Օնիկ Հովսեփյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 1-ին, Մարտունի քաղաքում։ Սովորել է Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում, որին զուգահեռ հաճախել է Մոնթեաբերդի Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոց՝ դհոլի բաժին. այն ավարտել է գերազանց։ Այնուհետև ընդունվել է Արցախի պետական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժինը։ Բուհն ավարտելուց հետո աշխատել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության Մարտունու բաժնում։
Օնիկը 2016 թվականին մասնակցել է ապրիլյան պատերազմին։ Հենց առաջին օրվանից էլ կամավորագրվել էր և իր ընկերների հետ մեկնել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Չնայած նա կցված էր այլ գործի, բայց եղել է նույնիսկ առաջնագծում։ Ասում էր՝ պիտի կռվենք ու հաղթենք, մեր հողը պաշտպանենք։ Նա այլոց նման չնախընտրեց տաքուկ անկյուններ, ապաստարաններ, այլ հայրենիքի շահը վեր դասեց ամեն ինչից։ Իրենից կախվածն արեց՝ օգնելով բոլոր բոլորին։ Նա նվիրվող էր։ Այն ամենը, ինչը նա անում էր, պիտի լիներ անթերի, գեղեցիկ, տարբերվող. գրագետ կազմակերպում էր ցանկացած գործ։ Կարողանում էր իր շուրջը համախմբել աշխատասեր, կիրթ ու գրագետ մարդկանց։ Շատ էր սիրում ընտանիքը. նրա համար մեր ընտանիքն իր հպարտությունն էր, ուրախությունը։ Ուժեղ ոգու տեր անհատականություն էր, կենսուրախ։ Նա կամակատար չէր, չէր սիրում քծնանքն ու շողոքորթությունը։ Սիրում էր հաղթանակներ տոնել, ուրախությունների մասնակցել, գեղեցիկ ոճային հագնվել՝ առավել ևս սպիտակ շորեր։ Նա խաղաղասեր էր. Ցանկանում էր՝ Արցախը լիներ հարատև ազատ և անկախ։ Ասում էր՝ այնքան արյուն է թափվել Արցախյան պատերազմի ժամանակ, մարդկանց ճակատագրեր են խեղվել, ու խաղաղ պայմաններում էլ էլի զոհեր ենք ունենում, ինչու՞...Միթե չի կարելի վերջ դնել այս ամենին և ապրել անկախ։
Երբ սկսվեց 2020 թվականի Արցախյան աշնանային պատերազմը, Օնիկը միանգամից ընկերների հետ կամավորագրվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ «Պատերազմի առաջին իսկ օրերից մինչև վերջին օրը Օնիկը Մարտունիում էր։ Նրան 5 օրով արձակուրդ էին տրամադրել, բայց չի օգտագործել, ասել է, բա որ բոլորս դուրս գանք, ով է պահելու մեր հայրենիքը։ Ընկերները նրան հրամանատար էին ասում, որովհետև պատերազմի դժնդակ օրերին կարողանում էր ճիշտ կողմնորոշվել։ Նոյեմբերի 8 -ի լույս 9-ի գիշերն էր, մենք ժամանակավոր Երևանում էինք ապրում։ Նոյեմբերի 9-ը Օնիկի քրոջ ծննդյան օրն է։ Օնիկը զանգել է և ասել. «Թուրքերը եկել են, որ մեր տարածքում իբրև դրոշ տեղադրեն, ես ու իմ ընկերները ետ ենք շպրտել, դե դա էլ քո ծննդի նվերը։ Ես քեզ ամենալավ բաներն եմ ցանկանում»։
Ժամեր անց մեզ տեղեկացրել են, որ նա հերթական թեժ մարտի ժամանակ անմահացել է հանուն հայրենիքի։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող, պահեստազորի շարքային Օնիկ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Հերոսի ծննդյան 33-ամյակի առթիվ` Հայաստանի Հանրապետության «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ-ի կողմից պարգևատրվել է «Մոնթե Մելքոնյան» մեդալով։ Օնիկի հարազատ եղբոր՝ Սիմոնի և հերոսի ընկերների համատեղ նախաձեռնությամբ հուշաղբյուր և խաչքար են տեղադրել Մարտունիում։ Սրտացավ ընկերներից՝ Սպարտակ Ավագյանը Օնիկի հիշատակին երգ է պատվիրել։
Մոնթեաբերդի հերոսը՝ հավերժ մեր սրտերում.Օնիկ Հովսեփյան
Ձեզ բացակա չենք դնի․ Օնիկ Ջամբուլաթի Հովսեփյան
