Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Լեւոն Գրիգորյան

Լեւոն Գրիգորյան

2001-05-05 - 2020-10-12

ԼԵՎՈՆ ՄՀԵՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի (Ցոր) «Լեգենդար» գնդի հրետանային դասակի 1-ին հրանոթի հաշվարկի մեխանիկ-վարորդ` Լևոն Մհերի Գրիգորյան։ Ծնվել է 2001թ.-ի մայիսի 5-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Սովորել է Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում։

Լևոնի սերն ու համակրանքը այնքան մեծ էր մեքենաների նկատմամբ, որ ավագ դպրոցին զուգահեռ սովորել է նաև Սիսիանի ավտոդպրոցում։ Նա ընտանիքի միակ արու զավակն էր։ Ապրում էր հոր, մոր և երկու քույրերի հետ քաղաք Երևանում։ Հայրը, որ հաճախ էր լինում արտերկրում, ցանկանում էր Լևոնին ազատել զինվորական ծառայությունից, բայց նա կտրականապես հրաժարվել էր, ասել, որ  «ղզիկ չի», կփախչի օդանավակայանից, պարտավոր է և պետք է հայորդուն վայել ծառայի հայրենիքին։

  Լևոնը 2019թ.-ի հուլիսի 9-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Ստեփանակերտի ՊԲ 8-րդ պաշտպանական (Ցոր) զորամասում` որպես մեխանիկ-վարորդ։ 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում` իր երդմանը հավատարիմ մնալով, ակտիվ մասնակցություն է ցուցաբերել, իրեն դրսևորել գերազանց կողմերով, ամուր է պահել մեր կրակային դիրքերը։ Բացի վարորդական պարտականություններից` կատարել է իր առջև դրված մարտական խնդիրները` օգնելով հաշվարկի անձնակազմին, մարտ վարելով հակառակորդի դեմ։ Թշնամուն պատճառել է մեծաթիվ կորուստներ` խոցելով նշանակետեր, զրահատեխնիկա, կրակային դիրքեր, տասնյակից ավելի հետևակ։ Կռվի առաջին օրից եղել է թեժ կետերում` Վազգենաշեն, Ջրական, Վարանդա, Արա լեռ, Հադրութ, Ջուվառլու, որտեղ վիրավորվել է ոտքից, բայց շարունակել է պայքարն իր մարտական ընկերների հետ միասին։ Լևոնը Ցորի 1-ին մարտկոցի 21 քաջ հրետանավորներից է, ովքեր հոկտեմբերի 12-ին Ջուվառլուի 9-րդ կմ կոչվող հատվածում իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի` հակառակորդի մեծաթիվ զորքի դեմ արիաբար մարտնչելով։

Ընտանիքը ինը ամիս մեծ հույսերով սպասեց, որ Լևոնը կա, որ տուն է գալու։ Ավաղ, նա չեկավ, ևս մեկ հայորդի էլ բռնեց հավերժի ճանապարհը։    

Լևոն Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել հուլիսի 2-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում զինվորական արարողակարգով։ Աճյունը հողին է հանձնվել հուլիսի 3-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Նոյեմբերի 2-ին Ցորի 1-ին մարտկոցի 11 հայորդիների հետ միասին նորից փոխանցեցին Լևոնի մասունքներից` թարմացնելով ու կրկնապատկելով ընտանիքի ցավն ու տառապանքը։

 Բազում երազանքներ անկատար թողեց, այդպես էլ չհասցրեց զգալ քեռի դառնալու քաղցրությունը։ Քույրերի որդիները մի օր անպայման պատմության էջերում կկարդան իրենց քեռու մասին և կհպարտանան նրա հերոսական արարքներով։

 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Լևոն Մհերի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով և «Մարտական խաչ 2-րդ աստիճան»-ի շքանշանով։              

Լևոնի մայրը կարծում է, որ իր հերոսը և նրա ընկերները կան ու ապրում են ավելի լուսավոր պատմության մեջ, գեղեցիկ մի հեքիաթում, որտեղ վերագտել են իրենց՝ երկրում մարած ժպիտները։

https://www.youtube.com/watch?v=JV0WjbLGiKI

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02UgnvLZdBUTrLnMEdGXvaAbbnLbZyuWewq4cyaS3Te9vKgjf1Gwg62rMS2hmrvmUTl&id=100023168708955&sfnsn=mo

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0VNexXm15m4mwyvZjHChckGZj9fpSEvZRWCPCavBFviG7c1DmSE84msL9puDX6qJyl&id=100023168708955&sfnsn=mo

 

Լեւոն Գրիգորյան

Լեւոն Գրիգորյան

2001-05-05 - 2020-10-12
Պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի (Ցոր) «Լեգենդար» գնդի հրետանային դասակի 1-ին հրանոթի հաշվարկի մեխանիկ-վարորդ` Լևոն Մհերի Գրիգորյան։ Ծնվել է 2001թ.-ի մայիսի 5-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Սովորել է Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում։