Ծնվել է 1996 թվականի ապրիլի 23֊ին։ Երեք դուստրերից հետո Հովակիմյանների ընտանիքում ծնված միակ արու զավակն էր, բոլորի լույսն ու ուրախությունը։
2002- 2014թթ. ընթացքում սովորել է Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո դիմել է Արմենակ Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտ, մի քանի միավորի տարբերությամբ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, բայց որոշել է մեկնել ծառայության․ «Իմ ուզածը չի, ավելի լավ ա գնամ բանակ...»:
Վիճակահանության ժամանակ հարազատները վախեցած սպասել են, թե իրենց անհամբեր Հուսոն որ ամենադժվար, ամենավտանգավոր տարածքն է ընտրելու։ Ու ընտրել էր Մեխակավանը (Ջաբրայիլ)։ Մինչև ծառայության մեկնելը տան բակում իր ձեռքով մատուռ էր կառուցել, կնքվել այդ մատուռում ու հետո նոր մեկնել։ Երբ Ապրիլյանին կողքին ընկած արկը չէր պայթել և հրաշքով էր ողջ մնացել, բոլորն ասում էին՝ էս մատուռն է մեր Հուսոյին փրկել։
Ծառայության ընթացքում միշտ աչքի է ընկել իր խիզախությամբ, տոկունությամբ, անձնվիրումով, մի քանի անգամ արժանացել է շնորհակալագրերի, պատվոգրերի։ Զորամասի Փրկիչն էր, այդպես էին ասում նրան բոլորը՝ Հուսոն չլինի, կորած ենք․ ամեն ինչից գլուխ է հանում։ Հրետանավոր էր։ Վերանորոգել էր վաղուց արդեն շարքից դուրս եկած ԿՌԱԶ մակնիշի մեքենան ու դրանով նաև վարորդություն էր անում։ Նրա ծառայակից ընկերները պատմում են, թե ինչպես է կարողացել ամբողջությամբ ավերակ մեքենան ոտքի կանգնեցնել, թե ինչպես է կարողացել գլուխ հանել բոլոր զինատեսակներից։
Խիզախ պատանին ծառայության մեջ էր, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Իր զինակից ընկերների հետ անցել է պատերազմի ամենադաժան ու սարսափելի փորձությունները՝ միշտ ու ամենուր կրկին աչքի ընկնելով իր քաջությամբ, համարձակությամբ։ Դիրքի հրամանատարն անընդհատ բողոքում էր, որ ամեն ինչ իր վրա է վերցնում։ Պատերազմի ծանր օրերին հրամանատարը զայրացել էր, ասել՝ ա՛յ տղա, որ կողմ նայում եմ, դու ես, մի բան կա՞, որ դու չանես։ Տեղդ նստի՛ր էլի, ես քո մորն ու հորն ի՞նչ պատասխան պիտի տամ։
Ապրիլյանի օրերին հրաշքով էր ողջ մնացել, երբ արկն ընկել էր նրա ու վառելանյութի բաքի արանքում ու չէր պայթել։ Զորացրվելուց հետո հաճախ է պատմել այդ հրաշքի մասին։ 2016 թվականի ամռան վերջին՝ երկու ամիս ուշացումով է զորացրվել:
2016 թվականին զորացրվել է՝ ՊՆ-ի կողմից ստանալով Ապրիլյան պատերազմի մարտական գործողությունների մասնակցի հավաստագիր:
Զորացրվելուց հետո մի քանի ամսում արագ յուրացրել էր խոհարարական արվեստի շատ նրբություններ ու, իր տաղանդը դրսևորելով, առաջ էր գնում։ Մի քանի տարվա մեջ հասցրել է աշխատել Երևանի լավագույն ռեստորաններում, Մոսկվայում։ Ամեն տեղ ասում էին՝ ոսկե ձեռքեր ունես։ Ուզում էր Ֆրանսիայի խոհարարական բարձրագույն համալսարանում սովորել։
Պատերազմի հենց առաջին օրը զինվորագրվել էր։ Ընկերոջ տանն է եղել։ Գիշերվա կեսին զանգել են, ասել՝ Հուսիկ Հովակիմյանը Դու՞ք եք, մի քանի հարց ունենք։ Ասել է՝ ես եմ, հիմա գալիս եմ, ու անջատել է հեռախոսը։ Վազելով հասել է տուն, վերցրել դրոշը, որը գնել էր հենց նույն օր՝ սեպտեմբերի 27-ին։ Հմոզված էր, որ հաղթելու է ու հաղթանակով տուն դառնա․․․ Զգույշ դուրս էր եկել տնից՝ վախենալով արթնացնել հաշմանդամ ծնողներին։ Բակում ընկերներն ասել են՝ գոնե մորդ ասա։ Արթնացրել է մորն ու ասել՝ քեզ լավ կնայես, մա՜մ ջան, մինչև գամ․․․ «Զգույշ կլինես, բալե՜ս․․․», - ասել է մայրն ու չի հասցրել գոնե վերջին անգամ գրկել իր լույս զավակին։
Գնաց պատերազմի հենց երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28֊ի լուսաբացին, ստիպելով Արտաշատի զինկոմիսարիատի աշխատակիցներին, որ իրեն էլ ուղարկեն։ Ասել են՝ էլ հետևակային պետք չէ։ Չէ՛, ասել է, ես վարորդ էլ կլինեմ։ Տեսել են, որ պրծում չկա, զինգրքույկն են փնտրել, չեն գտել, ասել են՝ տղա ջան, գնա՛, հետո կկանչենք։ Պնդել է, ինքն էլ նրանց հետ փնտրել է գրքույկը գիշերվա կեսին։ Գտել են, տեսել, որ Ապրիլյանի մասնակից է, աշխատակիցներից մեկը, երևի խղճալով մորը, ասել է՝ տուն գնա, ավտոբուսն արդեն շարժվում է, հետո կկանչենք։ Վազել է, չլսելով ընկերներին, աշխատակիցներին, վերջինը խցկվել ավտոբուսն ու մեկնել Գորիս, այնտեղից՝ Ջաբրայիլ, այն չարաբաստիկ հողը, որը նորից կանչում էր։
Սեպտեմբերի 28-ից մինչև հեկտեմբերի 10-11-ը կռվել է Ջաբրայիլում։
Հոկտեմբերի առաջին օրերի Ջաբրայիլի ծանր մարտերի ժամանակ մեկ հրանոթի կողքին էր, մեկ խրամատում, մեկ գրոհի պատրաստ խմբի մեջ, մեկ վարորդ էր, մեկ՝ հրամանատար․․․ Դեռ Ապրիլյանի օրերին էր հրամանատարը բողոքել, որ ամեն ինչ վերցնում է իր վրա։ Իր անհավանական սխրանքների շնորհիվ փրկվածները երբեք չեն մոռանա Հուսոյին՝ անվախ, քաջ, խիզախ ու միշտ լավատես։ Ուժեղ գրոհներից մեկի ժամանակ երկու հոգով՝ ինքն ու կամավորական Էդգարը, միայնակ պահել են դիրքը, երկու հոգով շարունակել են կռիվը, վահան դարձել թշնամու գրոհող զորքի դեմ, որ դիրքի տղաները նահանջեն։ Տղաներն առաջնագծի իրենց դիրքում մնացել են մենակ: Դիրքապահների մի մասը զոհվել են, մյուսները՝ փախել կռվի դաշտից: Տղաներն ընկել են շրջափակման մեջ, ո՛չ միայն պահել են դիրքը, դիմացել թշնամու գրոհներին, հրետանու հարվածներին, այլև հակադարձ հարվածներ են հասցրել։ Նրանք երկու հոգով, թշնամուն շփոթեցնելու նպատակով, անընդմեջ տարբեր զենքերից ու զինատեսակներից կրակ են բացել թշնամու ուղղությամբ՝ մոլորեցնելով հակառակորդին: Թշնամին այդ ուղղությամբ անընդմեջ գրոհներ է կազմակերպել, հրետանային հարվածներ հասցրել դիրքին, փորձել գրավել այն, բայց դիրքի պաշտպան քաջերը թույլ չեն տվել: Միայնակ կռիվ են տվել թշնամու դեմ, մինչև ողջ զինամթերքը սպառվել է: Գիշերով կրակոցների տակ մի կերպ իջել են դիրքից:
Հադրութում շարունակել է կռիվը, 630 հոգով ընկել են շրջափակման մեջ, մի կերպ, 4-5 օր շրջափակման մեջ լինելուց հետո, մի մարդու նման, առանց կրակոցի կարողացել են դուրս գալ ու նոր դիրք զբաղեցնել; Հադրութում էր, երբ հարազատները զանգեցին, որ ասեին՝ մայրդ ծանր է, սիրտը չի դիմանա, գոնե մի քանի օրով տուն արի։ Զանգել էր տուն. «Մա՛մ ջան, լավ ես, չէ՞, պինդ ես, չէ՞։ Ես դավաճան չեմ դառնա, մա՛մ, կռիվը պրծնի, կգամ, մա՛մ, դիմացի...»։
Վերջին դիրքը եղել է Հադրութի «Թութակներ» կոչվող դիրքը:
Հոկտեմբերի 21-ին դիրքում ծանր վիրավոր են ունեցել՝ լեյտենանտ Սարգիս Մանուկյանը: Ոչ ոք ռիսկ չի արել նրան հոսպիտալ հասցնել: Էդգարը փորձել է հետ պահել ընկերոջը, բայց Հուսոն հակադարձել է. «հո չեմ թոնի՝ արյունաքամ լինի»: «Հո չեմ թողնի, որ արյունաքամ լինի․․․»,- հակադարձել է պատերազմի սարսափներից քարացած զինակիցներին, որոնցից ոչ մեկը խիզախություն չի ունեցել դիրքից իջնելու, և իր ամուր, տաք բազուկներով գրկել է իրենից ընդամենը մեկ տարով փոքր վիրավորին, դրել է շտապօգնության մեքենան ու իջել Հադրութի գլխի դիրքից, բայց այդպես էլ Մարտունու հոսպիտալ չի հասել… Նրա հետ դիրքից հոսպիտալ են իջել նաև երկու 19-ամյա վիրավոր զինծառայողներ՝ Սենիկ Խուրշուդյանը և Լյուդվիգ Ավդալյանը:
Ճանապարհին մեքենան շրջափակման մեջ է հայտնվում: Հուսոն մինչև վերջին շունչը պայքարում է վիրավորների կյանքի համար։
Թշնամին օրեր շարունակ պետական հեռուստալիքներով տեսանյութեր էր հրապարակում ու հայտարարում, որ դիպուկահարի, դիվերսիոն խմբի է սպանել։ Քաջաբար մարտնչած տղաների մարմինները թշնամին տեղափոխել է հատուկ վայր և առանձին֊առանձին՝ քաջերին հատուկ պատվով հողին հանձնել։
Անվախ քաջորդու մարմինը դեկտեմբերի վերջին փոխանցվել է հայկական կողմին և Հայոց հողին հանձնվել հունվարի 24֊ին։
24 օր հերոսաբար կռված խիզախ, անկոտրում, անձնվեր ու անձնազոհ երիտասարդի մարմինը հարազատները գտան ուղիղ 3 ամիս անց՝ 2021 թվականի հունվարի 21֊ին և հողին հանձնեցին Եռաբլուրում։
Ձեզ բացակա չենք դնի․ Հուսիկ Գրիգորի Հովակիմյան
Դիմացի՛ր, մա՛մ ջան, կռիվը պրծնի՝ կգամ. Հուսիկ Հովակիմյան
Նոր հուշակոթող՝ Արցախյան պատերազմի հերոս Հուսիկ Հովակիմյանի հիշատակին