Սամվել Ստեփանի Պողոսյան, ծնվել է 2001թ.-ի հոկտեմբերի 7-ին, Շիրակի մարզի Լանջիկ գյուղում, պարզ ու հասարակ մի ընտանիքում:
Սամվելն ընտանիքի կրտսեր զավակն էր, քույր ու եղբորը հաջորդող: Թեպետ, դա էր պատճառը, որ Սամվելն ընտանիքում մշտապես ուշադրության կենտրոնում էր:
Հայրենիքի այն բացառիկ զավակներից էր, ով սիրել է իր հայրենի հողն ու ջուրը, իր գյուղն ու տունը, իր Լանջիկը: Մանկուց աչքի է ընկել իր բարությամբ ու ընկերասիրությամբ: 2007թ.-ին ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցը: Սիրելով արհեստը, 2016թ.-ին ընդունվել է Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանը, ցուցաբերել բարձր առաջադիմություն:
2020թ., ավարտելով ուսումնարանը, զորակոչվել է ծառայության Հայոց բանակում, որն ընթացել է Ստեփանակերտի Ցոր լեգենդար հրետանու դիվիզիոնում:
2020թ սեպտեմբերի 27, Սամվելն ընդամենը երկու ամիս է ինչ ծառայում է հայկական բանակում: Արցախն ամբողջությամբ կրակի մեջ է: Ավերվում են գյուղերն ու քաղաքները, մարդիկ փախուստի դիմած լքում են իրենց տներն, ամենուր լսվում են թնդանոթների և արկերի պայթյունների դղրդյունը: Արցախի պաշտպանության անձնուրած գործն իրենց վրա են ստանձնում հայ զինվորները, որոնց թվում՝ նաև Սամվելը: Զինակից ընկերների հետ Սամվելը տեղափոխվում է Հադրութ, որտեղ ընթանում են թեժ մարտեր և, որի արդյունքում տղաները թշնամուն զգալի կորուստներ են հասցնում:
Վերջին զանգն ու զրույցը ծնողների հետ Սամվելն ունեցավ հոկտեմբերի 10-ին՝ կարճատև հրադադարի և զինակիցների հանգստի ժամանակ: Այն տևեց ընդամենը երկու օր: Պատերազմը նոր թափ առավ և նոր կորուստներ բերեց...
Հոկտեմբերի 12-ին Սամվելն իր ընկերների հետ միասին հերոսաբար կռվեց ու քաջ մարտիկի մահով անմահացավ:
Ականատեսները վկայում են, որ մեր անվախ մարտիկը հրետանային զենքը փոխարինելով ինքնաձիգի, պայքարեց մինչև վերջին շունչը՝ թշնամու դիվերսիոն անհավասար ուժերի դեմ:
Պատերազմի ավարտից մեկ տարի անց, Ցորի հրետանավոր քաջ տղերքը տուն «դարձան»՝ ամփոփվելով մայր-հողում: 2021թ. դեկտեմբերի 4-ին Սամվելի աճյունը հողին հանձնվեց իր սիրելի Լանջիկում, հայրենի գյուղում:
Սամվել Պողոսյանը հետմահու պարգևատրվում է Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով: Սամվելը հավերժ կմնա բոլորիս սրտերում ու հուշերում: Մենք նրան երբե՛ք բացակա չենք դնի: