Սարգիս Սլավիկի Յաղուբյանը ծնվել է 2001թ․-ի սեպտեմբերի 18-ին՝ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։
Ութ տարի զբաղվել է կարատեով, մի շարք մրցումների է մասնակցել` զբաղեցնելով մրցանակային տեղեր։ Խելացի էր, բայց սովորելու հետ առանձնակի սեր չուներ և սովորություն ուներ՝ միշտ ուշանալ դասերից։
Կենսուրախ, շատ ակտիվ անսպառ հումորի տեր երիտասարդ էր: Շատ խելացի տղա էր, բայց ավելի շատ զբաղվում էր սպորտով։ Ռազմագիտոություն առարկան էր շատ սիրում, դասընկերների հետ բազմիցս մասնակցել է օլիմպիադաների ու գրանցել հաջողություններ և՛ մարզային, և՛ հանրապետական փուլերում։ Նաև երգում էր, բայց ոչ բոլորի մոտ։
Ե՛վ ֆիզիկապես էր շատ ուժեղ, և՛ կամքով, չէր վախենում ոչ մի բանից։
Դպրոցն ավարտելուց հետո՝ ուզում էր Բերդի ուսումնարաններից մեկում սովորել, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց։ Ռեպ էր կարդում, ցանկանում էր ստուդիա գնալ ու ձայնագրվել, բայց դա էլ չհասցրեց։
Ուսումն ավարտելուց հետո՝ 2020թ․-ի հունվարին, Սարգիսը մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) զորամասերից մեկում։ Մասնագիտությամբ հրետանավոր էր։ Համավարակով պայմանավորված՝ ընդհանրապես զինվորական արձակուրդ չի եկել։
Արցախյան 44-օրյա պատերազմի սկսվելու սկզբում Սարգիսը Մարտակերտում է եղել, հետո տեղափոխել են Մարտունի․ ուղիղ երեսունհինգ օր կռվել է։
Վերջին անգամ հոկտեմբերի 28-ին է կապ հաստատել ընտանիքի հետ:
Սարգիսը միշտ աչքի էր ընկնում իր ակտիվությամբ։ Զինվորական մասնագիտությանը տիրապետում էր լավ, ինչ էլ որ չգիտեր՝ ձգտում էր միշտ սովորել։ Պատերազմի ժամանակ՝ բոլոր նկարների ու տեսանյութերի մեջ Սարգիսը միշտ ժպիտով էր։ Զոհվելու դեպքի օրը՝ մեքենայով գնում էին, անսարքություն առաջացավ, մի քանի վայրկյան կանգնել են և այդ ընթացքում հակառակորդի անօդաչու թռչող սարքը հարվածել է մեքենային։
Սարգիս Յաղուբյանը զոհվել է 2020թ․-ի նոյեմբերի 1-ին, հուղարկավորված է հայրենի Արծվաբերդի գերեզմանատանը։
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած կամային բարձր որակների, անմնացորդ նվիրումի համար` հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։
Ձեզ բացակա չենք դնի․ Սարգիս Սլավիկի Յաղուբյան