-ին Երևանում՝ Սոսիկ Ավագյանի և Անժելա Ղազարյանի ընտանիքում: Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, ուներ մեկ քույր՝ Անուշ Ավագյանը։
Սովորել է Գ. Մահարու անվան թիվ 176 դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։ Զուգահեռաբար հաճախել է ֆուտբոլի պրոֆեսիոնալ մարզումների, կիթառի դասընթացների, մասնակցել է բազում օլիմպիադաների և բարձր ցուցանիշներ գրանցել։
Ավարտել է 4 բարձրագույն ուսումնական հաստատություն։
1990-1995 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ և վարկերի բաժնում, ավարտել է կարմիր դիպլոմով։ 1995-1996 թվականներին սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավարտել է կարմիր դիպլոմով։ Ավարտելով ռազմական համալսարանը՝ 1996-2001 թվականներին ծառայել է Մատաղիսում, Թալիշում, Ստեփանակերտում` դասակի հրամանատարից հասնելով մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնի։ 2000 թվականին ամուսնացել է Ինեսսա Դանգալյանի հետ։ Ունեն երեք դուստր՝ Նելլի, Մանե և Էվելինա Ավագյանները։
2001-2003 թվականներին սովորել և լավագույն արդյունքներով է ավարտել Մոսկվայի Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 2003-2004 թվականներին աշխատել է է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ որպես բաժնի պետ։ 2004-2008 թվականներին եղել է Վանաձորի N զորամասի շտաբի պետ, 2008-2011 թվականներին՝ Վարդենիսի N զորամասի հրամանատար, իսկ 2011-2013 թվականներին՝ Բերդի N զորամասի հրամանատար։ 2013-2017 թվականներին եղել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ։ 2017-2019 թվականներին սովորել է ռազմական նշանակության բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում և այն ավարտել ոսկե մեդալով։ 2019-2020 թվականներին եղել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ։ 2020 թվականից ծառայության է անցել ԱՀ ՊԲ-ում՝ որպես հրամանատարի տեղակալ (փոխնախարար)։ 2020 թվականի հուլիսին ՊԲ փոխհրամանատար նշանակվելուց հետո նա իր ամբողջ ներուժը դրեց Արցախի բանակաշինության մեջ և մինչև վերջ մնաց Արցախի կողքին՝ մինչև վերջին շունչը։
2020թ. 44-օրյա պատերազմը սկսվելուն պես Հովհաննես Ավագյանը շտապել է Մատաղիս։ Մասնակցել է թեժ մարտերի, շրջափակման մեջ ընկել կամավորների հետ, բայց իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ողջ և առողջ դուրս եկել՝ փրկելով զինակիցներին:։
Մասնակցել է նաև Մարտակերտի, Ջրականի, Հադրութի, Մարտունու, Շուշիի համար մղվող մարտերին։
Զինակից ընկերներն ու ականատեսները պատմում են, որ փոխնախարարը, չնայելով իր պաշտոնին և դիրքին, զենքը ձեռքին համառ պայքար է մղել թշնամու դեմ և զոհվել զինվորի կողքին, նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում թշնամու արձակած «муха» զենքի կրակից։
Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում` Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար Հովհաննես Ավագյանն արժանացել է Արցախի հերոսի կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե Արծիվ» մեդալով:
Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած երկարամյա ավանդի ընթացքում Հովհաննես Ավագյանը պարգևատրվել է նաև ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, «Մարտական ծառայություն», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Ծովակալ Հ. Ս. Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի, «ՀՀ զինված ուժեր 20 տարի», «Հայրենիքի պաշտպանության համար ՂՊՎՍ», «Հաղթանակ», «Զինվոր հայրենյաց», «ԵԿՄ 20 տարի», «Մայրական համագործակցության համար» մեդալներով, Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա մեդալով, ««Ազատագրում 1988-1994» և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալներով, «За отличное окончание Военного вуза» ՌԴ ԶՈՒ կողմից ոսկե մեդալով և «Ուսման գերազանցիկ» ՀՀ ՊՆ կողմից շքանշանով:
Հայրենիքին սիրահարված սպան իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Արցախի բանակաշինությանը։ 44-օրյա պատերազմից բացի՝ նա իր ուրույն մասնակցությունն է ունեցել նաև 2016թ. 4-օրյա պատերազմին:
Արցախի համար այդ օրհասական օրերին գնդապետ Ավագյանը նորից Արցախի կողքին էր։
2021 թվականի հունվարի 27-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ի պատիվ լեգենդար հերոսի, բացվել է լսարան։
«Արցախի հերոս» Հովհաննես Ավագյան
ՊԲ հրամանատարի տեղակալ Հովհաննես Ավագյանը զոհվել է 2020թ․ նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում