Վահե Լեւիկի Ղարիբյանը ծնվել է 1988 թվականի հունվարի 18-ին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Քասախ գետի աջափնյակում գտնվող Կարբի գյուղում։
Վահե Ղարիբյանը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտ էր:
Պատերազմի ընթացքում Վահեն Ջրականի զորամասերից մեկի դեղագետն էր: Ծառայում էր Ագարակի զորամասում, սակայն պատերազմի սկսվելուն պես՝ սեպտեմբերի 28-ին, շտապել էր առաջնագիծ՝ փոխարինելու Ջրականի բժիշկ-գործընկերներին:
Վահեի ընկերը՝ Նարեկ Ռեհանյանի խոսքերով Վահեն հերոս է:ր, վախ չուներ. ասում էր. «Վախս Աստված է, ինչի՞ց վախենամ»:
Վահեն զոհվել է արկի հարվածից հոկտեմբերի 5-ին, երբ նետվել էր փրկելու 18-ամյա վիրավոր զինվորի կյանքը: Վահեի հետ աշխատող բուժքույրը պատմել է, որ 2 օր շարունակ վիրավորներ են տեղափոխել դիրքերից:
Վահեն միշտ շտապում էր առաջնագիծ՝ վիրավորներին օգնելու: Երբեմն նույնիսկ չեզոք գոտիներում էր հայտնվում՝ առաջին բուժօգնություն ցույց տալու համար: Փրկեց շատերի կյանքը, սակայն իրենը փրկել չհաջողվեց. Վիրավոր զինվորը, հանուն որի նա կյանքը զոհեց, այդ պահին փրկվեց, բայց մեկ շաբաթ անց նա էլ մահացավ հոսպիտալում:
Վահեն շատ աշխատասեր էր, սեփական դեղատնային ցանցն ուներ, զբաղվում էր նաեւ գյուղատնտեսությամբ, մեծ այգիներ ուներ հայրենի Կարբի գյուղում: «Կյանքի կարևոր երազանքն արդեն իրականացել էր. մեծ սիրո վրա հիմնված ընտանիք ունի՝ հիասքանչ կին, որը նույնպես դեղագետ է, և հրաշք տղա՝ 1,8 ամսական Լեւոնը: 2 ամիս էր մնացել զորացրվելուն, դեկտեմբերի 28-ին Վահեն պիտի զորացրվեր», պատմել է Նարեկը: Զորացրվելուց հետո ընկերոջն էր խոստացել օգնել դեղատնային ցանց բացելու գործում:
Վահեի կինը՝ Հելեն Սայադյանը, ասում է, որ Վահեն սիրող ամուսին էր եւ հոգատար հայր: «Միաժամանակ հպարտ եմ, որ նա, իր կյանքը գիտակցաբար նվիրելով հայրենիքին, օրինակ դարձավ շատերի համար: «Մահ իմացյալ անմահություն է». այս տողերն ինձ համար այժմ, ավելի քան երբեւէ, հասկանալի եւ առարկայական են: Ցանկանում եմ որդուս մեջ սերմանել այն բարձր եւ վեհ արժեքները, որոնք կրում էր իր մեջ հայրը՝ Վահեն», - ասել է հերոսի կինը: